կարևոր
9118 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-26 20:24
Աշխարհ Քաղաքական

Եվրոպական միություն

Եվրոպական միություն

20-րդ դարասկզբին տեղի ունեցած երկու համաշխարհային պատերազմները նյութական և բարոյական մեծ վնաս պատճառեցին համաշխարհային տնտեսությանն ու քաղաքակրթությանը:

Մարդկությունը ձգտում էր եզրակացություններ անելու պատմության դաժան դասերից և ելքեր գտնելու պատերազմի հետևանք բազմաթիվ ճգնաժամերից:

Արևմտաեվրոպական առաջատար տերությունները որոնում էին հետպատերազմյան աշխարհում ինքնահաստատվելու նորանոր ուղիներ: Հատկանշական է, որ եվրոպական պետությունները հզոր և ահեղ հակառակորդներից պաշտպանվելու հնարավորությունը տեսնում էին միավորման մեջ:

Երկրորդ աշխարհամարտը աշխարհը բաժանեց մեծ տերությունների միջև, ձևավորվեցին ազդեցության նոր գոտիներ ու ոլորտներ: Սոցիալ-տնտեսական, քաղաքական և գաղափարական երկու տարբեր համակարգերի (խորհրդային և կապիտալիստական) հակադրման պայմաններում այդ ամենը վերածվում է դաշինքների միջև ահեղ հակամարտության, որն ստանում է Սառը պատերազմ անվանումը:

Սառը պատերազմի հետևանքով ինտեգրացման գործընթացները զարգանում են երկու հակադիր դաշինքների ներգործության հիման վրա, մայրցամաքի արևմուտքում հետպատերազմյան տարիներին առաջին անգամ ձևավորվում են ռազմաքաղաքական և մարդասիրական (հումանիտար) համագործակցության կազմակերպություններ, որոնց թվում էին 1947 թ. բրյուսելյան դաշնագրի հիման վրա կազմավորված Արևմտաեվրոպական միությունը, 1949 թ. ստեղծված Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդասիրական համագործակցության կազմակերպություն:

Միացյալ Նահանգների սատարումը (հիմք ընդունելով «խորհրդային սպառնալիքի» գոյությունը) բարենպաստ պայմաններ է ստեղծում «եվրոպական գաղափարի» գործնականացման համար: ԱՄՆ-ի հովանավորությամբ ստեղծվում են Եվրոպական վճարային միությունը և Տնտեսական համագործակցության եվրոպական կազմակերպությունը, որը հետագայում վերակազմավորվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) : 1948 թ. Հաագայում տեղի ունեցած արևմտաեվրոպական հասարակայնության վեհաժողովում ծնունդ է առնում ազդեցիկ Եվրոպական շարժումը: 1949 թ. ստեղծվում է Եվրոպայի խորհուրդը՝ օժտված լայն, թեև փոքր-ինչ անորոշ լիազորություններով: 1948 թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Բենիլյուքսի երկրները հիմնում են Արևմտաեվրոպական միությունը:

Արևմտաեվրոպական պետությունների զգալի մասը ստորագրում է ռազմաքաղաքական դաշինքի ստեղծումը ձևակերպող հյուսիսատլանտյան ակտը, որի նպատակն էր «արևելյան դաշինքին» և նրանից բխող պոտենցիալ ռազմական սպառնալիքին հակազդելը :

Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ընտրվում է Արևմտյան Եվրոպայի անվտանգության հիմնախնդրի լուծման սկզբունքորեն այլ ուղի. ստեղծվում է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ), որի կազմի մեջ է մտնում նաև Արևմտյան Գերմանիան՝ այդ ժամանակ որպես նոր պետություն ձևավորված Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը:

Այսպիսով՝ քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում գրեթե միաժամանակ ստեղծվում են համաեվրոպական կազմակերպություններ:

Եվրոպայի պարագայում առաջնահերթ գերխնդիրներ դիտվեցին տարածաշրջանում խաղաղության պահպանումն ու ամրապնդումը, որոնցով էր առաջին հերթին պայմանավորված Արևմտյան Եվրոպայի հետպատերազմյան քայքայված տնտեսության վերականգնումն ու կայուն զարգացումը, իսկ դրան հասնելու միջոցը եվրոպական պետությունների միջև առողջ քաղաքական և տնտեսական համագործակցությունն էր, որի տրամաբանական զարգացման հետևանքով առաջացան ինտեգրացման առանձին ոլորտներ:

Հասարակարգային զարգացումները հիմնարար նախադրյալներ ստեղծեցին դեռևս հեռավոր անցյալում սկզբնավորված Եվրոպայի միավորման գաղափարի կենսագործման համար:

Եվրոպական միության իրավունքը սկիզբ է առել և զարգացել 1951 թ. Եվրոպական ածխի և պողպատի ընկերակցության ինտեգրացիոն կազմավորման, 1957 թ. Եվրոպական տնտեսական ընկերակցության և Եվրոպական ատոմային էներգիայի ընկերակցության ինտեգրացիոն կազմավորումների ստեղծումով:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մի քանի տարի անց տարաձայնություններ են առաջանում Գերմանիայի նախկին տարածքում նորաստեղծ պետություն հանդիսացող Արևմտյան Գերմանիայի և Ֆրանսիայի միջև Ռուրի և Սաարի ածխահանքերի առնչությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո այդ ածխահանքերը վերցվում են Գերմանիայից և հանձնվում Ֆրանսիայի վերահսկողությանը: Քանի որ դրանք ռազմական արդյունաբերության կարևորագույն աղբյուրներ էին, Արևմտյան Գերմանիան ամեն կերպ ցանկանում էր վերականգնել իր նախկին իշխանությունը դրանց նկատմամբ։ Արևմտյան Գերմանիայի և Ֆրանսիայի միջև տարաձայնությունները մեղմելու և նոր ռազմական բախումները կանխելու նպատակով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը 1950 թ. մայիսի 9-ին առաջարկում է ստեղծել վերպետական հատկանիշներով մի ինտեգրացիոն կազմավորում և այդ ածխահանքերի կառավարումը հանձնել տվյալ ինտեգրացիոն կազմավորմանը: Շումանի պլանն ավելի խոր համագործակցություն էր ենթադրում, որը կյանքի է կոչվում 1951 թ. ապրիլի 18-ին կնքված Փարիզի համաձայնագրով (ուժի մեջ է մտնում 1952 թ. 50 տարի ժամկետով): Այդ համաձայնագրով հիմնադիր 6 երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Բելգիան և Լյուքսեմբուրգը, ստեղծում են Ածխի և պողպատի եվրոպական համայնքը՝ ԱՊԵՀ, որի նպատակն է դառնում համընդհանուր կառավարման ներքո կազմակերպել անդամ երկրներում ածխի և պողպատի արտադրությունը, հատկապես՝ ռազմական արդյունաբերության ոլորտում, որպեսզի կանխվի անդամ երկրներից մեկի կողմից զենքի օգտագործումը մյուսի դեմ: Մեծ Բրիտանիան հրաժարվում է անդամակցել այդ ինտեգրացիոն կազմավորմանը, քանի որ նա դեմ էր վերպետական բնույթի համագործակցությանը և չէր ցանկանում զիջել իր ինքնիշխանությունը:

Մեծ Բրիտանիայի ջանքերով է 1949 թ. ստեղծվում միջկառավարական համագործակցության վրա հիմնված ինքնուրույն միջազգային կազմակերպություն հանդիսացող Եվրոպայի խորհուրդը, որի գլխավոր նպատակներն էին անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության տարածումը, իրավունքի գերակայության ապահովումը:

«Եվրոպական ածխի և պողպատի ընկերակցության հիմնադրման մասին» պայմանագրով 6 անդամ պետությունների միջև ստեղծվում է ածխի և պողպատի ընդհանուր շուկա: Այդ պայմանագիրը կնքվում է 50 տարի ժամկետով, և 2002 թ. հուլիսի 23-ին դրա գործողությունը դադարում է :

1957 թ. մարտի 25-ին կնքվում են Հռոմի համաձայնագրերը, որոնցով պայմանավորված՝ ստեղծվում են Եվրոպական տնտեսական համայնքը (ԵՏՀ) և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը (Եվրատոմ)՝ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման համար:

Ատոմային էներգիան առանձնացվում է ընդհանուր տնտեսությունից որպես համագործակցության առանձին ոլորտ, և դրա համար ստեղծվում է ինքնուրույն ինտեգրացիոն կազմավորում այն պարզ պատճառով, որ այն մեծ կարևորություն էր ներկայացնում, և այս ոլորտում անհրաժեշտ էր համագործակցությունը կարգավորել առանձին ձևաչափով:

1967 թ. հուլիսին հիշյալ երեք կազմակերպությունները (ԵՏՀ, ԱՊԵՀ, Եվրատոմ) միաձուլվում են՝ ստեղծելով Եվրոպական համայնքը (ԵՀ):

Ինտեգրացիոն գործընթացների զարգացման ուղղությամբ կատարված հաջորդ քայլը 1966 թ. անդամ պետությունների միջև լյուքսեմբուրգյան համաձայնագրի կնքումն էր:

1970-ական թվականներից սկսվում է Եվրոպական միության ընդլայնումը: Այսպես՝ 1973 թ. հունվարի 1-ին Դանիան, Իռլանդիան և Միացյալ Թագավորությունը պաշտոնապես անդամակցում են Եվրոպական միությանը:

1974 թ. դեկտեմբերի 10-ին ԵՄ առաջնորդները ստեղծում են Եվրոպական տարածաշրջանային զարգացման հիմնադրամը, որի նպատակն է Եվրոպական միության հարուստ շրջաններից գումար փոխանցել աղքատ շրջաններին՝ ճանապարհները և հաղորդակցության ուղիները վերանորոգելու, ներդրումներ ապահովելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար, հրատապ են դառնում տարածաշրջանային աջակցության ծրագրերը:

1986 թ. փետրվարին ստորագրվում և 1987 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում միասնական եվրոպական ակտը, որով ամրագրվում է մինչև 1993 թ. հունվարի 1-ը եվրոպական միասնական շուկա ստեղծելու գաղափարը: Միասնական եվրոպական ակտը եվրոպական ընկերակցությունների ստեղծումից հետո հիմնադիր փաստաթղթերում արմատական փոփոխություններ և լրացումներ կատարող առաջին փաստաթուղթն էր:

Սակայն կնքված համաձայնագրերը ամբողջությամբ չեն հարթում անդամ պետությունների տարաձայնությունները: Նրանց անհրաժեշտ էր մի նոր իրավական հիմք՝ համայնքների ինստիտուցիոնալ և իրավական համակարգերի լուրջ բարեփոխումների համար: 1990 թ. սկզբին Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ՝ գտնելու իրենց գործունեության ակտիվացմանը նպաստող նոր ուղիներ, ընդ որում՝ ոչ միայն տնտեսության, այլև արտաքին քաղաքականության և եվրոպական անվտանգության ոլորտներում: 1991 թ. դեկտեմբերին պետությունների կառավարությունների ղեկավարները հավանություն են տալիս այս առաջարկություններին և 1992 թ. փետրվարի 7-ին Մաաստրիխտ քաղաքում (քաղաք Նիդեռլանդներում) ստորագրում պայմանագիր, որն ուժի մեջ է մտնում միայն 1993 թ. նոյեմբերի 1-ին :

Մաաստրիխտի պայմանագրի պաշտոնական անվանումն է «Եվրոպական միության մասին պայմանագիր»: Այս պայմանագրի կնքումը արմատական քայլ էր ինտեգրացիոն գործընթացների խորացման համատեքստում, քանի որ այն անդամ պետությունների համագործակցությունը տեղափոխում էր լիովին նոր հարթություն: Ըստ Մաաստրիխտի պայմանագրի, որ Եվրոպական միության հիմնաքարն է, ստեղծվում է նոր ինտեգրացիոն կազմավորում, որն անվանվում է Եվրոպական միություն, ձևավորվում են անդամ պետությունների միջկառավարական համագործակցության ոլորտները, սահմանվում են տնտեսական և արժութային միության ստեղծման իրավական հիմքերը, Եվրոպական տնտեսական ընկերակցությունը վերանվանվում է Եվրոպական ընկերակցություն, հիմնադրվում են Եվրոպական միության քաղաքացիության ինստիտուտը և Եվրոպական կենտրոնական բանկը, ստեղծվում է Եվրոպական միության մարդու իրավունքների պաշտպանի հաստիքը, ընդլայնվում են ԵՄ նպատակները` ընդգրկելով շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական պաշտպանության, արժութային միության ստեղծման ոլորտները, ամրագրվում է Եվրոպական միության՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության պարտականությունը :

Այսպիսով՝ Մաաստրիխտի պայմանագիրը սկզբունքորեն նոր կազմակերպության հիմնադրման մասին փաստաթուղթ է:

Մաաստրիխտի համաձայնագրի շրջանակներում «Եվրոպական համայնք» անվանումը պաշտոնապես փոխարինվում է «Եվրոպական միություն» (ԵՄ) անվամբ: 1993 թ. հունվարի 1-ին այդ պայմանագրով միասնական շուկան և նրա չորս բաղադրիչների՝ ապրանքների, ծառայությունների, անձանց և կապիտալի ազատ տեղաշարժը դառնում են իրականություն:

1992 թ. Եվրոպական միությունը որոշում է Եվրոպական արժութային միության (European Monetary Union) ստեղծման մասին , ինչը ենթադրում է մեկ միասնական եվրոպական արժույթի ներմուծումը Եվրոպական կենտրոնական բանկի կառավարման ներքո:

1995 թ. հունվարի 1-ին Ավստրիան, Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցում են Եվրոպական միությանը: 1990-ական թթ. կեսերին նախկին սոցիալիստական ճամբարի երկրները՝ Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, մերձբալթյան երեք երկրները՝ նախկին Խորհրդային Միության հանրապետություններ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, նախկին Հարավսլավիայի Հանրապետությունից Սլովենիան և երկու միջերկրածովյան երկրներ՝ Կիպրոսը և Մալթան, նույնպես ցանկություն են հայտնում անդամակցելու Եվրոպական համայնքին: Ապագա անդամակցության շուրջ բանակցությունները սկսվում են 1997 թ. դեկտեմբերին:

1995 թ. մարտի 26-ին ԵՄ անդամ 7 երկրների միջև՝ Բելգիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ և Պորտուգալիա, կնքվում է շենգենյան համաձայնագիրը, որի նպատակը այդ երկրների սահմաններում առանց անձնագրի ճանապարհորդելն է: Շենգենյան համաձայնագրին են միացել Եվրոպական միության 25 անդամ երկրներ :

Եվրոպական միության մասին պայմանագրից հետո Ամստերդամի պայմանագրի կնքումը եվրոպական իրավունքի զարգացման հաջորդ փուլն էր: Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ կայացած միջկառավարական կոնֆերանսում ընդունվում է Ամստերդամի համաձայնագիրը (1997 թ. հոկտեմբերի 2-ին անդամ պետությունները ստորագրում են Ամստերդամի պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում 1999 թ. մայիսի 1-ին), որը բարեփոխում է Մաաստրիխտի պայմանագիրը և Եվրոպական միության հիմնադրման մի շարք այլ փաստաթղթեր:

Ամստերդամի համաձայնագիրը պարունակում է համայնքների և միության շրջանակներում անդամ պետությունների համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված սկզբունքորեն կարևոր դրույթներ և բարելավում է ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում ստեղծված իրավիճակը: Սակայն Ամստերդամի պայմանագրում չկարգավորված ինստիտուցիոնալ սկզբունքներ կային, որոնց կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 2001 թ. փետրվարի 26-ին ստորագրվում է Նիցցայի պայմանագիրը և ուժի մեջ մտնում 2003 թ. սկզբից:

2004 թ. հոկտեմբերի 29-ին Եվրոպական միության 25 անդամ երկրները ստորագրում են եվրոպական սահմանադրության մասին համաձայնագիրը, որը նախքան ուժի մեջ մտնելը պետք է վավերացվեր բոլոր 25 անդամ երկրների կողմից: 2005 թ. անցկացված հանրաքվեների ժամանակ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Նիդեռլանդներում քաղաքացիները դեմ են քվեարկում այդ սահմանադրությանը: Եվրոպական միության ղեկավարները հայտարարում են հիշյալ բանակցությունների ժամանակավոր դադարի մասին:

2007 թ. հունիսի 21-ին Եվրոպական խորհրդի անդամները հանդիպում են Բրյուսելում, որպեսզի համաձայնության գան նոր համաձայնագրի շուրջ, որը պետք է փոխարիներ մերժված սահմանադրությանը: Այդ պայմանագիրը ստորագրվում է 2007 թ. դեկտեմբերի 13-ին Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում: Ուժի մեջ մտնելով 2009 թ. դեկտեմբերի 1-ին` Լիսաբոնի պայմանագիրը անդամ պետությունների համագործակցությունը բարձրացնում է նոր իրավաքաղաքական հարթություն:

Լիսաբոնի պայմանագիրը եղել է ինտեգրացիոն գործընթացների խորացման և եվրոպական իրավունքի զարգացման վերջին փուլը: Այն եկավ փոխարինելու Եվրոպական միության 2004 թ. սահմանադրության նախագծին, որի ընդունման գործընթացը 2005 թ. տապալվեց Ֆրանսիայում և Նիդեռլանդներում անցկացված հանրաքվեներում բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Լիսաբոնյան համաձայնագիրը սահմանում է Եվրոպական միության՝ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, արդարության, հավասարության, օրենքի գերակայության ու կայունության ապահովման նպատակն ու արժեքները: Ցանկացած եվրոպական երկիր, որը հարգում է ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության սկզբունքները, կարող է հավակնել դառնալու Եվրոպական միության անդամ:

1993 թ. Կոպենհագենում Եվրոպական միության խորհուրդն ամրագրում է անդամակցության գործընթացի հիմքը՝ հայտարարելով, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները, որոնք ցանկանում են դառնալ Եվրոպական միության անդամ, կստանան այդ հնարավորությունը, եթե պահպանում են անդամակցության նախապայմաններ սահմանված կոպենհագենյան հետևյալ չափանիշները՝

1. ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության երաշխավոր հաստատությունների կայունություն (քաղաքական չափանիշներ),

2. շուկայական տնտեսության առկայություն, ինչպես նաև կարողություն՝ դիմակայելու մրցակցության ճնշմանը և շուկայի ուժերին միության ներսում (տնտեսական չափանիշներ),

3. անդամակցության պարտավորությունների ստանձնման կարողություն, ներառյալ քաղաքական, տնտեսական և արժութային միության նպատակների իրականացումը:

Վավերացման գործընթացի ավարտից հետո՝ ծրագրված ժամկետում, պայմանագիրը մտնում է ուժի մեջ, և ասոցացված տվյալ պետությունը դառնում է անդամ պետություն :

Եվրամիության և գործընկեր երկրների միջև երկկողմանի հարաբերությունների պաշտոնականացումը կատարվում է գործընկերության և համագործակցության համաձայնագրերի միջոցով: ԳՀՀ-ն բազմաբնույթ համաձայնագիր է, որում ներգրավված են 17 կողմեր՝ մի կողմից՝ գործընկեր երկիրը և մյուս կողմից՝ համայնքը՝ որպես միջազգային իրավական մարմին, և 15 անդամ պետությունները: ԳՀՀ-ն ստորագրվում է համայնքի և վավերացվում յուրաքանչյուր անդամ պետության կողմից՝ իր ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան:

ԳՀՀ-ները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված իրավական դրույթներ, որոնք սահմանում են ԵՄ-ի և գործընկեր երկրների քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունները: Յուրաքանչյուր ԳՀՀ տասնամյա երկկողմանի համաձայնագիր է, որը ստորագրվում և վավերացվում է ԵՄ-ի և տվյալ պետության կողմից :

ԳՀՀ-ն սահմանում է համագործակցության լայն բնագավառներ քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսական, օրենսդրական և մշակութային համագործակցության ոլորտներում: Այդ երկխոսությունը կառուցվում է միջազգային խաղաղության և անվտանգության, ինչպես նաև վեճերի խաղաղ կարգավորմանը նպաստելու միացյալ պարտավորությունների վրա: ԳՀՀ-ն ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները՝ բացի պաշտպանությունից:

ԳՀՀ-ով նախատեսվում էր ստեղծել հետևյալ ինստիտուտները՝ խորհուրդը, կոմիտեն և խորհրդարանական կոմիտեն, որոնք հիմնվում են 1999 թ. հուլիսի 1-ին ԳՀՀ-ի ուժի մեջ մտնելուց հետո :
2004 թ. մայիսին ԵՄ ընդլայնման հետևանքով փոխվում են Եվրոպական միության արտաքին սահմանները, ԵՄ-ն ձեռք է բերում սահմանակից նոր հարևան երկրներ, որից ԵՄ-ի համար բխում են նոր հնարավորություններ և մարտահրավերներ:

Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ/ENP) նպատակն է դառնում 2004 թ. ԵՄ ընդլայնման օգուտներից հարևան երկրներին բաժին հանելը՝ բոլոր շահագրգիռ կողմերի համար կայունության ու անվտանգության ամրապնդման և բարեկեցության ապահովման նպատակով: ԵՀՔ նպատակն է աջակցել 2003 թ. դեկտեմբերի եվրոպական անվտանգության ռազմավարությամբ սահմանված ԵՄ ռազմավարական նպատակներին՝ ԵՄ հարևանությամբ անվտանգության ապահովմանը:

2004 թ. մայիսի 12-ին եվրոպական հանձնաժողովը ներկայացնում է երկրի հաշվետվությունները և ռազմավարական փաստաթուղթ, որով սահմանվում են ԵՀՔ-ի իրականացման սկզբունքները, աշխարհագրական սահմանները, մեթոդաբանությունը և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող խնդիրները: Այս փաստաթուղթը պարզաբանում է նաև ԵՀՔ-ի իրականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման ուղիները, սահմանում համագործակցության զարգացման ձևերն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսական ու սոցիալական զարգացումը, առևտուրը և էներգետիկան:

Հիմնվելով ռազմավարական փաստաթղթի վրա՝ 2004 թ. դեկտեմբերի 9-ին հանձնաժողովը ներկայացնում է գործընկեր երկրների հետ գործողությունների ծրագրերի առաջին փաթեթը, որում սահմանված են այն գերակայությունները, որոնք վերաբերում են առանցքային ոլորտներին՝ քաղաքական երկխոսություն և բարեփոխումներ, առևտուր և ԵՄ ներքին շուկայում մասնաբաժին ձեռք բերելու համար գործընկերներին նախապատրաստելու միջոցառումներ, արդարադատություն և ներքին գործեր, էներգետիկայի ոլորտ, տրանսպորտ, տեղեկատվական համակարգեր, բնապահպանություն, գիտահետազոտական աշխատանքներ և նորարարություն, սոցիալական քաղաքականություն և անձնական շփումներ:

Երկրի հաշվետվությունները ներկայացնում են երկկողմանի համաձայնագրերի և համապատասխան բարեփոխումների իրականացման արդյունքները, նկարագրում քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակն այդ երկրներում և կենտրոնանում Եվրոպական հարևանության քաղաքականության գերակա ոլորտների վրա՝ սահմանելով մեկնարկային կետ համատեղ գործողությունների ծրագրերի մշակման համար: Հարևանության ծրագրերի արդյունավետ իրականացման և համակարգման համար անհրաժեշտ էր ԵՄ-ում և գործընկեր երկրներում ստեղծել նոր գործառնական կառույցներ՝ ներքին ֆինանսավորման, արտաքին ֆինանսավորման և համատեղ կառավարման :

2009 թ. մայիսի 7-ին Պրահայում կայացած Եվրոպական միության 27 և Արևելյան գործընկերության 6 երկրների ու կառավարության ղեկավարների գագաթնաժողովն ընդունում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) վերաբերյալ համատեղ հռչակագիրը, որով առավել սերտ համագործակցության ու նոր նախաձեռնությունների իրականացման սկիզբ է դրվում: Արևելյան գործընկերության նպատակն է դառնում ընդլայնել համագործակցությունը Եվրոպական միության 27 անդամ երկրների և նախկին ԽՍՀՄ 6 պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Ադրբեջանի միջև:

Արևելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությունն իրականացվում է 12 փորձագիտական աշխատանքային խմբերի միջոցով 4 տարբեր թեմատիկ պլատֆորմներում՝

1. ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն,
2. տնտեսական ինտեգրում և համապատասխանեցում ԵՄ քաղաքականությանը,
3. էներգետիկ անվտանգություն,
4. մարդկանց միջև շփումներ :

Արևելյան գործընկերությունը նախատեսում է ավելի սերտ քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում Եվրոպական միության հետ՝ հատկապես խթանելով շարժունակությունը, էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտի ոլորտը, գյուղատնտեսությունը, բնապահպանության շուրջ համագործակցությունն ու մերձեցման քաղաքականությունը: Ասոցացման համաձայնագրի նպատակն է խորացնել Եվրոպական միության հետ գործընկեր երկրների քաղաքական ասոցացումը և խթանել տնտեսական ինտեգրումը: Ինչպես Եվրոպական հարևանության քաղաքականության, այնպես էլ Արևելյան գործընկերության ծրագրերի նպատակն է գործընկեր երկրներին մերձեցնել ու ինտեգրել Եվրոպական միությանն ու նրա արժեքներին:

ԵՄ կարևոր առաքելությունը իր ստեղծման պահից եղել է ինտեգրման քաղաքականության իրականացումը` պահպանելով խաղաղության, ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության, հանդուրժողականության և համերաշխության սկզբունքները:

ԵՄ-ն հանդես է գալիս աջակցության մի շարք ծրագրերով, ֆինանսավորում քաղաքացիական հասարակության նորարարական նախաձեռնությունները (այդ թվում՝ երիտասարդական, բնապահպանական, կրթական և առողջապահական մի շարք նախաձեռնություններ) իրականացնող սոցիալական ձեռնարկություններին, համայնքային և նախաձեռնող խմբերին:

Ներկայիս աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական գործընթացները անմիջական ազդեցություն ունեն Եվրոպայի անվտանգային միջավայրի վրա, ի հայտ են գալիս նոր սպառնալիքներ, ինչպես նաև այլ գործոններ, այդ թվում՝ ժողովրդագրական միտումները, անօրինական միգրացիան, քաղաքական անկայունությունը (ԵՄ երկրներում՝ ցույցեր ), ահաբեկչությունները, ծայրահեղական խմբավորումները, էներգետիկ ճգնաժամը և այլն:

Անվտանգության առումով ԵՄ-ի համար կենսական նշանակություն ունի Անդրատլանտյան դաշինքը. ԵՄ-ին անդամակցող յուրաքանչյուր երկրի անվտանգությունն անքակտելիորեն կապված է ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում իր դաշնակիցների անվտանգության հետ:

Անդրատլանտյան դաշինքը կենսական նշանակություն ունի առհասարակ Եվրոպայի անվտանգության համար: Հետևաբար, լինելով հավաքական Արևմուտքի բաղադրիչ մաս, ԵՄ-ն որոշ չափով զրկված է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իր քաղաքականությունը մասամբ կառուցում է՝ նկատի ունենալով ԱՄՆ կենսական շահերը: Ինչպես նշվում է ԱՄՆ ռազմավարության մեջ, ԱՄՆ ազգային կենսական շահերը պարտադրում են հաստատել սերտ կապեր Եվրոպայի և արևմտյան կիսագնդի հետ, խորացնել համագործակցությունը անդրատլանտյան գործընկերությունների հետ` ձևավորելով ամուր, ընդհանուր օրակարգ Եվրամիության և Միացյալ Թագավորության հետ որոշիչ խնդիրների վերաբերյալ :

Անդրադարձ կատարելով Եվրամիության ստեղծմանը, բուն նպատակներին և դիտարկելով ԵՄ ներկայիս քաղաքականությունը՝ կարելի է ասել, որ ԵՄ-ն շեղվել է իր սկզբունքներից:

Համաձայն Համաշխարհային տնտեսության ինստիտուտի օգոստոսյան վիճակագրության՝ Ֆրանսիան Ուկրաինային հատկացրած 233 միլիոն եվրոյի ռազմական օգնությամբ 11-րդ տեղում է աշխարհում՝ զգալիորեն զիջելով ԱՄՆ-ին (25 միլիարդ եվրո), Մեծ Բրիտանիային (4 միլիարդ եվրո) և Լեհաստանին (1.8 միլիարդ եվրո): Գերմանիան չորս անգամ ավելի մեծ օգնություն է տրամադրել, քան Ֆրանսիան ։

Տեսնում ենք, որ ռուս-ուկրաինական պատերազմում ԵՄ գլխավոր պետությունները զենք են մատակարարում Ուկրաինային: Այս ամենը բխում է հավաքական Արևմուտքի շահերից: Այնուամենայնիվ, Եվրոպայում կայուն անվտանգություն ու բարեկեցություն հնարավոր չէ ապահովել առանց Ռուսաստանի հետ սերտ համագործակցության: Եվրոպայի համար կենսական անհրաժեշտություն է ռուսական գազը:

Դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման դադարեցումը՝ պայմանավորված Արևմուտքի պատժամիջոցների կիրառմամբ, Եվրոպային կանգնեցրել է տնտեսական անվտանգության մի շարք խնդիրների առաջ: Եվրոպայում գազի հարցը շարունակում է բարդ մնալ , թեժ ցույցեր են ընթանում եվրոպական երկրներում (Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան և այլն). մարդիկ պահանջում են իրենց կառավարություններից Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների վերացում, Ուկրաինային զենքի մատակարարման դադարեցում:

Եվրոպայի բարեկեցիկ ապրող ժողովուրդը հոգևոր, էներգետիկ, սոցիալ-տնտեսական ճգնաժամ է ապրում: Կդիմակայի արդյոք Եվրոպան այս ճգնաժամին:

Կարծում եմ՝ հավաքական Արևմուտքի համառությունը նախադրյալներ է ստեղծում Եվրամիության կազմալուծման համար:

Արփի Աբրահամյան

(Հոդված 1)

«Դրօշակ» թիվ 12, 2022թ