կարևոր
2521 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-25 11:21
Քաղաքական

Փաշինյանն անգործության մատնված ՀԽ-ն կօգտագործի նախկինների դեմ․ «Հրապարակ»

Փաշինյանն անգործության մատնված ՀԽ-ն կօգտագործի նախկինների դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Չնայած Հանրային խորհուրդը շուրջ 2 տարի է՝ անգործության է մատնված, սակայն իշխանությունը որոշել է նոր մարմին ստեղծել: ՀԽ-ն 2021-ի մայիսից չունի նախագահ, թափուր է 10 անդամի տեղ։ Կառույցից Փաշինյանին ուղղված նամակները մնում են անպատասխան: Իսկ ՀԽ-ն ստեղծվել է 2009-ին, մարտի 1-ի իրադարձություններից հետո Սերժ Սարգսյանը փորձեց լիցքաթափել լարված մթնոլորտը՝ ստեղծելով մի կառույց, որի իմաստը հասարակություն-իշխանություն խզված կապի վերականգնման իմիտացիա ստեղծելն էր:

Չնայած ՀԽ-ն օրենքով լայն լիազորություններ ունի՝ կազմակերպել հանրային լսումներ, քննարկել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ այլն, սակայն եթե կառույցը Վազգեն Մանուկյանի նախագահությամբ դեռ քիչ թե շատ աշխատում էր, նրան փոխարինած Ստյոպա Սաֆարյանի օրոք լրիվ կաթվածահար եղավ։ ՀԽ-ն 45 անդամ ունի, 15-ին, այդ թվում՝ նախագահին, նշանակում է ՀՀ կառավարությունը, մյուս 15-ին ՀԿ-ներն են նշանակում, ապա 30 հոգին ընտրում է եւս 15 անդամի։ Ըստ օրենքի՝ Փաշինյանը մինչեւ 2021-ի սեպտեմբերի 19-ը պետք է ՀԽ նախագահ նշանակեր, սակայն մինչ օրս չի նշանակել։ Հիշեցնենք․ ՀԽ-ն սահմանադրական մարմին է եւ միայն Սահմանադրության փոփոխությամբ կարող է լուծարվել։ Հիմա, Նիկոլ Փաշինյանը փոխանակ ՀԽ նախագահ նշանակի, որ կառույցը բնականոն գործի, նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է Հանրային խորհրդի շրջանակներում փաստահավաք հանձնաժողով ստեղծելու դրույթ մտցնել։ «Հանձնաժողովի գործունեության նպատակներն ու սկզբունքները» հատվածում գրված է. «Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումն ուղղված է նախեւառաջ 1991 թ. սեպտեմբերից մինչեւ 2022 թ. ներառյալ... տեղի ունեցած՝ մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը եւ ուսումնասիրմանը...»։

Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը եւ իրադարձությունները պետք է ներառեն հետեւյալ թեմաները. «Համապետական եւ ՏԻՄ ընտրություններ, հանրաքվեներ, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ, անձանց՝ սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումներ, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր, վերոնշյալ դեպքերի հետ փոխկապակցված այլ դեպքեր եւ իրադարձություններ»:

Փաստահավաք հանձնաժողովը լիազորված է անձից ստանալ տեղեկություններ, կազմակերպել այցելություններ, ցանկացած մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից օրենքով պահպանվող գաղտնիքի վերաբերյալ օրենսդրության սահմաններում պահանջել եւ ստանալ անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր` անկախ նյութական կրիչի ձեւից եւ տեսակից… պահանջել եւ ստանալ դեպքերի եւ իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ, պահանջել՝ անցկացնելու հետազոտություններ եւ տրամադրել եզրակացություններ՝ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ, ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական եւ կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները եւ որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաեւ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը եւ իրականացնելու այլ գործողություններ: 

Նախագծով նախատեսվում է, որ փաստահավաք հանձնաժողովն իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը եւ հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման եւ հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը: Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը ՀԽ հաստատումից հետո ներկայացվելու է կառավարություն եւ ԱԺ խմբակցություններին: 
Ակնհայտ է, որ Փաշինյանն իր իսկ կողմից 2 տարի կաթվածահար արված սահմանադրական կառույցը որոշել է աշխատեցնել` բացառապես ծառայեցնելով անձնական շահերին եւ նախկիններից վրեժ լուծելուն: Պարզ է, որ այս փաստահավաք հանձնաժողովը Մարտի 1-ի հանձնաժողովի (Անդրանիկ Քոչարյան, Սեդա Սաֆարյան) նմանությամբ փորձելու է ուսումնասիրության առարկա դարձնել անցյալը եւ մի նոր մահակ դառնալ նախկինների գլխին։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում