Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոցների հատման խաչմերուկում, արդեն 11 օր է՝ անսովոր աշխուժություն է. մայրաքաղաքում անսովոր բուրում է ժենգյալով հացի անուշ հոտը։ Անցորդները մի պահ զարմացած նայում են, հետո արագ ինտեգրվում ժենգյալով հացի հերթին՝ հա՛մ քաղցը կհագեցնեն, հա՛մ էլ օգտակար կլինեն Հայոց բանակին։
Շուրջ մեկ ամիս ընթացող Արցախյան պատերազմի առաջին օրը, գիտակցելով, որ թշնամու «ախորժակը» մեծ է, ստեփանակերտցի կանայք ժամանակավորապես ապաստան են գտնում Երևանում։ Սակայն ձեռքները ծալած չեն նստում ու Երեւանում իրենց ապաստանի հարցում օգնած Վարազդատ Հարությունյանի առաջարկին արձագանքում են՝ միանգամից գործի անցնելով։
«Երբ Արցախից Երևան եկած կանանց ու նրանց ընտանիքների համար ժամանակավոր կացարանի հարց էինք լուծում, մի ընտանիք կար, որոնց հետ ընտանիքի նման ջերմ սկսեցինք շփվել, ու միասին նման նախաձեռնության մտահղացում առաջացավ, որ կարելի է այդպիսի նախագիծ անել ու գումարը նվիրաբերել Հայոց բանակին»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց նախաձեռնության հեղինակներից Վարազդատ Հարությունյանն ու գոհունակությամբ շեշտեց. «Ինչպես տեսնում եք, արդեն 11-րդ օրն է՝ մեզ մոտ ստացվեց։ Այս պահին արդեն 3 միլիոն դրամ ենք նվիրաբերել Համահայկական հիմնադրամին։ Այսպիսով՝ մարդիկ լիարժեք են իրենց զգում՝ հա՛մ իրենց կարիքներն են կարողանում հոգալ, հա՛մ էլ կարողանում ենք ամեն օր գումար փոխանցել բանակին: Մեզ համար շատ կարևոր է, որ այս մարդիկ հացի խնդիր չունենան, մենք էլ ամեն օր օգտակար լինենք մեր բանակին»։
Ժենգյալով հաց պատրաստելու մեխանիզմը նույնն է, պարզապես փոխվել են վայրն ու համեմունքները, փաստում են իրենց գործին գիտակ կանայք։
«Արցախում արդեն 17 տեսակի ժենգյալներ կան, հիմա ամենալավ սեզոնն է, բայց, պայմաններից ելնելով, այս պահին 7-9 տեսակի կանաչիների տեսականի ենք օգտագործում։ Վատ չի ստացվում, կարեւորը՝ որ համեղ է»,- ասում է տիկին Արմինեն ու վրա բերում․ «Ուտողներն ասում են, որ չի էլ տարբերվում Ղարաբաղի ժենգյալով հացից։ Միայն կինձմինձուկն է պակաս, դա էլ՝ ոչինչ, տեղը լրացնում ենք մի ուրիշ կանաչիով»։
Ստեփանակերտի կենտրոնական շուկայում 15 տարի ժենգյալով հաց թխող տիկին Արմինեն նույնիսկ կորցրել է հաշիվը, թե այսօր քանի հատ են պատրաստել, բայց մի բան հաստատ գիտի՝ օրվա ընթացքում 2000-ից ավելին է։ Նրանց օգնության ձեռք են մեկնում նաև կամավոր կանայք։
«Մեծ կարոտով սպասում ենք, որ շուտ կռիվը վերջանա, գնանք կրկին Ստեփանակերտ, այնտեղ ժենգյալով հաց թխենք, որ առաջնագծի տղաներին էլ հյուրասիրենք։ Բայց մինչ այդ ուզում ենք մենք էլ մեր լուման ներդնել այս բարեգործության մեջ, թիկունք կանգնել մեր առաջնագծի տղաներին, որ իրենք իմանան՝ իրենց թիկունքում կան մեր նմանները, ու իրենք մենակ չեն»,- ասում է շուրջ 30 տարի Ստեփանակերտի կենտրոնական շուկայում ժենգյալով հաց թխող տիկին Լեսմոնյան ու վստահ շարունակում․ «Իրենք՝ առաջնագծում, մենք՝ թիկունքում, երկուսս միասին կհասնենք հաղթանակի։ Սպասում ենք նրանց՝ հաղթանակով վերադարձին»։
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութում։