կարևոր
2788 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-23 17:27
Քաղաքական

Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա

Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ մոտ ժամանակներս կհաջողվի հանդիպում կազմակերպել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել փոխհամաձայնության եռակողմ հանդիպման օրակարգի և ժամկետների շուրջ: Մենք մեր հերթին պատրաստ ենք աջակցելու  դրան», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով եռակողմ ձևաչափի հեռանկարները մեկնաբանելու խնդրանքին։

Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Մոսկվան կարևոր նշանակություն է տալիս Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափին։

«Այն արդեն իրեն դրսևորել է որպես փոխգործակցության արդյունավետ հարթակ՝ շեշտը դնելով տնտեսության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի գործնական իրականացման վրա։ Մենք ակնկալում ենք, որ եռակողմ համագործակցությունը այսուհետ ևս ծանրակշիռ ավանդ կներդնի մեր երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման և արդի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող կայուն տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման բնագավառում, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը», - ասել է Զախարովան:

Դիվանագետը նշել է, որ «դա կարևոր է ինչպես «եռյակի» ապրանքաշրջանառության հետագա մեծացման, այնպես էլ անխափան տարանցիկ փոխադրումների ապահովման տեսանկյունից՝ ելնելով երեք պետությունների շահերից»: