ԼՂՀ կառավարությունը հավանություն տվեց 2011թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծին
Արցախի կառավարության այսօրվա նիստում գործադիրի հավանությանն է արժանացել ԼՂՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը:
Փոխվարչապետի տեղեկացմամբ` 2011թ. համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով` 61 մլրդ 773 մլն 800 հազար դրամ, իսկ ծախսերի գծով` 64 մլրդ 620 մլն դրամ: Դեֆիցիտը կկազմի 2մլրդ 846 մլն 200 հազար դրամ: ՀՀ միջպետական վարկը այս տարվա համեմատ 6.5 տոկոսով կաճի` կազմելով 35 մլրդ 357 մլն 900 հազար դրամ:
2011-ին գյուղատնտեսության ոլորտը կշարունակի գերակայություն մնալ: Այս տարին գյուղատնտեսության համար անբարենպաստ էր, ինչի արդյունքում ոլորտում անկում է գրանցվել: Հաջորդ տարի, ըստ Ս.Թեւոսյանի, ոլորտի զարգացմանը կուղղվի 2010թ. համեմատ 19.4 տոկոսով ավելի գումար: Ոլորտի զարգացման նպատակով կմեկնարկի 2 նոր ծրագիր` սերմնաբուծության եւ հակակարկտային կայանների տեղադրման, որոնց համար համապատասխանաբար կհատկացվի` 155 մլն եւ 100 մլն դրամ: Գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին նախատեսվում է հատկացնել 820 մլն դրամ` այս տարվա 800 մլն-ի դիմաց:
Բյուջեի 26.4 տոկոսը կհատկացվի սոցիալական պաշտպանության ոլորտին, որի ծախսերը կկազմեն 16 մլրդ դրամից ավելի: Վարչապետի տեղեկացմամբ, հաջորդ տարի զգալիորեն կրճատվելու են կապիտալ շինարարության գումարները: