կարևոր
4759 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-18 13:39
Հասարակություն

«Արդեն 3 օր է՝ մեր գյուղի ուղղությամբ թշնամու շարժն ակտիվացել է». Կութի բնակիչ․ 168.am

«Արդեն 3 օր է՝ մեր գյուղի ուղղությամբ թշնամու շարժն ակտիվացել է». Կութի բնակիչ․ 168.am

168.am-ը գրում է․

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչ Զմրուխտ Գևորգյանն այսօր 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թեպետ տևական ժամանակ է՝ թշնամին իրենց գյուղի ուղղությամբ չի կրակում, սակայն վերջին օրերին ակտիվություն են նկատում:

Կնոջ խոսքով՝ հատկապես գիշերային ժամերին են նկատում թշնամու տեխնիկայի շարժը, քանի որ սարերի վրա երթևեկող մեքենաների լույսերն ավելի պարզ են երևում:

«Արդեն 3 օր է՝ մեր գյուղի ուղղությամբ թշնամու շարժն ակտիվացել է: Կոնկրետ երեկ էլի ուժեղ շարժ կար, երեխեքն էլ էին նկատել: Մեքենաների գնալ-գալը պարզ տեսնում ենք, երևի բան-ման են հանում սարերի վրա, ժամը 21:30-ից շարժն ակտիվանում է, երևում է, թե քանի «Ուրալ» բարձրացավ, քանի հատ իջավ»,- ասաց Կութի բնակիչը:

Նրա խոսքով՝ շատ են ուզում իրենց անհանգստությունների վերաբերյալ հարցեր ուղղել պաշտոնատար անձանց, բայց դրա հնարավորությունը չունեն, քանի որ գործող իշխանությունը միայն ընտրությունների ժամանակ է հիշել 2020 թվականից հետո սահմանամերձ դարձած Կութ գյուղի բնակիչներին:

«Պաշտոնյաներից մարդ էլ չի եկել մեր գյուղ, սրանից մի շաբաթ առաջ Կարմիր խաչի գրասենյակից են եկել-գնացել, գյուղի անապահով և բազմազավակ ընտանիքներին գումար հատկացրել, թե չէ՝ պատգամավոր, նախարար, մեր գյուղ չեն եկել: Պաշտոնյաներ չեն գալիս, բայց մեր գյուղի ղեկավարը լավ աշխատում է, ամեն քայլափոխին զգոն է, մեր կողքին կանգնած է:

Մենք շատ ենք ուզում, որ իշխանության ներկայացուցիչները գան-գնան, հետաքրքրվեն, տեսնեն, որ թեկուզ թշնամին մեր գյուղի վերևում դիրքավորված է, բայց այստեղ մարդիկ են ապրում, ճիշտ է՝ բնակիչները քիչ են, բայց ապրում են: Եթե մենք մեր գյուղը՝ սահմանը լքենք, կողքի գյուղը լքի, թուրքը մինչև Երևան հասնելու է, ո՞նց կլինի: Մենք միայն խաղաղություն ենք ուզում, որ մեր տներում ապրենք, չենք ուզում եսիմ ինչ ճոխ տան մեջ ապրենք, եսիմ ինչեր ունենանք, ցամաք հաց ուտենք, բայց մեր տանը լինենք, մեր գյուղում խաղաղ ապրենք»: