կարևոր
2764 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-21 09:59
Քաղաքական

Գլխավոր դատախազի մասին վատ խոսքերը՝ ազատումների պատճառ. դատախազներին գաղտնալսել են. «Ժողովուրդ»

Գլխավոր դատախազի մասին վատ խոսքերը՝ ազատումների պատճառ. դատախազներին գաղտնալսել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուժային կառույցները Հայաստանում աշխատում են գաղտնալսման պայմաններում: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ գաղտնալսման արդյունքում դատախազներ են ազատվել աշխատանքից, իսկ ոմանց մասով ծառայողական քննություն է սկսվել։

Այսպիսով, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կասեցրել է Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանի եւ Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանի լիազորությունները եւ ծառայողական քննություն է սկսել նրանց նկատմամբ։ Իսկ ինչու՞։ Բանն այն է, որ իրավապահները, գաղտնալսելով Արմավիրի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին եւ Կոտայքի դատախազ Ապրես Գրիգորյանին, պարզել են, թե ինչպես են նրանք նեղսրտած խոսում, քննադատում ու տարբեր կարծիքներ արտահայտում Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի կամ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։

Այս ներքին քննարկումն էլ ճակատագրական է դարձել երկու դատախազների համար, ու նրանց լիազորությունները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դադարեցրել է ու սկսել ծառայողական քննություն։

Այսքանով դատախազությունում «վհուկների որսն» ու ներքին «խժռոցը» չի ավարտվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ ԱԱԾ-ն այս գաղտնալսման արդյունքում մտել է Կոտայքի ու Արմավիրի մարզերի դատախազություն, դատախազներին պառկեցրել գետնին ու սկսել գործողություններ: Այստեղ էլ հասունացել է դրամայի երկրորդ մասը. Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի գործելաոճը դատախազների մոտ սկսել է քննարկվել Սերժ Սարգսյանի գործը քննող դատախազ Արսեն Մարտիրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ: Նրանք ոչ այդքան հաճելի կարծիքներ են արտահայտել Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի հասցեին, ինչպես նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։

Եվ, ահա, այս գաղտնալսումն էլ պատճառ դարձավ, որ օրերս աշխատանքից ազատվեն դատախազներ Արսեն Մարտիրոսյանը,Պետրոս Պետրոսյանը եւ գլխավոր դատավազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը։ Իրավիճակը ցույց է տալիս, որ դատախազները ներքին միջանձնային խոսակցության համար ազատվում են աշխատանքից:

Այլ կերպ ասած, Հայաստանը վերածվել է գաղտնալսումների երկրի, որտեղ քաղաքական իշխանությանը ընդդիմացողների խոսքի ազատությունը ոտնահարվում է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում