|
Փոխարժեքներ
25 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Շտապօգնությունը մեծ դժվարությամբ է հասել դեպքի վայր, քանի որ որոշ վարորդներ անգամ լսելով շտապօգնության ձայնային ազդանշանը, չէին փորձում ճանապարհ տալ։
Վթարի հետևանքով դեպի Երևան ընթացող ճանապարհահատվածին մոտ 4 կմ խցանում էր առաջացել, քանի որ վթարված ավտոմեքենաներից 3-ը հայտնվել էին ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Lamborghini Urus»-ը բախվել էր ծառին։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունը և քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Վիրավորներից անչափահասը տեղափոխվել է Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն։