Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներքին ու արտաքին քաղաքական հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Հայաստան» դաշինքի ցուցակի 6-րդ տեղում պատգամավորի թեկնածու, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի հետ։
- Տիկի՛ն Գալստյան, արդեն պլանավորե՞լ եք, թե ինչպես եք անցկացնելու քարոզարշավը։ Ինչպե՞ս եք հանդիպելու քաղաքացիների հետ, խոսելու՝ հաշվի առնելով նաև ներկա լարվածությունը, սահմանագծման ու սահմանազատման հետ կապված խնդիրները, Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումը։
- Իսկապես Հայաստանում արտակարգ, անբացատրելի իրավիճակ է։ Մի կողմից՝ խաթարված ինքնիշխանություն, մյուս կողմից՝ ընտրություններ։ Սրանք սովորական ընտրություններ չեն։ Հայաստանի լինելու և չլինելու ընտրությունն է։ Երկրին և մեզ այս հանգրվանին հասցրեց մոլագար ազգակործանը։ Եթե պարտվածը, ինչը բնական էր քաղաքագիտակական և բարոյական առումներով, հեռանար ժամանակին, մեր պարտությունները գնալով չէին խորանա։ Մենք գրեթե անդառնալիության շեմին ենք։ Ըստ էության, ցավոք, ընտրությունները մնացին չարիքից ազատվելու և երկրի կործանումը կասեցնելու միակ ճանապարհը։ Մենք չենք կարող շարունակել արձանագրել պետականության կորուստը։ Քարոզարշավն էլ սովորական չէ։ Մոլորված, ատելության և ողբերգության մեջ պարփակված ժողովրդի հետ պետք է խոսել։ Պետք է ընկալելի բացատրել, որ ելքեր կան, կարելի է վիճակը շտկել, քանդվող երկիրը ոտքի հանել։
- Պատրա՞ստ եք այն բոլոր սցենարներին, որ իշխանությունները կարող են մատուցել՝ վարչական ռեսուրսի կիրառման, ընդդիմադիրներին հետապնդելու և ձերբակալելու, շտաբներ ներխուժելու տեսանկյունից։
- Այս իշխանություններն ունակ են ամեն ինչի։ Պատերազմ ստողից ու զոհվածների մարմին թաքցնողից, պարտությունը հպարտություն համարող մոլագարից ամեն բան սպասելի է։ Մենք էլ պիտի պատրաստ լինենք։ Նահանջելու տեղ չկա։ Սա ոչ թե իշխանության գալու համար շարքային ընտրարշավ է, այլ պետականության գոյապայքար։
- Արտաքին հարաբերություններում ո՞ր երկրների հետ եք աշխատանքի տեղ տեսնում։ Հայաստանի տարածքների, սահմանների շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ի՞նչ քայլեր եք ձեռարկելու՝ հաշվի առնելով ադրբեջանաթուրքական ճնշումներն ու գործող իշխանությունների անգործությունը։ Հայաստանի գործընկերների արձագանքն ինչպե՞ս եք գնահատում՝ կապված Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժման հետ։
- Իշխանությունների հանցավոր սխալների արդյունքում, բոլոր ոլորտներում, այդ թվում արտաքին հարաբերություններում, միայն ձախողումներ ենք արձանագրել։ Հայաստանն անօգնական է և մեկուսացած․․․ Սա զրոյական կետից ամեն բան սկսելու ստահակ ամբարտավանության և տգիտության արդյունքն է։ Մենք մեր միջազգային հարաբերությունները վերականգնելու և առողջացնելու խնդիր ենք դրել։ Վարելու ենք հավասարակշիռ և հետևողական արտաքին քաղաքականության, տարածաշրջանային հարևանների հետ մեր համագործակցությունը լինելու է արդյունավետ և արժանապատիվ։ Աշխարհաքաղաքական մարտահրավերները շատ են։ Եվ դրանք պահանջում են, որ տարածաշրջանում շահեր հետապնդող դաշնակից երկրների հետ ձևավորվեն համագործակցության և տարածաշրջային խաղաղության նոր մոդելներ։ Մենք թե՛ Ռուսաստանի, թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի, նաև այլ երկրների հետ, ունենք բարեկամական և ռազմավարական հարաբերությունների մեծ պոտենցիալ, որ ցավոք չի արդյունավորվել։ Պիտի բոլոր ոլորտներում, նորից քարը քարի վրա դնելով՝ երկիր կառուցենք։ Սա է իրականությունը։
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք նախատեսել։ Ո՞ր երկրների և կառույցների հետ եք ավելի ինտենսիվ աշխատելու այս հարցում։
- Մեզ համար Արցախի կարգավիճակի հարցը և Արցախի մեր հայրենակիցների անվտանգության հարցը փակված չէ։ Ձգտելու ենք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիային միջազգային գնահատական տրվի։ Համոզված ենք, որ խաղաղ բանակցությունների նոր փուլով կարող ենք հասնել արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը: Ի վերջո պիտի կարողանանք ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային այլ կազմակերպություններում ընձեռած բոլոր հնարավորությունները լիարժեք օգտագործել։
Աղբյուրը՝ Hraparak.am