Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարոտ Սասունյան
Գրքերում կարդացել էի, որ Առաքելոց վանքը շքեղ է։ Մուշում բնակվող մի ազգականիս խնդրեցի, որ ինձ ուղեկցի Առաքելոց վանք։ Շատ ուրախացա, երբ իմ լեռնագնաց ազգականն ասաց, որ սիրով կուղեկցի ինձ։ Չէ՞ որ դա այն վայրն էր, որտեղ տեղի էին ունեցել Զորավար Անդրանիկի մեծ պայքարը ու մեծ փրկության պատմությունը։ Շատ սուրբ և հիասքանչ վայր էր։ Ամառ էր, թեև ամենուրեք շատ շոգ էր, Մուշում զով էր։ Սասունի Փասուր գյուղից իմ մեքենայով եմ շարժվել։ Փասուրը Մուշից գտնվում է 80 կմ հեռավորության վրա։ Փասուր-Մուշ ճանապարհն անցնում է մի հովտով, որտեղով հոսում է Քյուղբաթջուր գետը, որն անցնում է Խուլփի կիրճ կոչվող բարձրադիր լեռների միջով։ Այս ճանապարհը սովորաբար փակ է ձմռան ամիսներին, քանի որ շատ է ձյուն տեղում: Ամռանը այս ճանապարհը շատ ակտիվ է օգտագործվում։
Խուլփը Սիլվանից, Դիարբեքիրից, Բաթմանից դեպի Մուշ և Հյուսիսային Հայաստանի քաղաքներ գնացող կարճ ճանապարհ է։ Այն նաև Փասուրի գյուղացիների ամառային արոտավայր տանող ճանապարհն է։ Ամառային արոտավայր գնալու ժամանակ յուրաքանչյուր գյուղից հազարավոր այծերի, ոչխարների և խոշոր եղջերավոր անասունների նախիրներ անցնում են այս ճանապարհով՝ Մուշի սահմաններում գտնվող Շենյայլա շրջան գնալու և արոտավայրերում մոտ 6 ամիս մնալու համար։ Հովիվները մոտ 3-4 օր քայելով՝ հասնում են Շենյայլա։ Բադիքանի և Խուլփի գյուղացիների կողմից օգտագործվող այս երթուղին պատկանում է Բադիքան ցեղին։
Խոշկան, Ռեշիկան, Հավրե, Կանիկան, Արաշքան, Ախիկան, Քերրան, Շերեֆկան գյուղերից, հետևելով Քյուղբաթջուր գետին, սկսվում է ճամփորդությունը դեպի ամառային արոտավայր։ Առաջին ընդմիջումը նրանք անում են Քեֆրում՝ ամրոցի լանջին, իսկ գիշերը անցկացնում են ամրոցի և Ռասթիլ գյուղի միջև գտնվող վայրում։ Հաջորդ օրը՝ մինչ արևածագը, հովիվները Քեվըրե Նըվիսի (Գրված Քար) ճանապարհով գնալով՝ անցնում են Հովո առվակը (Newala Hovo), որը գտնվում է Արգյուն (Շինաս) գյուղում (նախկին անունը՝ Գոմեր)։ Վերջինս Ցեղասպանության ժամանակ դատարկվելուց հետո կրակի է մատնվել Զորավար Անդրանիկի զինվորներից մեկի՝ գոմերցի մոր կողմից։ Առվակը անցնելուց հետո հովիվները հասնում են Գոյե Փիրե (Կամուրջի գագաթ) կոչվող Խուլփի կամրջին։ Խուլփի կամրջի վերևում է գտնվում Հեսամդինի բարձրավանդակի լանջին գտնվող Ահարոնքի գյուղերից Ներչիքը: Այս գյուղը Մեծ եղեռնի ժամանակ Ցեղասպանությունն իրականացնող քուրդ աղաների կենտրոնն էր։ Ներչիք գյուղում էր գտնվում Հասան և Հուսեյին աղաների մեծ ապարանքը, իսկ այս ապարանքի դիմաց գերի ընկած հայերի համար կառուցված բանտ կար։ Այս առանձնատանը, որը հայտնի է «Թելլի Աղա» անվամբ օգտագործված սյուների և պատերի մեծ մասը կառուցվել է Փասուրի մասունք հանդիսացող Սուրբ Հակոբ եկեղեցուն պատկանող քարերից։ Գոյե Փըրեից հետո արդեն սկսվում էր Ահարոնքի հովիտը։ Սա մի մեծ հովիտ էր, որը ձգվում էր մինչև Խուլփի կիրճ։ Հեսամդինի սարահարթի վրա գտնվող այս շրջանը, որի արևելքում են Սարփանակ լեռը և Քույուղբաթչուր գետը, հյուսիսում՝ Քենդալե Հեշինի (Կապույտ ժայռ) վրայի Հին Հիդանիկ ամրոցի ավերակները, իսկ արևմուտքում՝ Հոփ (Էհուպ) գյուղը, և որում ընգրկված են Խանզա և Մասըրտո գյուղերը, կոչվում է Ահարոնքի շրջան։ Ահարոնքը ունի 5 գյուղ։ Հինզբե, Քոչիկա, Գըրընդես, Խուջարդ և Ներչիք։ Հինզբեն Ահարոնքի շրջանի ամենամեծ գյուղն է։ Այն մեծ ֆիդայիներ Հրայր Դժոխքի և Կարո Սասունիի գյուղն է։ Այս գյուղում երկու եկեղեցու և Միացյալ ընկերության կողմից կառուցված «Միացյալ» կոչվող դպրոցը Սասունի ամենամեծ դպրոցն էր։
Մեծ ֆիդայի, ուսուցիչ, իրավաբան և պետական գործիչ Կարո Սասունյանի մորը՝ Աննա Մայրիկին, երկու որդիներին և գյուղի Վարդան Վարդապետին այս գյուղից տարան, փակեցին վանդակների մեջ, հետո՝ նրանց վրա կերոսին լցնելով՝ այրեցին։ Այդ օրը այս գյուղում հիմնովին ավերվել են Կարո Սասունյանի տունը, երկու եկեղեցիները և դպրոցը։ Այնտեղ, որտեղ վերջանում է Ահարոնքի հովիտը, սկսվում է Խուլփի կիրճը։ Այս նեղուցում առաջ գնալու համար անհրաժեշտ է անցնել շատ դժվար ճանապարհով։ Վերջին տարիներին կառուցվել է ճանապարհ՝ 12 ոլորաններով։ 12 ոլորաններն անցնելուց հետո հասնում են Քենդալե Հեշին (Կապույտ ժայռ)՝որտեղ գտնվում է նաև Հիդանիկի ամրոցը: Այստեղով անցնելուց հետո՝ ձախ կողմում գտնվում է Էսկարի կամուրջը։ Պատմական այս կամուրջը ավերվել է թշնամուց փախչող հայ գյուղացիների կողմից։ Այս վայրը, որտեղ միախառնվում են ճանապարհի ձախ կողմի Թարքուշ և Անդոկ լեռներից հոսող առվակները և Էսկար առուն, կոչում են Դըավ (երկու ջուր)։ Էսկար գյուղում է գտնվում Սուրբ Գևորգ եկեղեցին, որը սուրբ է համարվում ինչպես քրիստոնյա հայերի, այնպես էլ մահմեդական քրդերի կողմից։ Եկեղեցու ներսում գտնվում է շեյխ Դալիհ-Սյեհ Սալիհի գերեզմանը, որը սուրբ է համարվում քրդերի համար։ Այն կառուցվել է 1600 տարի առաջ և համարվում է մասունք. այստեղ հայերը ամեն տարի մատաղ էին անում։ Այստեղ տոնավաճառներ են անցկացվել։ Այստեղ մարդիկ գալիս էին Հայաստանի բոլոր գավառներից՝ հոծ խմբերով։ Օսմանցիները այստեղի անվտանգությունն ապահովելու համար Փասուրից 10 ժանդարմի էին ծառայության ընդունել։ Էսկարը մեր Հեզզե տատի գյուղն է։ Հեզզեի հայրը՝ Մեզրաան, Աքչանա գյուղից էր և Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվն էր։ Էսկար կամուրջն անցնելուց հետո սկսվում է Սորևանգի հարթավայրը։ Հովիվները իրենց երկրորդ ընդմիջումը կատարում են Սորևանգ աղբյուրի մոտ։ Արդեն սկսվում է Նեդերանի շրջանը։ Նեդերանի շրջանը բաղկացած է տասնյակ փոքր գյուղերից, որոնք կառուցված են Անդոկ լեռան հարավային և արևելյան լանջերին։ Ժամանակին ֆիդայական շարժման կենտրոնն էր։ Մինչև 1915 թվականը, այսինքն՝ Մեծ եղեռնը, ոչ մի մարդ առանց թույլտվության չէր կարող մտնել այստեղ։
Անդոկ լեռան լանջերը եղել են Զորավար Անդրանիկի, Հրայր Դժոխքի, Գևորգ Չաուշի, Իսրոյի, Գալոյի (Գալուստ) և հարյուրավոր այլ ֆիդայիների, որոնց անունները չեմ կարող թվարկել, մարտական կենտրոնը։ Ճանապարհի շարունակության վրա Փանակ գյուղն ու Պերչե Քելեն (Բերդի բեկոր) են գտնվում: Ինչպես անունն է հուշում՝ Փանակ գյուղը այն վայրն էր, որտեղ գտնվում էր հայ ֆիդայիների (զինվորների) խմբերը։
Փանակի ճանապարհն անցնելուց հետո՝ Անդոկ լեռան հարավային լանջին գտնվող գյուղերի և Շենյայլա ճանապարհի գյուղերի հատման ժայռի վրա 3 դիրք կա։ Քանի որ այս դիրքերը կառուցվել են կարևոր ռազմավարական կետում՝ այն անվանել են Պերչե Քելեն (Բերդի բեկոր)։ Նրանք, ովքեր առանց Ֆիդայիների թույլտվության հատել են այս դիրքերից վերահսկվող և միակ անցումը հանդիսացող Խուլփի կիրճը, դիպուկահարների կողմից մոսինի հրացաններով գնդակահարվել են: Ճանապարհին փոքր ու մեծ գյուղեր կային։ Այն գյուղերը, որոնք Անդրանիկը և ֆիդայիները օգտագործում էին որպես շտաբ, հետևյալն են՝ Բելիմ, Քըղըրվանգն, Խամպուս, Խաչուկա, Քեսսա, Միրիշքան, Թև, Գելիե Հունե, Քըջըք, Քեպիր, Քեպըրնիգ, Բոնգիա, Մեզրե և Փիրեշ։ Այս գյուղերից ամենամեծը Քըղըրվանգն է (Քյուղվանգ)։ Այս գյուղը, որը շուրջ 200 տուն ուներ, Սասունի ամենամեծ գյուղերից էր։ Այս գյուղը հիմնադրվել է Անդոկ լեռան ստորին լանջին։ Քանի որ կաղնու անտառները առատ էին, անասնապահությամբ շատ էին զբաղվում։ Անդոկ սարից հոսող առուների վրա շատ ջրաղացներ էին շինված։ Գյուղի եկեղեցին կանգուն էր մինչև 2000 թվականը։ Քըղըրվանգ գյուղը մորական տատիս հորաքրոջ՝ Մաքքեի (Մակրուհի) գյուղն էր։ Մաքքեն Մեծ եղեռնից էր փրկվել։ Երբ հնարավորություն էր ունենում, գնում էր գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցի և յուղ վառում ու աղոթում (քանի որ մոմ չկար, փոքրիկ ափսեի մեջ յուղ էր վառում): Նա կյանքից հեռացավ 1950-ական թթ.։ Նեդերանի շրջանի արևմուտքում գտնվող շատ մեծ բարձրություն ունեցող Սպիտակ (Սերե Սիփի) լեռան լանջերին հիմնված Բեյրոքի, Շըրթիկի, Դերիքի, (Հիշքաբութ), Խիսկաբութի, Գելիյե Բիլուրի պես փոքրիկ գյուղերը անցնելուց հետո վերջապես հասնում են Շենիկ սարահարթ։ Հովիվները Մուշի Դարբին, Քերենգան, Գելիյե Գուզան, Շենիկ և Սեմալ սարահարթում 6 ամիս շարունակ կենդանիներ են պահում և պատրաստում պանիր, կաթնաշոռ, կարագ և ղավուրմա։ Փասուր գյուղից սկսած այս վայրերով անցնելուց հետո սկսվում է Մուշի սահմանները, ճանապարհի ձախ կողմում, այսինքն՝ արևմուտքում, հոսում է Արածանի գետը։ Այստեղ են գտնվում Մուշի Քալե, Զենգոկ, Կարմիր Խաչ և
բազմաթիվ այլ գյուղեր։ Կարմիր Խաչ գյուղը նաև Ահարոնքի Հինզե գյուղից փախած և այս գյուղում բնակություն հաստատած Հրայր Դրոժխքի (Արմենակ Ղազարյանի) գյուղն է։
Ժամը 18։00-ի սահմաններում Մուշում հանդիպեցի բարեկամիս և արագ ճանապարհ ընկանք դեպի Առաքելոց վանք։ Մուշի հետևում՝ Ծովասար լեռան արևելյան լանջին գտնվող Առաքելոց վանք տանող ճանապարհ չկար։ Մեքենայով եկանք մինչև Արաք գյուղ։ 2,5 ժամ ոտքով սարը բարձրանալուց հետո վերջապես հասանք Առաքելոց վանք՝ որը գտնվում է Քեշիշ բլրի տակ։ Բայց ես հիասթափված էի։ Վանքը հիմնովին ավերվել էր։ Մնացել էին եկեղեցու գմբեթի մի մասը և պարսպի ավերակները։ Արաքի գյուղացիներն այստեղ վրաններ էին տեղադրել՝ ամառային արոտավայրերում մնալու համար։ Եկեղեցու պարսպի ավերակներից մի քանի կտոր քար վերցրի, որ հասցնեմ Երևան, և մենք հեռացանք Սուրբ Առաքելոց վանքից։ Անդոկ սարի լանջից հավաքածս ծաղիկներն ու Առաքելոց վանքից վերցրածս քարերը դրեցի պայուսակիս մեջ։ Մի քանի օր անց ճանապարհ ընկա Երևան։ Դիարբեքիրից ավտոբուսով 8 ժամ գնալուց հետո ես եկա Իգդիր քաղաք։ Երևան մեկնելու տուրիստական խումբը մի քանի օր առաջ էր գնացել։ Ես Իգդիրից Կարս գնացի մեկ այլ միկրոավտոբուսով։ Այստեղից տաքսի վարձեցի ու գնացի թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող Փոսոֆի շրջան։
Սահմանն անցնելուց հետո Վազգեն քեռիս ու փեսաս՝ Հարութը, ինձ դիմավորեցին, և ուղևորվեցինք Երևան։ Վազգեն քեռիս Ղամիշլիից, Հալեպից և Բեյրութից հետո հաստատվել էր Երևանում։ Վերջապես գիշերով հասա Երևան։ Հաջորդ օրը քեռուս, փեսայիս ու Վազգենիկի՝ հորեղբորս թոռան հետ, գնացինք Ծիծեռնակաբերդ, դրեցի Անդոկ սարի լանջից հավաքածս ծաղիկները և հարգանքի տուրք մատուցեցինք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Ավելի ուշ այցելեցինք Էջմիածին։ Ուզում էի շուտ տեսնել Սասունից եկած ու Թալինում հաստատված հարազատներիս ու գյուղացիներին, ուզում էի գրկել ու համբուրել, կարոտս առնել։
Սկզբում հորեղբորս ընկեր Ռադիկ Համոյանի հետ գնացինք Վերին Բազմաբերդ գյուղ։ Միասին աղոթեցինք: Գրկախառնվեցինք, կարոտներս առանք, հետո գնացինք Թալինի այլ գյուղեր։ Այս գյուղերում կային Զորավար Անդրանիկի մեծ արձանները։ Մշո սուրբ Առաքելոց վանքից բերածս քարերը հատուկ արարողակարգով Ուջանի և Սասունիկի գյուղացիների հետ տեղադրեցինք այս գյուղերում գտնվող Զորավար Անդրանիկի արձանների վրա և մոմեր վառեցինք։ Քարի ու շաղախի կտորներից մեկը նվիրեցի 90 տարեկանից բարձր Հայկ Համոյանի կնոջը։ Հայկ Համոյանը, Զորավար Անդրանիկի խմբի հետ փրկվելով, հեռացել էր Աղպիկ ավանի Քելարեշ գյուղից և ապրում էր Բազմաբերդ գյուղում։ Առաքելոց վանքից բերածս այս քարը Հայկ Համոյանի կինը խնդրեց, համբուրեց քարը, դրեց գլխին ու աղոթեց ինձ համար։ Նա աղոթում էր Զորավար Անդրանիկին, որը փրկեց իրենց։ Աստված պահի-պահապանի։
Այս հոդվածը գրել եմ Զորավար Անդրանիկի ծննդյան 158–րդ տարելիցի կապակցությամբ։
Թուրքերենից թարգմանեց Մերի Ղազարյանը
Akunq.net