կարևոր
2119 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-31 15:29
Քաղաքական

Հաղթում է նա, ով գործում է

Հաղթում է նա, ով գործում է

Տարբեր քաղաքագետներ, գործող և նախկին քաղաքական գործիչներ հաճախ գրում են, թե Նիկոլ Փաշինյանը սխալվեց՝ այս կամ այն քայլն անելով, փորձ չուներ, ձախողեց բանակցությունները և այլն:

Մարդիկ, թերևս փորձելով մնալ քաղաքական կոռեկտության սահմաններում, այս ձևով խուսափում են ավելի կոշտ, միաժամանակ դիպուկ գնահատականներ տալ երկրի ղեկավարի գործողություններին:

Իրականում տվյալ գործունեության ընթացքին հետևելիս ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի ռազմավարական մոտեցումների և մարտավարական գործողությունների ողջ հետևողականությունն ու տրամաբանական շղթան: Եվ սա վերաբերում է ոչ միայն երկիրը ղեկավարելու ժամանակահատվածում նրա իրականացրած քայլերին, այլև քաղաքական ողջ գործունեությանը: Նա միշտ էլ դեմ է եղել Արցախի անկախության համար պայքարին, իսկ 2008 թվականին Արցախի հարցում զիջողական պլատֆորմով եղել է Լևոն Տեր-Պետրոսյան նախագահի թեկնածուի թիմի անդամ, մշտապես դեմ է եղել արցախցիներին և Հայաստանում նրանց քաղաքական պետական գործունեությանը, դեմ է եղել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերություններին և գործել է դրանց դեմ, մասնավորապես՝ պայքարելով ռուսական սահմանապահ և մնացած ռազմուժին Հայաստանից դուրս բերելու համար՝ գործակցել է նույն և նմանատիպ ծրագրերով Հայաստանում գործունեություն ծավալած արևմտյան պաշտոնական և առերևույթ անկախ կառույցների հետ: Նիկոլ Փաշինյանը մշտապես ընդդիմադիր գործունեություն է ծավալել հզոր Հայաստանի և Արցախի համար բազմավեկտոր քաղաքականություն իրականացնող ուժերի դեմ և, վերջապես, իր շուրջ խմբված մարդիկ ոչ միայն կրողն են եղել նույն գաղափարների, այլև մաս կազմելով արևմտյան պաշտոնական, սորոսական և այլ նախագծերի, հիշյալ ուղղություններով որոշակի աշխատանքներ են իրականացրել տարիներ շարունակ: Արտաքին, այդ թվում՝ թուրքական ազդեցությամբ, երիտասարդության այս շերտը նախապատրաստվել է որպես այն գունավոր հեղափոխությունների շղթայի մեկ օղակը, որոնք ծավալվեցին արաբական աշխարհից մինչև Միջին Ասիա, մասնատեցին Վրաստանը, գլխավորում են Ուկրաինայի համար կործանարար պատերազմը։

Այսօր արդեն շատերի համար է տեսանելի, որ Փաշինյանի արտաքին քաղաքականությունն ուղղված է երկու հիմնական նպատակների` վերջնականապես Հայաստանը ձերբազատել Արցախի խնդրից ու արցախցիների ճակատագրից, որից հետո ինքնաբերաբար տարածաշրջանից կհեռանան ռուս խաղաղապահները, իսկ այնուհետև Հայաստանի ղեկավարը կստորագրի մնացած ողջ ռուսական ռազմական ներուժի, մասնավորապես Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը վերահսկող ռուսական սահմանապահ ուժերի հետ եղած պայմանագրային պարտավորությունների չեղարկման մասին փաստաթուղթ: Այսինքն՝ Արևմուտքի թելադրանքով նա պետք է դառնա այն ղեկավարը, որը քաղաքական, իրավական քայլերով Ռուսաստանին պետք է դուրս մղի Հարավային Կովկասից: Եթե ինչ-որ մեկը կարող է մտածել, թե շարադրված դատողությունները Նիկոլին վարկաբեկելու կամ հանրությանը վախեցնելու համար են, խորհուրդ կտամ հիշել երկրի ղեկավարի տարբեր արտահայտություններն այն մասին, թե ՀԱՊԿ-ը մեզ ոչ միայն չի պաշտպանում, այլև իր ներկայությամբ ավելի մեծ վտանգներ է ստեղծում Հայաստանի համար, Հայաստանը դուրս չի գա ՀԱՊԿ-ից, բայց ՀԱՊԿ-ը կարող է դուրս գալ Հայաստանից, այնպես չէ, որ մեզ զենք առաջարկող ուրիշ պոտենցիալ դաշնակիցներ չկան, բայց նման գործարք հնարավոր չէ, քանի դեռ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ է մեր ռազմական համագործակցությունը և այլն:

Գոյություն ունի տեղի ունեցողը անխուսափելի գործընթաց համարող մտայնություն, ինչը հատուկ է Նիկոլի օրոք քաղաքագետներ դարձած տաքսու վարորդների, տնային տնտեսուհիների, հովիվների, ինչպես և կրթական ցենզ ունեցող «ծակ փիլիսոփաների» որոշակի շերտին: Ըստ վերջիններիս՝ Ռուսաստանը շարունակում է ամբողջովին իշխել խորհրդային նախկին մետրոպոլիայի տարածքում, ուրեմն և այն, ինչ կատարվում է Հայաստան-Արցախում և նրա շուրջ, տեղի է ունենում Ռուսաստանի գիտությամբ ու պարտադրանքով, անգամ 2020 թվականի պատերազմը և ռուսական ազդեցության ավանդական գոտում թուրքական ազդեցության տարածումը, Ադրբեջանի պոկվելը հավասարակշռության ռուսական բևեռից և ամբողջովին թուրքական ազդեցության տարածքի վերածվելը: Ռուսաստանին 200 տարվա իր ազդեցության գոտուց դուրս մղելու ադրբեջանաթուրքական և արևմտյան փորձերը տեղի են ունենում հենց ռուսների ցանկությամբ, եթե ոչ ռուս-թուրքական գործարքի համաձայն: Սրանից էլ բխում է, որ իր արարքների համար ոչ թե Նիկոլն է մեղավոր, այլ ռուսները և այն, ինչ տեղի է ունենում, անհնար է կասեցնել, որովհետև փոքր Հայաստանը ի զորու չէ խափանել ռուսների ծրագրերը։ Իսկ այն, որ վերջին տասնամյակներին ռուսական ազդեցության դաշտից պոկվեցին և արևմտյան գերիշխանության ներքո հայտնվեցին Վրաստանն ու Մոլդովան, միջինասիական թուրքացեղ հանրապետությունները ակտիվորեն կապերը սերտացնում են Արևմուտքի, Թուրքիայի, Չինաստանի և այլոց հետ` գրեթե ուղիղ համեմատությամբ հեռանալով ռուսական ազդեցության դաշտից, այն, որ խորհրդային նախկին Մերձբալթյան հանրապետությունները արևմտյան բևեռում կոշտ հակառուսական դիրքերում են ոչ միայն քաղաքականորեն, այլև ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին անդամակցությամբ, որ պրոթուրքական Ադրբեջանն այսօր արտաքնապես ատամներ է ցույց տալիս, իսկ ներքնապես ամբողջովին հակառուսական, հակահայկական և հակաիրանյան հիստերիայի մեջ է և, փաստացի, նախկին խորհրդային հանրապետություններից միայն Բելոռուսն է, որ գունավոր հեղափոխության ավերիչ հետևանքներից վախեցած՝ վերջին տարիներին ամբողջովին վերադարձավ Ռուսաստանի «ուղեծիր», սա չեն ցանկանում տեսնել կամ պետական քարոզչության ծխածածկույթի ետևում չեն նկատում մեր այն տնային տնտեսուհիները, տաքսու վարորդները, հովիվները, կրթական ցենզ ունեցողների, ինչպես և պաշտոնեության ու գործարարների այն շերտերը, որոնք վերջին հինգ տարիներին եղան «թավշյա» իշխանության հենարանը ու այսօր վերջիններիս գլխավորությամբ Արցախն ու Հայաստանը առաջնորդում են դեպի վերջնական կործանում:

Հասնելով այստեղ՝ անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ մեր ներկա ողբերգությունների հիմքում հայաստանյան հասարակության մտային, գաղափարական ու բարոյական անկումն է, ինչը սրընթաց կերպով տեղի ունեցավ անկախության երեք տասնամյակների ընթացքում: Նիկոլ Փաշինյանը բարձրացավ այդ ֆոնին և նվաճած բարձրության վրա կարող է մնալ միայն հասարակության անկման և անկման շարունակականության պայմաններում: Հասարակության արթնացումը, ազգային-քաղաքական մտքի վերազարթոնքն ու զարգացումը կանխորոշելու են Նիկոլի իշխանության խեղդամահ լինելը իր ձևավորած հակազգայնության, տգիտության և անբարոյականության ճահճում։ Այդ պատճառով էլ տվյալ երևույթների դեմ պայքարը Նիկոլի ներքաղաքական գործունեության առանցքն է: Մյուս կողմից՝ Նիկոլի նկատմամբ աճում է արտաքին ճնշումը՝ արագացնելու իր հակահայ պարտականությունների կատարումը։ Արևմուտքի մոտ աճում է այն համոզմունքը, որ ուկրաինական ճակատում Ռուսաստանին հաղթել չի կարող։ 2022 թ․ սկզբին ՀԱՊԿ-ը կասեցրեց միջինասիական առանցքային պետություն Ղազախստանում արևմտաթուրքական հեղաշրջման փորձը, և այժմ զգալի է Անդրկովկասի թևում Ռուսաստանի նկատմամբ ռևանշի հասնելու արևմուտքի ձգտումը։ Այս երևույթը վերջերս ակնառու դարձավ Վրաստանում, որտեղ օտարերկրյա ազդեցության գործակալների գործունեության թափանցիկությունն ապահովելուն ուղղված միանգամայն տրամաբանական օրենքի ընդունման նախաձեռնությունը հանդիպեց Արևմուտքի կատաղի հակազդեցությանը, երկրի ներսում հինգերորդ շարասյունը այնպիսի զանգվածային ալեկոծություն բարձրացրեց, որ ազգային ուժերը նոր գունավոր հեղափոխությունից խուսափելու նպատակով հրաժարվեցին իրենց նախաձեռնությունից։ Վրաստանը լավ օրինակ է՝ ինչպես ավելի քան մեկ տասնամյակ իշխանությունը պահող ազգային ուժերը փորձում են երկիրը դուրս բերել ադրբեջանաթուրքական և արևմտյան ազդեցությունից, սակայն նույն այդ ուժերը դա թույլ չեն տալիս (իհարկե, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում թուրք-արևմտյան կամակատարների իշխանությանը փոխարինած ուժերը վարում են ազգային շահերից բխող, հավասարակշռված քաղաքականություն․ չնայած մեծ ճնշմանը՝ նրանք նաև չմիացան հակաուկրաինական կոալիցիային)։

Հայաստանի նկատմամբ նման ակնառու ճնշում չի զգացվում շատ պարզ պատճառով՝ մեր երկրի իշխանությունները հպատակի հնազանդությամբ կատարում են Արևմուտքի, ինչպես և, առաջին հերթին, ադրբեջանցիների ու թուրքերի թելադրանքը։ Փաստ է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են կատարելու վերջիններիս ոչ միայն հողային և կոմունիկացիոն բնույթի պահանջները, այլև սկսել են պատմական ու ազգային հիմնարար արժեքներից հրաժարվելու գործընթաց, իսկ երկիր գնում-գալիս են արևմտյան անվտանգության ծառայությունների պատասխանատուները, կասկածելի օտարերկրացիներ վխտում են Հայաստանի սահմանային գոտիներում, այստեղից պետական բարձրագույն պաշտոնյաներ այցելում են նրանց կենտրոնները, և ակնհայտորեն Հայաստանը գտնվում է վերջիններիս աքցանի մեջ։ Ինչպես գրում են նաև օտար վերլուծաբանները, Հայաստանին սպառնում է բալկանացումը, այսինքն՝ նախապատրաստում են Հայաստանը վերածելու ծխացող բախման գոտու, և այդ հակամարտության նախերգանքը ակնառու է Արցախի ու Հայաստանի հասցեին հնչող կոշտ սպառնալիքների մեջ։ Իհարկե, արտաքին թելադրողների ու շահառուների նպատակը միայն փոքր Հայաստան-Արցախը չէ, այլև Ռուսաստանն ու Իրանը, միջինարևելյան և կենտրոնասիական հսկա տարածաշրջանին տիրելու գերուժերի դարավոր երազանքները։

Այլևս կույրը միայն չի տեսնի, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են վերջնականապես հանձնել Արցախն ու Հայաստանից այն տարածքները, որոնց հավակնում է Ադրբեջանը, թուրքադրբեջանական պահանջով բացել Զանգեզուրի թուրանական միջանցքը։ Այդ իշխանությունները հույս ունեն, որ եթե թշնամու ուզածները հանձնեն, վերջիններս թույլ կտան, որ իրենք շարունակեն հանգիստ իշխել երկրում։ Միաժամանակ Հայաստանի իշխանությունները երկրի անվտանգության երաշխիքները հայցում են Արևմուտքից։ Այս ողորմելի պահվածքով նրանք ամեն օր, որպես նշանաբան, թութակի պես կրկնում են ժողովրդավարությանը հավատարիմ լինելու մասին հանկերգը, երբ Արևմուտքը ողջ աշխարհում «թքել է» և՛ ժողովրդավարության վրա, և՛ ժամանակավոր օգտագործման ծառայող խամաճիկ ռեժիմների։

Եվ եթե ցայսօր պարտությունը մինչև վերջ հասցնելու Հայաստանի իշխանությունների ծրագիրը չի հաջողվում իրականացնել, պատճառն այն է, որ առայժմ, առանց իրավիճակը բախման աստիճանի սրելու, այդ ծրագրերը հաջողեցնում է ձախողել Ռուսաստանը։ Ռուսաստանն, անշուշտ, այդ բանն անում է՝ ելնելով իր շահերից։ Մենք չգիտենք, թե ի վերջո իր ոխերիմ բարեկամների հետ Հայաստանի հաշվին փոխզիջումների գնալու դեպքում ինչ են լինելու Ռուսաստանի նոր զիջումները։

Խոսելով առկա ճակատագրական վիճակը հաղթահարելու մասին՝ պետք է արձանագրենք, որ մոլորություն է ընդդիմության այն պատկերացումը, թե իշխանությունը հնարավոր է փոխել, եթե ողջ ժողովուրդը ոտքի կանգնի։ Որևէ շարժման կամ հեղափոխության ժամանակ ոտքի է կանգնում ժողովրդի մի քանի տոկոսը, իսկ հաղթանակն ապահովում է ողջ երկրում հեղափոխականների ստեղծած համաժողովրդական մթնոլորտը։ Հայաստանում այսօր գոյություն ունի համընդհանուր ատելության վիճակ, բայց ոչ ըմբոստության մթնոլորտ։ Որպեսզի կուտակված դժգոհության էներգիան շարժման մեջ դնի զանգվածներին, թվում է, թե անհրաժեշտ է գլխավոր պայմաններից մեկի առկայությունը՝ ժողովրդի համար ընդունելի առաջնորդի և նրա ծրագրի ի հայտ գալը, որոնց հաղթանակին և երկիրը վերափոխելու կարողությանը ժողովուրդը կհավատա։ Առաջնորդի ու ծրագրի առաջնայնության հարց հավանաբար գոյություն չունի, դրանք փոխշաղկապված են իրար։ Այդ ծրագիրն ու անձը պետք է ներշնչեն, որ ունակ են փոխելու, ինչպես և փոխարինելու գործող իշխանությանը, քանի որ անկախացման շրջանից սկսած՝ հայ ժողովուրդը ավելի շատ գայթակղվում է մերժման ծրագրով և իշխանափոխության իրատեսական լինելու հեռանկարով։ Սրանով հանդերձ, նախորդին փոխելուց հետո նախորդի վերածվելու օրինակներից խուսափելու համար այդպիսի առաջնորդը պետք է ներկայանա ներկայանալի թիմով, ներշնչի, որ մարմնավորում է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հավաքական կամքն ու ամբողջականության գաղափարը, պետք է դառնա համախմբող առանցք Արցախի ազատագրության, Հայաստանի ինքնիշխանության վերականգնման գլխավոր գաղափարների շուրջ։

Հայաստանի համապարփակ ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է ոչ թե հայկական անձնագրով, այլ ազգային էությամբ, անկաշառ ու անհավակնոտ իշխանություն։ Իհարկե, սա ուտոպիային մոտեցող ցանկություն է, բայց այլ կերպ մեր երկիրը կուլ տվող ճահճից դուրս գալ հնարավոր չէ։

Վլադիմիր Վիսոցկին երգում էր․«Իսկական ըմբոստները քիչ են․ Ահա և չկան առաջնորդներ»։

Առանց շարժման և առանց ըմբոստների՝ նաև չեն առանձնանում առաջնորդները։

Փաշինյանը Հայաստանը տոտալ կերպով միակուսակցականացնում է, իսկ գալիք ընտրական փորձությունները նախապատրաստվում է հաղթահարել անօրինականությունների ճանապարհով։ Նա հրաշալի գիտի, որ իր վզից կախված է պետական դավաճանի մեղադրանքը և, ի դեպ, պատահական չէ, որ զանազան բարձրագույն պաշտոնյաներ վերջերս իրար ետևից կրկնում են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հակասահմանադրական դիրքորոշումը՝ սրանով երևի ստանձնելով իրենց շեֆի խոսքի և հանցավոր գործունեության պատասխանատվության մեկ բաժինը։

Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ մեկ հարցում Նիկոլի վարքագիծը տրամաբանական է՝ հաղթում է նա, ով գործում է և նախաձեռնությունը պահում է իր ձեռքում։

Արտաշես Շահբազյան

ՀՅԴ գաղափարաբան