կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-29 13:28
Քաղաքական

Իվանիշվիլիին հայտնած` իմ շնորհակալական խոսքերն ավելի պարտավորեցնող էին. Տաճատ Վարդապետյան

Իվանիշվիլիին հայտնած` իմ շնորհակալական խոսքերն ավելի պարտավորեցնող էին. Տաճատ Վարդապետյան

Որպես Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Ջավախահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ` Տաճատ Վարդապետյանը տեղյակ է ջավախահայության խնդիրներից. Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների մասին, նա հայտնեց, որ նախընտրական փուլում Վրաստանում, մասնավորապես` Ջավախքում, քաղաքական գործընթացներին չի մասնակցել, թեկնածուներից կամ նրանց ներկայացուցիչներից ոչ մեկի հետ չի հանդիպել: Միակ «շահագրգիռ» կողմը, որի հետ հանդիպել ու ջավախահայության խնդիրների մասին խոսել է, եղել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որի հետ նա հանդիպել է այս տարվա հունվարի 17-ին` Իվանիշվիլիի` Հայաստան կատարած այցի ժամանակ:

 

«Իվանիշվիլիին հայտնած` իմ շնորհակալական խոսքերն ավելի պարտավորեցնող էին: Ես նրան շնորհակալություն եմ հայտնել նախընտրական փուլում ազգային փոքրամասնությունների, հատկապես` հայերի խնդիրների կապակցությամբ տրված խոստումների համար»,- նշեց Վարդապետյանը` հավելելով, թե հույս ունի, որ այդ խոստումները կյանքի կկոչվեն:

 

Ինչ վերաբերում է ջավախահայության խնդիրներին, բանախոսի դիտարկմամբ` դրանք ազգային ու հայեցի դաստիարակությանը, դպրոցներում հայոց լեզվի, գրականության ու պատմության ուսուցման հետ են կապված, հայկական գրականության ու գրքերի' Վրաստան մուտք գործելու արգելքի:

 

«Ամենաառաջնային խնդիրը ես համարում եմ հայերեն լեզվի ու հայ գրականության դասավանդմանն առնչվող խնդիրները: Հայագիտությանը վերաբերող խնդիրներն եմ կարեւորում»,- շեշտեց «Ջավախահայերի միասնություն» հայրենակցական կազմակերպության ղեկավարը` նշելով, որ վիրահայության սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող խնդիրներն էլ պակաս կարեւոր չեն, մասնավորապես' աշխատատեղերի ստեղծման հարցերը:

 

ԱԺ պատգամավորը  ակնկալիք է փայփայում, որ նախագահի աթոռը «Վրացական երազանքին» անցնելուց հետո այս խնդիրները կլուծվեն: