կարևոր
4048 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-17 09:38
Քաղաքական

ՄԻՊ-ն արձանագրել է՝ ՀՀ-ում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներն ապահովված են պահման պատշաճ պայմաններով

ՄԻՊ-ն արձանագրել է՝ ՀՀ-ում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներն ապահովված են պահման պատշաճ պայմաններով

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ ապրիլի 16-ին, այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին։

 

Պաշտպանը ծանոթացել է վերջիններիս պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։

 

Առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացվել։

 

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել է, որ նշված անձինք ապահովված են պահման պատշաճ պայմաններով, այդ թվում՝ մշտական խմելու ջրով, սնունդով, հիգիենայի պարագաներով։ Ըստ անհրաժեշտության՝ վերջիններս ստանում են բժշկական օգնություն և սպասարկում։

 

Այցին ներգրավված է եղել Պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետը, ով ծանոթացել է նշված անձանց բժշկական փաստաթղթերին և տրամադրվող բժշկական օգնության ծավալներին։

 

Ազատությունից զրկված անձինք տեղեկացրել են, որ ծանոթ են իրենց առաջադրված մեղադրանքին, իրենց տրամադրվել է անվճար հանրային պաշտպան, վարույթի ողջ ընթացքում ապահովված է եղել թարգմանչի մասնակցությունը։

 

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ազատությունից զրկված անձանց պարզաբանվել են իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, դատական ակտով կիրառված սահմանափակումների բնույթը, դրանց բողոքարկման կարգը և ժամկետները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կառուցակարգերը։