Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում ստեղծված ճգնաժամի հիմնական խնդիրն այն է, որ Արցախի կառավարող էլիտան կամ լավ չի հասկանում, կամ նպատակային ձեւով իրական օրակարգից շեղվում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Արցախում առաջնային քննարկումները պաշտոնների, ազդեցության եւ ռեսուրսների վերաբաշխման շուրջ են ընթանում, սրանով շատ լոուրջ հարված է հասցվում Արցախի կենսունակությանը: Արցախի այն պաշտոնյաները, որոնք դա նպատակային չեն անում, պետք է ականջներին օղ անեն, որ մենք իրականում այլ խնդիրների մեջ ենք մխրճված»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Ադրբեջանը միջանցքի հետ կապված գոնե հրապարկային 4-5 նախապայմաններ էր ներկայացրել, որոնցից միայն մեկն էր վերաբերում Ռուբեն Վարդանյանին. «Գլխավոր խնդիրները վերաբերում են Կաշենի հանքում ադրբեջանական հնարավոր ներկայությանը, վերջացրած Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանի կողմից վերահսկողության իրականացմանը: Հիմա քննարկումը նրա շուրջ է, թե դա ինչպես է արտահայտվելու: Կարծես թե ռենտգեն սարքի տեղադրումն արդեն քննարկված, ավարտված է: Այլ հարց է, որ Ադրբեջանի նախապայմանները գնալով մեծանում են, եւ դրանք չեն ավարտվելու նույնիսկ այն դեպքում, եթե հիմա ինչ-որ ձեւով կոնսենսուս լինի եւ միջանցքը բացվի: Որքան ես եմ տեղյակ, քննարկվում է բեռնատար մեքենաների ռենտգեն սարքի անցկացումը, որը հնարավորություն կտա ադրբեջանցիներին որեւէ ձեւով վերահսկելու, թե ինչ ապրանքներ են մտնում Արցախ:
Միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից մարտավրական քայլ է, որի տակ դրվել են բավականին բարդ մի քանի քայլանի սխեմաներ: Ինչքան հայկական կողմը մտնի ադրբեջանական խաղի կանոնների դաշտ, այնքան մեզ համար ավելի է դա մոտեցնելու Արցախի հնարավոր կապիտուլյացիան»,-հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանի հրապարակած 5 սկզբունքները եւ Հայաստանի, այսպես ասած, լրացումները ցույց են տալիս, որ եթե նույնիսկ լինի խաղաղության պայմանագրի ավարտը, եւ ինչպես Ադրբեջանի նախագահն էր նշում՝ լինի բեկում, սա, ըստ էության, կլինի Ադրբեջանի համար բանակցությունները բարեհաջող ավարտի արձանագրում, որովհետեւ այն, ինչի շուրջ բանակցվում է եւ ինչ մասին հրապարակային ասվում է, դա որեւէ ձեւով չի շոշափում Հայաստանի ու Արցախի շահերը: Հենց միայն այն հանգամանքը, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը դուրս է թողնվել բանակցություններից, այն իր տեղը զիջել է պարզապես Արցախում ապրող հայերի իրավունքների օրակարգի, ինքնին արդեն ցույց է տալիս, որ այդտեղ հայկկան կողմը որեւէ դրական ակնկալիք չի կարող ունենալ: Արցախի հանձնման գործընթացը, որն ասածս տրամաբանության ներքո իրականացվում է, ՀՀ իշխանություններին առանձնապես չի էլ նյարդայնացնում»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Հայաստանն ասում է, որ Արցախն ու Ադրբեջանը պետք է առանձին բանակցեն, բայց ի սկզբանե բանակցությունների հիմքում դնում է մոտեցումներ, որը հակասում է արցախյան ազատագրական պայքարի սկզբունքներին, այսինքն ինքնորոշման սկզբունքին, որը ամրագրված էր մադրիդյան փաստաթղթում եւ այն բանակցությունների առարկա էր 2007-2018 թվականներին:
«Հիմա ՀՀ իշխանություններն ինքնորոշման իրավունքի սկզբունքը դուրս են բերել բանակցություններից,թեման քննարկվում է բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի մոտեցումները ԼՂ հայերի ազատությունների եւ իրավունքների մասով իրենց բավարարում է: Այս պայմաններում Հայաստանը վերջնական փուլը, որը դառնում է ըստ էության, Արցախի հանձնում կամ ադրբեջանացում, ասում է՝ ես դուրս եմ գալիս եւ Արցախին թողնում եմ մենակ ադրբեջանցիների առաջ»,-ընդգծեց Տիգրան Աբրահամյանը:
Նա նկատեց, որ խնդիրն այն չէ, որ Արցախի թեման որեւէ ձեւով խաղաղության պայմանագրում ամրագրվի, այլ այն է, թե ինչպիսի ամրագրում է այն ստանալու. «Եթե ամրագրվելու է միայն արցախցիների իրավունքների եւ ազատությունների հարցը, դա նշանակում է, որ խաղաղության պայմանագրով ամրագրվելու է Արցախի՝ Ադրբեջանին հանձնման գործընթացը»:
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը դուրս է մնացել բանակցություններից, նա պատասխանեց. «Չեմ կարծում, թե Ռուսաստանն այս գործընթացից դուրս է մնացել կամ ինքը նման նպատակ է հետապնդում: Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում գործընթացի վարման գործընթացն իր ձեռքը վերցնելու հարցում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ կա խորը դիմակայություն եւ որոշակի հայտարարություններով արտահայտում է այդ դիմակայությունը: Իսկ մնացած առումներով Ռուսաստանն իր ներգրավվածությունն ապահովում է, բայց թե ինչ կունենանք 4-6 ամիս հետո եւ իրականում ով հիմնական դեր կստանձնի բանակցային գործընթացում, դեռ դժվար է ասել»: