կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-24 19:57
Հասարակություն

«Սոցաշխատողները պետք է գնան մարդկանց ընտանիքներ, գնահատեն կարիքները, վեր հանեն խնդիրները»․ ինչո՞ւ են սոցաջակցության ծառայությունները անգործության մատնված

«Սոցաշխատողները պետք է գնան մարդկանց ընտանիքներ, գնահատեն կարիքները, վեր հանեն խնդիրները»․ ինչո՞ւ են սոցաջակցության ծառայությունները անգործության մատնված
Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած մի քանի մասնավոր դեպքեր ցույց տվեցին, որ սոցիալական աջակցության ծառայությունները անգործության են մատնված։
 
Մասնավորապես, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում սոցիալապես ծանր վիճակում հայտնված ընտանիքի նկատմամբ հսկողություն չի սահմանվել, սոցիալական աջակցության մարմինները, համայնքը չեն հետևել մտավոր խնդիրներ ունեցող ընտանիքի անդամների կենսագործունեությանը, արդյունքում տեղի է ունեցել ողբերգություն։
 
Հաշմանդամություն ունեցող Սերգեյ Գարուշյանը մոր մահից հետո մնացել էր միայնակ, չուներ օգնողներ հասարակ կենցաղային խնդիրները լուծելու համար, սակայն խնդիրը միայն լրատվամիջոցի անդրադառնալուց հետո լուծվեց, և Սերգեյը տեղափոխվեց Գյումրու տուն-ինտերնատ։
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Թադևոս Ավետիսյանը InfoPort.am-ի հետ զրույցում փաստում է, որ սոցիալական աջակցության մարմինների հիմնական առաքելություններից է պրոակտիվ ձևով աշխատել քաղաքացիների հետ։
 
«Նրանք պետք է գնան մարդկանց ընտանիքներ, գնահատեն կարիքները, վեր հանեն ու բացահայտեն խնդիրները։ Կարճ ասած՝ այդ մարմինները ոչ թե պետք է սպասեն, որ խնդիր հասնի իրենց և հետո միայն լուծում տան հարցին, այլ, այո, պետք է համագործակցելով պատկան տարբեր մարմինների հետ, տեղեկատվություն փոխանցելով, լուծում տան հարցին», - հավելում է պարոն Ավետիսյանը։
 
Նա նկատում է, որ իր նշած գործողությունների շղթան սահմանված է ոլորտի իրավական կանոնակարգերով, քանի որ որպես կանոն խնդիրը մինչև հասնում է պետական մարմնին արդեն մենք ունենում ենք կոնկրետ հետևանքներ։
 
«Շատ ավելի վատ է, երբ փորձում ես հետևանքները վերացնել, քան կանխարգելել։ Իսկ կանխարգելումը, այո, պահանջում է, որ կարիքի գնահատում տեղի ունենա և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի հայտնաբերում՝ այցելությունների միջոցով։ Չասեմ ամբողջությամբ, բայց հնարավոր է նման գործիքների կիրառմամբ ծանր դեպքերը կանխարգելել, վերացնել», - հավելում է փորձագետը։
 
Այդուհանդերձ, ներկայումս սոցիալական աշխատողները շատ չնչին աշխատավարձ են ստանում (մինչև 100 հազար դրամб խմբ․), հետևաբար նրանց մոտ շահագրգռությունն էլ է պակասում նման այցելություններ իրականացնել։ Մինչդեռ, սոցիալական աշխատանքը, ըստ Ավետիսյանի, բավական ծանր աշխատանք է և հոգեբանական մեծ ջանք է պահանջում։ Բացի այդ, նրա խոսքով, նրանց տրանսպորտային և այլ ծախսերի հատուցման ֆիքսված մեխանիզմներ չկան։
 
Մյուս ոլորտային խնդիրը, որ առանձնացնում է Ավետիսյանը, վերապատրաստումների հարցն է․ «Սոցիալական աշխատողի ինստիտուտը դեռ նոր է, և մասնագետները պետք է վերապատրաստվեն։ Այն գործիքները, որոնք մշակվել են նախորդ 7-8 տաչիների ընթացքում, կարողանան կյանքի կոչեն։ Շատ կարևոր է, որ սոցաշխատողները ունենան այնպիսի խորը, մեծ կարողություններ, հմտություններ, որ կարողանան ճիշտ շփվել մարդկանց հետ»։
 
Թադևոս Ավետիսյանն ընդգծում է, որ ոլորտային այս խնդիրը պետք է պետության մշտական ուշադրության կենտրոնում լինի։
 
«Սոցիալական աշխատանքը նպաստի տրամադրում չէ, և հիմնականը կանխարգելիչ գործառույթներն են, որը պետք է սկսվեն տնային այցելություններով, ինֆորմացիայի ստացումով, վերլուծումով և խնդիրներին լուծում տալով։ Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր, արդյունքներ նկատելի չեն։ Իհարկե, պոպուլիզմ կա, լսում ենք միայն հայտարարություններ կարևորելու մասին, բայց չենք տեսնում խնդիրների լուծման ձևերը։ Ոլորտը բարդ ոլորտ է և ամենօրյա պրոֆեսիոնալ համակարգում է պահանջում», - նշում է Ավետիսյանը։