կարևոր
2887 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-08 16:33
Հասարակություն

«Տիգրանակերտի իսլամացած հայերն այսօր» թեմայով բանախոսություն Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի փոխնախագահի կողմից

«Տիգրանակերտի իսլամացած հայերն այսօր» թեմայով բանախոսություն Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի փոխնախագահի կողմից

Արևմտահայաստանի և արևմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամը սույն թվականի օգոստոսի 10-ին, ժամը 14։00-ին կազմակերպում է հանդիպում Տիգրանակերտի (պաշտոնական անվանումը՝ Դիարբեքիր) Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի փոխնախագահ Օհաննես (Գաֆուր) Օհանյանի հետ։ Օհաննես Օհանյանը հանդես կգա բանախոսությամբ՝ «Տիգրանակերտի իսլամացած հայերն այսօր» թեմայով։

Օհաննես Օհանյանն այս օրերին գտնվում է Երևանում՝ Համահայկական 8-րդ խաղերին մասնակցելու նպատակով, որպես Դիարբեքիրից ժամանած պատվիրակության ղեկավար։ Սուրբ Կիրակոս եկեղեցում իսլամացած հայերի՝ ինքնության վերադարձի գործում կարևոր գործունեություն ծավալած Օհաննես Օհանյանը բանախոսության մասնակիցներին կներկայացնի Տիգրանակերտի հայության ներկայիս խնդիրներն ու դրությունը։

Ինչպես հայտնի է, Սուրբ Կիրակոս եկեղեցին 2011-2012 թթ․ վերանորոգումից և վերաբացումից հետո մեծ դեր է խաղացել և շարունակում է կատարել տեղի հայության՝ արմատներին վերադառնալու գործընթացում։ Տարիներ առաջ Սուրբ Կիրակոսում կազմակերպվել են նաև հայոց լեզվի դասերին, որի մասնակիցները 2014 և 2015 թթ․ հնարավորություն են ունեցել այցելել Հայաստանի Հանրապետություն և մասնակցել Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին։

2015 թ․ սկսված թուրք-քրդական ընդհարումների հետևանքով Սուրբ Կիրակոս եկեղեցին որոշ ժամանակաշրջան փակ էր հավատացյալների առաջ։ Այն նաև տուժել էր այդ հակամարտության պատճառով։ Սուրբ Կիրակոսը վերստին նորոգվեց ու վերաբացվեց 2022 թ․ մայիսին։ Այն դարձյալ դարձավ տիգրանակերտցի հայ համայնքի հավաքատեղի։ Հուլիսի 16-ին Սուրբ Կիրակոսում տոնվեց Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից Վարդավառը, որի առթիվ մատուցվեց նաև Սուրբ պատարագ։

Օհաննես Օհանյանը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կանդրադառնա այս բոլոր գործընթացներին և կպատասխանի ներկաներին հուզող հարցերին։ Մուտքն ազատ է։ Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։
Ամսաթիվ2023 թ. օգոստոսի 10, ժամը 14։00։

Հասցե՝ Գյուլբենկյան 38 (HSBC բանկի հարևանությամբ), 5-րդ հարկ։

Akunq.net