կարևոր
598 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 17:50
Իրավական

Արշակ Սրբազանը չի մասնակցի դատական նիստերին․ դատարանը թույլատրեց նրան այցելել բժշկական հաստատություններ․ «Փաստինֆո»

Արշակ Սրբազանը չի մասնակցի դատական նիստերին․ դատարանը թույլատրեց նրան այցելել բժշկական հաստատություններ․ «Փաստինֆո»

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, այսօր կայացել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հանրային մեղադրողը թվարկեց ապացույցները, որոնք, ըստ իրեն, նշանակություն ունեն վերդիկտի կայացման համար և դատարանում պետք է հետազոտվեն, այդ թվում՝ ուսապարկի (որում թմրանյութ է հայտնաբերվել) զննության արձանագրությունը, վկաների հարցաքննությունը, հեռախոսային կապերի վերաբերյալ տվյալները և այլն։

Պաշտպան Արսեն Բաբայանը, սակայն, նկատեց՝ յուրաքանչյուր կողմ, ներկայացնելով ապացույցը, պետք է նշի, թե ապացույցը կոնկրետ ինչ փաստական հանգամանք է հաստատում, օրինակ, այժմ լսում է, թե վկաների ցուցմունքները և գրավոր ապացույցները պետք են, որ գնահատեն վկաների ցուցմունքների արժանահավատությունը։

«Թող հանրային մեղադրողը ներկայացնի՝ որ վկայի ցուցմունքը ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում, որ գրավոր ապացույցը ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Մենք ցուցմունքների արժանահավատության հարց չենք քննարկում»,- ասաց նա։

Հաջորդիվ պաշտպանը միջնորդեց՝ խնդրելով Արշակ Սրբազանին թույլատրել ՝ չմասնակցելու դատական նիստերին։

«Բնականաբար, երբ որ գա իր անմիջական մասնակցության անհրաժետությունը, կմասնակցի նիստերին»,- ասաց պաշտպանը։

Միջնորդությանը միացավ նաև Սրբազանը։ Դատարանը բավարարեց այն։ Դատարանում քննարկվեց նաև խափանման միջոցի հարց, որի շրջանակներում պետք է քննարկվեր առողջական վիճակի հետ կապված հարցեր, ուստի, այդ մասով դատական նիստն ընթացավ դռնփակ ռեժիմով։ Դատական նիստի ավարտից հետո Արսեն Բաբայանը հայտնեց, որ միջնորդությամբ խնդրել էր Սրբազանի առողջական վիճակով պայմանավորված՝ թույլ տալ այցելել որոշակի բժշկական հաստատություններ, որոնք Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս են։

«Ես խնդրեցի իմ միջնորդությունը քննել դռնփակ, քանի որ բժշկական փաստաթղթեր պետք է հետազոտվեին, որով պայմանավորված դատարանին խնդրի թույլատրել Սրբազանի առողջության վերականգնման, պահպանման նպատակով որոշակի բժշկական հաստություններ, որոնք Վաղարշապատ համայնքից դուրս են, այդտեղ բուժումներ ստանալ»։Դատարանն այս միջնորդությունը ևս բավարարել է։

Արշակ Սրբազանը, հիշեցնենք, ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ ԱԱԾ-ի կողմից՝ ՔԿ շենքից դուրս գալիս։ Թե ինչի համար էր պետք այդ շոուն, որ ՔԿ շենքում ԱԱԾ-ն է ձերբակալում,գիտեն թերեւս մտահղացման հեղինակները։ ՔԿ-ն պաշտոնապես հաղորդեց, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

Մինչդեռ, ինչպես պարզվել է, խոսքը ոչ թե Սրբազանի կողմից իրացման մասին է, ինչպես ի սկզբանե փորձ էր արվում շահարկել, այլ՝ Սրբազանը մեղադրվում է 2018թ․ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց դնելու հրահանգ տալու մեջ, ինչը պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ անհեթեթություն է։ Ըստ դատարան ուղարկված գործի՝ 1.4 գ. թմրանյութը տեղադրվել է Հայկ Առաքելյանի ուսապայուսակում, իսկ թմրանյութն իբրև տեղադրել է սարկավագներից մեկը՝ այլ անձանց հետ, ինչից հետո, իբրև, զանգել է ոստիկանություն՝ հայտնելով կասկածելի իրերի մասին և ուղարկել պայուսակի լուսանկարը։

Նշենք, որ Արշակ Սրբազանը կալանավորված է եղել 2025թ. դեկտեմբերի 5-ից՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ և միայն 2026թ. մարտի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ Արշակ Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխվել է, կիրառվել է վարչական հսկողություն։