կարևոր
3019 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-06 13:18
Աշխարհ

Լուկաշենկոն հայտնել է, որ Պրիգոժինը գտնվում է Ռուսաստանում

Լուկաշենկոն հայտնել է, որ Պրիգոժինը գտնվում է Ռուսաստանում

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը Բելառուսի տարածքում չէ, այլ Սանկտ Պետերբուրգում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է БЕЛТА գործակալությունից, այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպմանը։

«Ինչո՞ւ եք ինձ հարցնում, թե այսօր որտեղ են գտնվում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը և այս ընկերության ղեկավարը։ Այս ընկերությունը, լավ հասկանում եք, ռուսական է, հետևաբար, հարցն ակնհայտորեն ինձ չպետք է ուղղվի: Ինչքանով ես տեղեկացված եմ, «Վագներ» ՄՌԸ-ի մարտիկները, որոնք շատ լուրջ մարտիկներ են, գտնվում են իրենց մշտական ​​ճամբարներում՝ այն ճամբարներում, որտեղ նրանք գտնվում էին ռազմաճակատից դուրս գալուց հետո ապաքինման, բուժման, հանգստի և այլնի համար», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա նաև նշել է, որ Բելառուսի համար ռիսկեր չի տեսնում, եթե «Վագներ» ՄՌԸ-ի մարտիկները տեղակայվեն այնտեղ։

«Ինչ վերաբերում է Եվգենի Պրիգոժինին, նա Սանկտ Պետերբուրգում է։ Որտե՞ղ է այսօր առավոտյան։ Միգուցե գնացել է Մոսկվա, գուցե մեկ այլ տեղ, բայց նա Բելառուսի տարածքում չէ», - ընդգծել է նախագահը։

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրել էր ռուս զինվորականներին «Վագներ»-ի դիրքերը գնդակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ՝ մտնելով Դոնի Ռոստով, այնուհետև շարժվելով դեպի Մոսկվա։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրել էր առաջխաղացումը: