կարևոր
1837 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-22 19:43
Աշխարհ

Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական միջոցների ներհոսքն ավելացել է 62.7%–ով. ՀԲ

Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական միջոցների ներհոսքն ավելացել է 62.7%–ով. ՀԲ

2025 թ. օգոստոսին ՀՀ–ում տնտեսական ակտիվության աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ թուլացել է` կազմելով 7.5 տոկոս։ Այդ մասին նշված է Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը։

ՀԲ–ից նշում են, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիսին Հայաստանում կազմել է 9 տոկոս։
Ինչ վերաբերում է դրամական փոխանցումներին, ապա, ըստ բանկի, ոչ առևտրային, զուտ դրամական փոխանցումների ցուցանիշն օգոստոսին բարձրացել է 29.1 տոկոսով` հիմնականում Ռուսաստանից ներհոսքի հաշվին։

Նշվում է, որ Ռուսաստանից ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքն ավելացել է 62.7 տոկոսով, իսկ ԱՄՆ–ից` 9.7 տոկոսով։

Անդրադառնալով գնաճին` ՀԲ–ից նշել են, որ այն սեպտեմբերին բարձրացել է` հասնելով 3.7 տոկոսի։ Արդյունքում թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումն օգոստոսին էապես նվազել են թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման փուլային դադարի պատճառով։

«Աճին հիմնականում նպաստել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 5.8 տոկոսանոց գնաճը։ Սեպտեմբերին գնաճի ցուցանիշի աճին նպաստել են նաև սպառողական զամբյուղում համակցված 18 տոկոս մասնաբաժին ունեցող առողջապահության (3.5 տոկոսով) և տրանսպորտի (4.1 տոկոսով) ճյուղերը»,– նշված է հրապարակման մեջ։
Ըստ ՀԲ–ի` օգոստոսին առևտրային բանկերի ավանդներն ու վարկերն աճել են 1.9 տոկոսով։ Երկու դեպքում էլ աճը պայմանավորված է եղել ՀՀ դրամով արտահայտված միջոցների ընդլայնմամբ։

«Վարկերի աճը եղել է հիմնականում արդյունաբերության (արտարժութային) և սպառողական (ՀՀ դրամ) վարկերի հաշվին։ Ընդհանուր ավանդների փոխարժեքով ճշգրտված տարեկան աճը կազմել է 15.8 տոկոս, իսկ վարկերի դեպքում՝ 27.2 տոկոս։ Օգոստոսին բյուջեն հավասարակշռված է եղել։ Հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը) անվանական արտահայտությամբ աճել են 10.9 տոկոսով՝ պայմանավորված ԱԱՀ–ի (աճը 21 տոկոս), եկամտային հարկերի (աճը՝ 10.4 տոկոս) և շահութահարկերի (աճը՝ 35.3 տոկոս) հավաքագրման ավելի բարձր ցուցանիշով»,– նշել են Համաշխարհային բանկից։

Ըստ ՀԲ–ի` դեպի Հայաստան ուղիղ ներդրումները հիմնականում ուղղվել են հանքարդյունաբերությանը և ավիացիային։