կարևոր
1390 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-05 12:11
Քաղաքական

ՀՅԴ ՆԱՈՒՄ պատմական առաքելություն

ՀՅԴ ՆԱՈՒՄ պատմական առաքելություն

Դեռևս Խորհրդային Միության տարիներին, հակառակ բոլոր դժվարություններին, սովորելու նպատակով Մերձավոր Արևելքի երկրներից Հայաստան եկած և այստեղ հաստատված բազմաթիվ դաշնակցական ուսանողներ կային, որոնք հիմնականում իրար չէին ճանաչում և չէին բացահայտում իրենց դաշնակցական լինելը։

1990 թ. սկզբից՝ Դաշնակցության ընդհատակյա գործունեության շրջանում, անհատ ուսանողներ սկսում են համալրել Դաշնակցության շարքերը։ Մինչև սեպտեմբեր դաշնակցական ուսանողների շարքերը ստվարանում են։ Արդեն սեպտեմբերին որոշում է կայացվում հիմնադրել ուսանողական միություն։ Առաջին փուլում կազմակերպվում է սփյուռքահայ, ապա նաև ընդհանուր հավաքը։ Առաջին ընդհանուր հանդիպումը տեղի է ունենում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 220 լսարանում, իսկ միության հիմնադիր ժողովը գումարվում է հոկտեմբերի 19-ին ժողստեղծագործության կենտրոնում՝ օրակարգում ունենալով երեք հիմնական կետ՝ ուսանողական միության հիմնադրում, միության անվան ընտրություն և անդրանիկ վարչության ընտրություն։ Ըստ ընկերների հուշերի՝ միության անունը միանգամից է ընտրվում՝ առանց երկմտելու. «Նիկոլ Աղբալյան»։

Միությունը կոչելով Հայաստանի Առաջին Հանրապետության լուսավորության նախարար, Երևանի պետական համալսարանի հիմնադիր Նիկոլ Աղբալյանի անունով՝ ուղենշվում են նաև միության ընթացքն ու առաքելությունը։ Այս ճանապարհին, 1992 թ. Շուշիի ազատագրումից օրեր անց որոշվում է Շուշիի թեմական վարժարանի վերաբացման մասին՝ հենց թեմական վարժարանի շենքում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արամ Մանուկյանը սովորել է այդ վարժարանում՝ որոշվում է վարժարանը կոչել Արամ Մանուկյանի անունով։ Թեև, ցավ ի սիրտ, չի հաջողվում վարժարանը վերաբացել թեմական վարժարանի շենքում, ինչպես նախապես ծրագրվել էր, սակայն նույն տարվա սեպտեմբերին այլ շենքում Շուշիի թեմական վարժարանն իր դռներն է բացում սաների առջև։ Ուսանողական միության ընկերներից ոմանք գործուղվում են Արցախ՝ վարժարանում ուսուցչությամբ զբաղվելու։ Նրանց թվում էր նաև ներկայում ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը։ Երկար տարիների գործունեությունից հետո միությունը վարժարանը հանձնում է Արցախի Հանրապետությանը։

Այսպիսով՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը սկսում է իր գործունեությունը՝ շարքերում ունենալով 140 – 150 ընկերներ։

1990 թ. նոյեմբերին ձեռնարկվում է ՀՅԴ 100-ամյակին նվիրված միջոցառում, որտեղ էլ առաջին անգամ ընկերները ներկայանում են «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անունից։
Ուսանողական միությունը ակտիվորեն մասնակցում է նաև քաղաքական գործընթացներին։ 1991 թ. մարտին ստորագրահավաք, նստացույցեր, հանրահավաքներ են կազմակերպվում Գերագույն խորհրդի դիմաց՝ պահանջելով չեղարկել Կարսի և Մոսկվայի պայմանագրերը։ Այս նախաձեռնությունը շուտով վերածվում է համակուսակցական ձեռնարկի։ Հավաքվում է մոտ 15 հազար ստորագրություն, կազմակերպվում է բազմահազարանոց հանրահավաք։ Մեծ ճնշման շնորհիվ հրավիրվում է ԳԽ-ի փակ խորհրդակցություն, որին մասնակցում է նաև ուսանողական միության ներկայացուցիչը։

Միությունն ակտիվ գործունեություն է ծավալում նաև բուհերում։ Երևանի գրեթե բոլոր բուհերում ստեղծվում են ՆԱՈՒՄ-ի խմբեր։ Զուգահեռաբար հրատարակվում է «Ուսանող» թերթը, որը որոշ ժամանակ գործում է առանձին, ապա ներառվում է ՀՅԴ Հայաստանի կառույցի «Երկիր» օրաթերթում՝ որպես հավելված, որտեղ գաղափարական, ծրագրային, պատմական հոդվածներով ներկայանում են հենց ուսանողական միության անդամները։

Երբ որոշում է կայացվում Հայաստանում բուհական կրթությունը դարձնել վճարովի, ՆԱՈՒՄ-ի նախաձեռնությամբ ուսանողության շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրանում, որի ազդեցությամբ ժամանակի կրթության նախարարը որոշակի փոխզիջումների է գնում։

1991 թ. սեպտեմբերին ՆԱՈՒՄ-ի հիմքի վրա նախաձեռնվում է Դաշնակցության համահայկական ուսանողական առաջին համագումարը, որին մասնակցում են Սփյուռքում գործող Դաշնակցության բոլոր ուսանողական միությունների ներկայացուցիչները։

2000-ականներին ևս ՆԱՈՒՄ-ը ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալում՝ տարատեսակ թանկացումների դեմ պայքարից մինչև կառավարության հրաժարականի պահանջ։ Զուգահեռաբար ՆԱՈՒՄ-ը շարունակում է ակտիվորեն գործել բուհերում, բազմաթիվ ՆԱՈՒՄ-ականներ են ընդգրկվում համալսարանների ուսանողական խորհուրդներում և գիտական ընկերություններում։ Կազմակերպվում են ուսանողության խնդիրներին վերաբերող բազմաթիվ համաժողովներ, խորհրդաժողովներ։ Մեծ աղմուկ են բարձրացնում ուսանողության շրջանում համալսարաններում կոռուպցիայի վերաբերյալ անցկացված սոցիալական հարցումները, որոնց արդյունքների հրապարակումից հետո շատ լրատվականներ անդրադառնում են այս թեմային։

Խոսելով «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մասին՝ առանձնապես պետք է շեշտել ՆԱՈՒՄ-ականների մասնակցությունը ՝ Արցախյան ազատագրական պայքարին։ Մինչև ուսանողական ջոկատի կազմավորումը ռազմի դաշտում արդեն շատ ՆԱՈՒՄ-ականներ կային։ 1991 թ. ստեղծվում է ուսանողական ջոկատը, որի առաջին պատասխանատու է նշանակվում Արթուր Ղարիբյանը։ Հետագայում նրան փոխարինում են Արամ Պողոսյանը, Ապրես Զոհրաբյանը, Իգոր Սարգսյանը։ Տարբեր ժամանակներում ջոկատի կազմում ընդգրկվել են 60 – 70 ուսանողներ, որոնք եղան պատերազմի գրեթե բոլոր ճակատներում՝ Գետաշեն, Շահումյան, Հադրութ, Շուշի, Մարտակերտ, Ասկերան և այլն։ Դաշնակցության գումարտակի կազմում ուսանողականը մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմներին։ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ՆԱՈՒՄ-ը ունեցել է 8 զոհ՝ Արթուր Կարապետյան, Ներսես Բարբարյան, Գագիկ Գրիգորյան, Համլետ Հայրյան, Գրիգոր Գրիգորյան, Վահե Բաղդասարյան, Մհեր Ջուլհաճյան, իսկ 44-օրյա պատերազմում զոհվեց Կիմ Խաչատրյանը։ Այսօր զոհված նաումականների անուններն են կրում ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի խմբերը։ ՆԱՈՒՄ-ի մի շարք ընկերների անունները փառաբանվել և հռչակվել են իրենց հերոսական պայքարի համար։ Նրանք արժանացել են բազմաթիվ պարգևների ու շքանշանների։ Պատերազմած մեր հերոս ըկերների հիշատակին նվիրվել են գրքեր ու երգեր, նկարահանվել են ֆիլմեր։

Հավատարիմ մնալով իր գաղափարին և առաքելությանը՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր էլ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել տարբեր ուղղություններով՝ կրթական, սոցիալական, ազգային, քաղաքական և այլն։ ՆԱՈՒՄ-ը ակտիվ մասնակցում է երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, մշտապես պայքարի առաջին շարքերում է։ Նպատակ ունենալով երիտասարդության լայն շրջանակներին հիմնարար տեղեկություններ փոխանցել և ոգևորել նրանց առնվազն հետաքրքրվելու երկրում տեղի ունեցող հասարակական, քաղաքական իրադարձություններով՝ ՆԱՈՒՄ-ը կազմակերպում է «Հանրային քաղաքականության լսարան» քաղաքական ուսումնառության ծրագիրը, որի մի քանի փուլեր արդեն իսկ հաջողությամբ ավարտվել են՝ ունենալով մի քանի տասնյակ շրջանավարտներ։ Սկսած 2022 թ. կազմակերպվում է Թաթուլ Կրպեյանի անվան «Արցախյան ընթերցումներ» ամենամյա գիտաժողովը, որի ընթացքում զեկույցներով հանդես են գալիս ոչ միայն անվանի գիտնականներ, այլև բազմաթիվ ուսանողներ։ Մենք՝ ՆԱՈՒՄ-ականներս, ստանձնել ենք նաև թերևս ամենամեծ պատասխանատվությունը՝ հանրությանը և մասնավորապես ուսանողությանը ներկայացնելու մեր ընկերոջ՝ Կիմ Խաչատրյանի կյանքն ու անմնացորդ նվիրումը հայրենիքին։ Այս ճանապարհին երկու տարի անընդմեջ կազմակերպվում է Կիմի անունը կրող ամենամյա կրթաթոշակի մրցույթը։
ՆԱՈՒՄ-ի ստեղծումից ի վեր բազմաթիվ ՆԱՈՒՄ-ականներ պատասխանատու դիրքեր են զբաղեցրել և՛ պետական, և՛ կուսակցական կառույցներում՝ պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի գերագույն մարմնի անդամներ։

Որպես հայ երիտասարդներ, որոնք անտարբեր չեն հայրենիքում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, վստահ ենք, որ զույգ թշնամական պետությունների միջև մեր գոյությունը շարունակելու համար պիտի ապավինենք ազգային պետություն կերտելու տեսլականին։ Այս հանգամանքից ելնելով՝ առաջնահերթ ենք համարում «ազգային-առաջադեմ» կեղծ հակադրության կարծրատիպը կոտրելը։ Կասկածի տեղիք չի տալիս նաև այն համոզմունքը, որ հայ-թուրքական բարեկամություն հնարավոր է միայն հայկական կողմի՝ հաղթողի դիրքից ներկայանալու պարագայում. միայն մեր հաղթանակով է տարածաշրջանում հաստատվելու տևական և կայուն խաղաղություն. «իրավունքը ուժն է միայն»։ Մենք համոզված ենք, որ աշխարհում մեր տեղն ունենալու համար պարտավոր ենք կերտել ուժեղ պետություն, և մեր բոլոր քայլերն ուղղված են այդ նպատակին։ Եթե դիտենք պատմության ժապավենը, կտեսնենք, որ դաշնակցական երիտասարդը մասնակից է հայրենիքի համար կարևոր հարցերի շուրջ բոլոր քննարկումներին և պայքարի առաջամարտիկն ու նախաձեռնողն է։ Այս իմաստով ուսանողական միությունը ևս բացառություն չէ։ Այս մասին են վկայում վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ դեղին քարտերի հանրահավաքից մինչև «Դիմադրության» շարժում և ավելին։ Ստեղծման օրից ՆԱՈՒՄ-ը և ՆԱՈՒՄ-ականներն ահռելի պատմություն են կերտել։ Այս հոդվածը գրելիս զրուցել ենք աղբալյանական հիմնադիր սերնդի ընկերների հետ՝ նպատակ ունենալով ներկայացնել այդ պատմության հայտնի և անհայտ էջերը և ՆԱՈՒՄ-ը, առհասարակ, որն ազգային, պետականամետ մտածողության, երիտասարդ, հայրենասեր ու գործուն սերնդի իրական դարբնոց է։

Անահիտ Դանիելյան
ՀՅԴ ՆԱՈւՄ կենտրոնական վարչության անդամ

«Դրօշակ» թիվ 8, 2023թ