կարևոր
3478 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-24 18:20
Քաղաքական

Ազոլոյի քաղաքապետարանի վրա ծածանվում է Հայաստանի դրոշը

Ազոլոյի քաղաքապետարանի վրա ծածանվում է Հայաստանի դրոշը

Այսօր Իտալիայում Հայաստանի դեսպանությունը իր պաշտոնական էջում հրապարակել  է «հարյուր հորիզոնների քաղաք» Ազոլոյի քաղաքապետարանի լուսանկարը, որի վրա Իտալիայի դրոշի կողքին ծածանվում է նաև Հայոց եռագույնը՝ ի նշան հայ ժողովրդի հետ  համերաշխության:

 «Այսօր Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցն է. ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։

Մենք չենք կարող վառ չպահել ջարդերով, բռնություններով և տեղահանություններով բնութագրված նման սարսափի հիշողությունը, որը փորձել է ֆիզիկապես, մտավոր և բարոյապես բնաջնջել հայ բնակչությանը։

1915 թվականի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ մշակութային և կրոնական վերնախավի շուրջ 2500 անդամներ՝ քաղաքական գործիչներ, մասնագետներ, լրագրողներ, իրավաբաններ, բժիշկներ, քահանաներ և գրողներ՝ Թուրքիայի անապատային տարածքներ արտաքսվելու և բնաջնջվելու համար։ Նրանք թուրքական պետության համար վտանգ էին դիտվում, քանի որ կարևոր հենակետեր էին հայ համայնքի քաղաքական, քաղաքացիական և կրոնական կյանքի համար:

Հայ ժողովրդի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին զանգվածային ցեղասպանությունն էր, և ենթադրվում է, որ այն առնվազն մեկուկես միլիոն մահվան պատճառ է դարձել 1915 թվականի ապրիլից մինչև 1916 թվականի հուլիսը։

Հարյուր հորիզոնների քաղաք Ազոլոյից՝ ի նշան հայ ժողովրդի հետ խոր մտերմության»,- ասվում է Իտալիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։