կարևոր
3565 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-25 11:46
Քաղաքական

Ջահերով երթի իմաստի ու բովանդակության մասին և կամ պղտոր ջրում ձուկ որսալ պետք չէ․ Գեղամ Մանուկյան

Անհասկանալի բանավեճ է ծավալված նախօրեին դեպի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կայացած ավանդական Ջահերով երթի նպատակի ու գաղափարի շուրջ։ Ձեռնպահ կմնամ բոլոր, ոչ այդքան անկեղծ «ուսուցողական» դատողություններին անդրադառնալուց, որ երկվանից և տարբեր ժամանակներում տարածվում են սոցիալական ցանցերում և այլուր։ Փոխարենը ներկայացնեմ երթի մասին զուտ փաստերն ու գաղափարական հենքը:

Առաջին անգամ մի խումբ դաշնակցական երիտասարդներ՝ ՀՅԴ Քանաքեռ-Զեյթուն համայնքից երթը նախաձեռնել էին դեռ 1996-ին։ Ապրիլ 24-ի համաժողովրդական երթից մեկ օր առաջ ջահերով երիտասարդները շարժվում են Ծիծեռնակաբերդ։

Հայաստանում 150 հոգով առաջին երթին հաջորդեցին ավելի բազմամարդերը։ Նախապես երթուղին Ազատության հրապարակ-Բաղրամյան-Օրբելի-Կիեւյան-Ծիծեռնակաբերդ էր։ Այդ տարիներին ամեն տարվա երթը մեծ իրադարձություն էր միջազգային լրահոսում. Reuters (Աստված հոգին լուսավորի գործակալության թղթակից Հասմիկ Մկրտչյանի), AFP (Մարիամ Հարությունյանն ամեն տարի կռիվ էր տալիս իր լուրի համար), ռուսական NTB հեռուստաալիքներով ջահերով երթի մասին լրատվության հրապարակումը։ Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելիցին արդեն այն միջազգային լայն հնչեղություն ուներ: Երեւան էին եկել տարբեր երկրներից երիտասարդներ, պատվիրակություններ։

Այնուհետ Դաշնակցության երիտասարդական միավորները Ջահերով երթ սկսեցին կազմակերպել Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Կապան, Գյումրի, Հրազդան, Արմավիր, Էջմիածին, Բերդ, Իջեւան...2005-ից եղավ նաեւ Թբիլիսիում, մինչ այդ՝ Ջավախքում, Արցախում, հետո՝ աշխարհի տարբեր անկյուններում։

Ի՞նչ էր ու է խորհրդանշում Ջահերով երթը. այն հայության հիշողության, հիշողության արդյունքում իրավունքներին վերատիրանալու,Հայոց Ցեղասպանության հետեւանքներն ու դրա արդարադատությանը հասնելու համար վճռականություն արտահայտելու խորհրդանիշն է։ Քանի վառվում է ջահը՝ իրավունքը, հիշողությունը, արդարությունն ու արդարադատությունը լինելու է։

Վեճեր ու հակազդումներ շատ են ծավալվել Ջահերով երթի շուրջ. տարիներ առաջ անգամ մի քանի դեսպանատնից անպաշտոն զարմանք-ակնարկներ եղան հիշատակի այդ երթում ջահերի առկայության մասին, մինչեւ որ հասկացան, որ դա հուշն է, հիշատակումն ու վճռականությունը եւ կապ չունի այլատյացության հետ, ինչպես այսօր իրենք են խրախուսում ուկրաինական ֆաշիստ ջահակիների դեպքում։

Երբեմն հնչում էին ակնարկներ թուրքական դրոշ վառելու շուրջ։ Բայց դրա պարզաբանումը տրվել է հստակ. դա քաղաքական ակցիա է, քաղաղաքական բողոքի խորհրդանիշ է։ Դեռ 2011-ին, դուստրս շատ փոքր էր, հասանք Ազատության հրապարակ, երբ թուրքական դրոշն էր վառվում: Հրապարակում ներկա թուրք երկու լրագրողի բացատրում էի՝ դրոշ վառելու իմաստն ու պատճառը։ Աղջիկս ապշած էր՝ այրվող թուրքական դրոշ, թուրք լրագրողներ, հայրը՝ թուրքերենով այդ ամենի մասին։

Իսկ 2018-ից հետո թուրքական դրոշ վառելու թեման դարձավ համակարգային «քննարկման» նյութ, նիկոլամերձ շրջանակներից անգամ թուրքական դրոշ վառելու դեպքով քրեական հետապնդման կոչ էր հնչեցվում ։ Անգամ այդ օրերին չէի կարծում, որ մի օր էլ վիճելու են Ջահերով երթի իմաստի, բովանդակութան ու խնդիրների շուրջ։

Երեկվանից սոցցանցերում նման մի համակարգված արշավ է սկսվել։ Բայց քանի որ Ջահերով երթը ոչ նրանցն է եղել, ոչ զգացել են այդ ամենի խորությունը, դրան էլ մասնակցելը լոկ իրենց այդրոպեական շահերի համար են գործածել, չեմ պատասխանի այդ գրառումներին։

Կասեմ միայն՝ պղտոր ջրում ձուկ որսալ պետք չէ այստեղ: Դաշնակցական երիտասարդների տարիներ առաջ նախաձեռնած Ջահերով երթին արդեն շուրջ երկու տասնամյակ միանում են հազարավոր երիտասարդներ, մեր հայրենակիցներ արտահայտելու իրենց դիրքորոշումը։ Տարբեր տարիների նույն խորհուրդն ունեցել է տարբեր երանգներ՝ ընդդեմ ներհայկական ուրացման, ընդդեմ ֆուտբոլային դիվանագիտության, ընդդեմ սիրիահայության դեմ թուրքական արշավի, հանուն՝ հիշողության եւ պահանջատիրության։ Ջահերով երթը եղել է, մասնակցել եմ, երբ զավակներս չէին ծնվել։ Հիմա արդեն նրանք ջահակիր են, կազմակերպիչ են, առաջնորդ են, ես էլի՝ մասնակից։ Մեկ անգամ բարձրացված ՋԱՀԸ չի ընկնելու։ Մնացյալն էլ անցողիկ է։ Ջահն էլ բարձր ենք պահելու, մինչեւ այն դառնա ՀԱՂԹԱԿԱՆ։

Հ.Գ. Լուսանկարներում 2000 եւ 2001 թվականների ջահերով երթերի մասին «Երկիր» թերթի ռեպորտաժների պատճեներն են։

Իսկ 2015 թվականի Երկիր մեդիայի պատրաստած տեսանյութում երեւացող Հայկուհի Նալբանդյանի եղբայրը՝ ՀՅԴ երիտասարդականի անդամ Բենոն զոհվեց 44-օրյայում, նրա պես՝ նույն երթի մասնակիցներ Գեղամ Մուշեղյանը, Արշակը, Գեւորգը Հաճյան, էլի մեր ընկերներ։

 

Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր