Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր հայրենիքում, մեր Երևանում, մեր կողքին ապրող, մտածող ու ստեղծագործող Սամվել Կարապետյանի գիտակցական ամբողջ կյանքը պայքար է: Պայքար՝ հանուն հայ ինքնության հաստատման, հայ պատմության ու մշակույթի պահպանման, ինքներս մեզ ճանաչելու, մեր տեսակն արժևորելու գիտակցման: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը շարունակում է դժգոհությունների տեղիք տալ: Yerkir.am-ի հետ զրույցում անվանի հուշարձանագետն իր վրդովմունքը հայտնեց առհասարակ մեր արժեքների ու մասնավորապես մայրենիի ու հայրենագիտության հանդեպ մերժողական վերաբերմունքի նկատմամբ: «Մեր պատվի ամենամեծ կռվանը մեր մայրենին է, մեր հայրենիքը: Մայրենին պահպանելու և զարգացնելու միակ տարածքը հայ պետականության սահմաններն են՝ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը: Տե՛ր լինենք պատշաճ կերպով, ինչին արժանի են այդ արժեքները»,- ընդգծեց մտավորականը:
Հետադարձ հայացք գցելով անցյալին՝ նա հիշեց, որ դեռ խորհրդային տարիներին հայագիտական առարկաներին քիչ դասաժամեր էին հատկացվում, բացի այդ դասագրքերը տետրերի պես բարակ էին: «Օրինակ՝ «Հայրենի բնությունը» կամ «Հայ ժողովրդի պատմությունը», որ 7-րդ դասարանից էինք անցնում: Ամբողջ միջնադարյան պատմությունը փոքր բաժին էր, իսկ բոլշևիկյան շրջանը և խորհրդային տարիները՝ բավականին ծավալուն»,- հիշեց Սամվել Կարապետյանը:
Նա բոլորիս է հորդորում. «Անկախ մեր կամքից՝ մենք հայ ենք ծնվել: Եվ սա պարտավորեցնող է, պարտավորեցնող է մայերնիի հանդեպ»: Մեր իրականության գնահատականն ըստ Սամվել Կարապետյանի՝ համատարած անգրագիտությունն ու հայերենից կաղալն է, նաև այն արհամարհական վերաբերմունքը, որ դրսևորում ենք մայրենիի հանդեպ՝ կարծելով, թե փողոցում էլ հայերեն կսովորենք: Փողոցում սովորածով գոհանում ենք ու մի ամբողջ կյանք այդպես ապրում: Հուշարձանագետը, որ տարբեր երկրներում հայկական հետքեր, հայկական մշակույթ, պատմություն ու գրեր է փնտրել-գտել, այսօր տարակուսած է, որ հայոց լեզուն մերժվում է հենց իր բնօրրանում, որ հայագիտության նկատմամբ թեական վերապահում կա՝ արդյո՞ք արժե այն՝ որպես կրթական ծրագիր, անցնել բուհերում: «Ես կողմնակից եմ, որ բուհերերի մեր ուսանողները շարունակեն սերտել հայոց լեզուն և հայ ժողովրդի պատմությունը. լավ կլիներ, որ այն կոչվեր Հայաստանի պատմություն, որովհետև մեր հայրենիքի պատմությունն է, իսկ ժողովուրդն ինքնաբերաբար ներառվում է: … Մի բան է մանկապարտեզում, դպրոցում սովորածը, այլ է արդեն ուսանող տարիքում սովորածը, որովհետև տարիների տարբերությամբ մարդու՝ որևէ նյութ սերտելու ունակությունը, ընկալունակությունը տարբեր է: Կլինեն բուհեր, որոնք հայերենի ժամերի փոխարեն մասնագիտական առարկաների ժամերը կավելացնեն, բայց մայրենին այն արժեքն է, որը պետք է գուրգուրել: Մեր նկարագիրը՝ իբրև հայ մարդ, մեր ինքնությունը լեզվի հիմքի վրա է: Մենք պարտավոր ենք դա գիտակցել և այդ ջահը փոխանցել ապագա սերունդներին՝ ամենաբարձր մակարդակի վրա պահելով մայրենին»,-կարծում է Սամվել կարապետյանը:
Նա չի թաքցնում, որ իսկապես նախանձում է վրացիներին: Մեր հարևան երկիրը որոշում է կայացրել՝ վրացին, որը մայրենի կրթություն չունի, պետական որևէ պաշտոն չի կարող զբաղեցնել: «Տեսեք՝ ուր է հասել սեփական վերաբերմունքը մայրենի լեզվի նկատմամբ: Ազգային պետությունը միայն այն դեպքում կարող է առաջ ընթանալ, հաջողել, երբ այդ պետության տարբեր պաշտոնական անձինք մայրենիի կրթությունն են խորությամբ կրում: Մենք հաճախ ասում ենք՝ ինչ կարևոր է՝ հայերեն գիտի, թե ոչ . բայց տեսեք մարդն ի՜նչ մասնագետ է: Իսկ հարևան Վրաստանն այդ լավ մասնագետից հրաժարվում է, եթե նա մայրենի կրթություն չունի»,-հարևան երկրի պատվախնդրությունն օրինակ է բերում հուշարձանագետը և մեկնաբանում, թե օրինակ՝ հենց նույն վրացիները կամ ռուսներն ինչու չեն հարգում մեզ: Չեն հարգում, արհամարհում են, որովհետև մենք մեր արժեքների, մեր պատվի տերը չենք: «Բուժվելու ճանապարհ ունենք, բուժվելու՝ ազգային նկարագիրը վերականգնելու, ողնաշարը շտկելու իմաստով»,-ասում է Սամվել Կարապետյանը:
Նրա համոզմունքն է. «Սրբազան ու գերագույն երկու արժեք կա՝ մայրենին ու հայրենիքը: Անլվա թաթերով այդ արժեքներին չի կարելի մոտենալ»:
Նաիր Յան
Առավել մանրամասն՝ տեսանյութում․