Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արցախի խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստում քննարկվել է Արցախի Սահմանադրության փոփոխության հարցը:
Նիստին ներկա 28 պատգամավորները ձայների`20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել են ԼՂՀ ԱԺ որոշումը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու` հանրապետության նախագահի նախաձեռնությանը համաձայնություն տալու մասին:
Սահմանադրության նախագծին դեմ են քվեարկել Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության 6 պատգամավորները և Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանը:
«36 առաջարկություն ենք ներկայացրել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ապա նշեց, որ դրանցից մի քանիսն են միայն ընդունվել:
«Ընդունված հարցերի մեջ քաղաքական առաջարկներ չէին, ավելի մասնագիտական ձևակերպումներ էին` դատաիրավական համակարգին, տեղական ինքնակառավարմանը, ԱԺ-ի և նախագահի տեղակալի ժամկետի ընտրությանը, մարդու և քաղաքացու իրավունքներին առնչվող, և ներածական բաժնի մի քանի առաջարկություններ են հիմնականում ընդունվել մեր առաջարկներից»,- ասաց նա:
Իշխանյանը ՀՅԴ-ի դեմ քվեարկելը բացատրեց այն հանգամանքով, որ իրենք կողմնակից էին կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգին անցում կատարելուն:
«Կառավարման համակարգի և համաժամանակյա ընտրությունների հարցերը, որոնք բավականին լուրջ քաղաքական բաղադրիչ են պարունակում, այն հիմնական առանցքային հարցերն են, որոնց մասով չկարողացանք համաձայնության գալ: Երբ դեռևս 2014 թվականի օգոստոսին նախագահի և մասնագիտական հանձնաժողովի կողմից հրաապարակվեց Սահմանադրության հայեցակարգը, պարզ դարձավ, որ այդ հայեցակարգով նախատեսվում է կառավարման գերկենտրոնացված նախագահական համակարգ, իսկ մեր մոտեցումներն այլ էին: Մեր պատկերացումներով` կիսանախագահական համակարգից պետք է անցնեինք համամասնական ընտրակարգով խորհրդարանական կառավարման համակարգի, որը կլիներ արդյունավետ, կհամապատասխաներ ներկայիս հրամայականներին, կբխեր նաև թե' Արցախի հիմնահարցից, թե' երկրի առջև ծառացած տնտեսական ու քաղաքական մարտահրավերներից, ինչպես նաև մեր պաշտպանունակության ու անվտանգության ամրապնդման հարցից»,- շեշտեց Իշխանյանը:
Նրա խոսքով` թեպետ իրենք դեմ են քվեարկել Սահմանադրությանը, սակայն դա չի խոչընդոտի Արցախի խորհրդարանի բնականոն աշխատանքներին, իսկ տարբեր կարծիքներ ունենալը նորմալ է և տրամաբանական:
«Երբ Դաշնակցություն խմբակցությունը դեմ քվեարկեց փոփոխված ընտրական օրենսգրքին դա չխանգարեց ոչ միայն մեր համագործակցությանը, այլ նաև բնականոն գործունեություն ապահովելու գործընթացին»,- ընդգծեց պատգամավորը: