կարևոր
619 դիտում, 59 րոպե առաջ - 2026-10-25 19:22
Աշխարհ

Ֆրանսիայում բախումների ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 1300-ը

Ֆրանսիայում բախումների ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 1300-ը

Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 1314-ի։

Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը։

Ըստ իշխանությունների տվյալների՝ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում 53 ոստիկան է վիրավորվել, գրանցվել է հրդեհի 75 դեպք, իսկ 24 խանութ թալանվել է։

Պաշտոնական տվյալներով՝ ողջ երկրում ցույցերին մասնակցել է 410 000 մարդ։ Մինչդեռ արհմիությունները պնդում են, որ ցուցարարների թիվը հասել է 800 000-ի։

Փարիզում, Մարսելում, Լիոնում և այլ քաղաքներում բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Իրավապահ ուժերը կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Բողոքի ակցիաների կազմակերպիչները կոչ են արել հոկտեմբերի 31-ին անցկացնել նոր ցույցեր, իսկ նոյեմբերի 5-ին՝ համազգային գործադուլ։

Հիշեցնենք՝ բողոքի ցույցերը սկսվել են Ֆրանսիայում սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց էին դուրս եկել ավագ դպրոցականները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը: Ավելի ուշ նրանց միացան երկրում գների աճից դժգոհ քաղաքացիները, ակցիաները տարածվեցին մյուս մարզերում և երկրներում:

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև իտալական մի շարք քաղաքներում հոկտեմբերի 17-ին և 18-ին: 

Ալբանիայում ցուցարարները պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը:

Բողոքի խոշոր ակցիաները կրկնվել են հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայում, Իտալիայում, Ալբանիայում, ցույցեր են անցկացվել նաև Բելգիայում և Իսպանիայում: