կարևոր
2737 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-21 14:03
Քաղաքական

Ամուր կամքը պարտավորեցնող է

Ամուր կամքը պարտավորեցնող է

Արցախը՝ արդեն չորս ամիս է, որ դիմադրում է: Բաքվի իշխանությունների կողմից կեղծ բնապահպանների պատրվակով Արցախը մայր Հայաստանին կապող ճանապարհը փակ է: Արդեն իսկ մաշել է բնապահպանական պատրվակը, այժմ զենքի-զինամթերքի ապօրինի Արցախ տեղափոխման պատրվակն է օրակարգում:

Միջազգային բեմահարթակում թեեւ արդեն բոլոր կողմերն անդրադարձել են Բաքվի անմարդկային եւ նենգ միտումներին, սակայն միայն հնչում են մտահոգության արտահայտություններ եւ կոչեր, գործնականում՝ զրո արդյունքով:

ՀՀ իշխանությունները եւս, իրենց պատկերացմամբ, կարծես այլեւս անելիք չունեն. հարցն արծարծել են միջազգային ատյաններում, ինչ-որ տեղ հայանպաստ վճիռ վաստակել, և մնում է նստել-սպասել, թե երբ կբարեհաճի՝ Փաշինյանի բնութագրմամբ «բարեկիրթ» Ալիեւը ապաշրջափակի Արցախը:

Մյուս կողմից, ակնհայտորեն ՀՀ իշխանությունը փորձում է իր ուսերից թոթափել հայ ժողովրդի շահերը ներկայացնելու և Արցախյան հարցի շուրջ բանակցություններում որպես կողմ հանդես գալու որևէ առիթ՝ դա թողնելով Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունների ձեւաչափին՝ «Արցախի հարցը պետք է լուծեն Արցախցիները» պառակտիչ գաղափարը սերմանելով:

Այս բոլոր իրողությունների համայնապատկերում Արցախում շարունակվում է դիմադրությունը: Դիմադրություն, որն արտացոլում է պայքարելու վճռականություն: Օրեցօր խորացող կենցաղային պայմանների սղության եւ սահմանափակումների մթնոլորտում, այնուամենայնիվ, գտնվում են ելքեր, հնարավորություններ, որոնվում ճնշումը նվազեցնելու և տանելի պայմաններ ապահովելու միջոցներ: Անժխտելի է, որ այս պայմաններում բազմապատիկ դժվարանում է կառավարումն ու վերահսկողությունը, եւ նման դեպքերում կառավարման համակարգի կարգապահությունն ու կոշտ միջամտություններն այն լծակներն են, որոնք հանրության մոտ պետք է ձեւավորեն համերաշխության մթնոլորտ, որն անհրաժեշտ պայման է համընդհանուր միասնական մթնոլորտ ապահովելու համար:

Ներքին դիմակայությանը զուգահեռ՝ պայքարը արտաքին և համահայկական մակարդակում ևս հարկավոր է շարունակել: Արցախը սահմանափակ ռեսուրսներ ունի արտաքին աշխարհի հետ հարաբերվելու հարցում: Մինչ այժմ այդ կարևոր ճակատը ինչ որ ձեւով ստանձնել էին ՀՀ դիվանագիտական համակարգը և, ոչ պաշտոնական մակարդակով, ՀՅԴ Հայ դատի գրասենյակները: Այժմ առաջին լծակը անգործունյա է, իսկ ՀՅԴ-ն, որպես ոչ պետական մարմին, ունի սահմանափակումներ: Մյուս կողմից, համահայկական համախմբումը օր օրի խաթարվում է, ՀՀ իշխանությունների ապազգային քաղաքականությունը կործանում է այն առանցքները, որոնք մինչ այժմ հաղթանակի երաշխիքներ են եղել:

Այս բոլորին ավելանում են նաև միջազգային անկայուն, հեղհեղուկ կացությունը, նոր կենտրոնների ուժային նկրտումներն ու հների սլաքների տատանումները:

Համընդհանուր այս տեսադաշտում լուսավոր կետը մնում է միայն պայքարի համար Արցախում առկա տրամադրություններն ու վճռակամությունը: Մնում է, որ Արցախի իշխանությունները եւս ըմբռնեն այս կարեւոր փրկօղակի գինը և հարգեն հանրային՝ առայժմ լուռ, բայց պարտավորեցնող պահանջը:

«Ապառաժ»-ի խմբագրական

17 ապրիլի, 2023թ.