Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը մտել է նախընտրական գործընթացների փուլ, և, եթե իշխանությունները նոր անակնկալների առջև չկանգնեցնեն ժողովրդին, 2021թվականի հունիսի 21-ին կուրվագծվի լրջագույն փորձությունների մեջ հայտնված մեր երկրի ապագան։ Այս ընթացքում գործող իշխանությունն, ինչ կերպ էլ փորձի մեկնաբանել արտահերթ ընտրությունների կայացման վճիռն, ակնհայտ է, որ նա այս քայլին դիմեց՝ չունենալով այլ ելք։ Քաղաքական ու բարոյական վարկը կորցրած ղեկավարությունը, հանրային ճնշման պայմաններում կորցնելով երկիրը կառավարելու ունակությունը, պատասխանատվությունից խուսափելու ելք համարեց փաստացի կորցրած իշխանությունը վերադարձնելու վերջին հնարավորությունը՝ նոր ընտրության ճանապարհով։
Այս դեպքում, սակայն, մեզ հետաքրքրողն ընտրական գործընթացին մասնակից այն բևեռն է, դեպի ուր անշեղ հետևողականությամբ թեքվում է հանրային հետաքրքրությունը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցություն ու Վերածնվող Հայաստան կուսակցությունների ձևավորած դաշինքն ի սկզբանե գնահատվեց որպես գործող իշխանության հիմնական մրցակից, իսկ ավելի շուտ՝ այլընտրանքային բևեռ՝ ապազգային և պարտվողական իշխանության նկատմամբ։ Նման ձևաչափով դաշինքի ձևավորումն առաջին հերթին պետք է բացատրել ոչ թե քաղաքական նախընտրություններով, այլ երկիրը կործանարար ուղուց դուրս բերելու ազգային ու պատմական հրամայականով։ Այս առումով նման համախմբումը նաև խորհրդանշական արժեք ու իմաստ է ստանում, երբ նկատի ենք ունենում, որ Արցախ-Հայաստանի փրկության համար ձեռք ձեռքի են տվել ճակատագրական փորձությունների շրջանում Արցախն ու Հայաստանը ղեկավարած գործիչը, հայոց նոր պետականության ակունքներում կանգնած հայոց վերջին հույսի կուսակցությունը և Հայաստանի վտանգված ողնաշարը հանդիսացող հերոսական Սյունիքի նորաստեղծ քաղաքական ուժը։ Այս միավորման առողջ տրամաբանական հիմքն են կազմում նաև այն իրողությունները, որ Ռոբերտ Քոչարյանի ու Դաշնակցության միջև գործակցությունը սկսվել է դեռևս Արցախյան ազգային-ազատագրական պայքարի շրջանից և արդյունավետորեն շարունակվել է Հայաստանի ամենաբուռն զարգացման տարիներին։ Ողջ այս ընթացքում այդ հարաբերությունները պայմանավորված են եղել հայրենի պետականությունների կենսական շահերով, եղել են գործնական, անկեղծ ու պարկեշտ։
Հայոց նոր պետականության կերտման ժամանակաշրջանում առանձնահատուկ է եղել նաև ՀՅ Դաշնակցության կապը Սյունիքի հետ։ Դաշնակցության Սյունիքի կառույցները, որոնք գլխավորաբար ունեցել են մարտական դիմագիծ, հաջողությամբ մասնակցել են Արցախի ազատագրման և Հայաստանի հարավային սահմանների պաշտպանության գործին։ 2020 թվականի աշնանային պատերազմին հաջորդած դժվարին օրերին էլ տարբեր վայրերից մեկտեղված Դաշնակցության կամավորականներն ուս-ուսի կանգնեցին հայրենի բնակավայրերի սահմանները պահող սյունեցիների կողքին։
Չպետք է կասկածել, որ գալիք ընտրություններից հետո նույնպես նշված երեք ուժերը համատեղված ուժով անելու են ամեն ինչ՝ հայանպաստ լուծումներ ապահովելու համար այն կենսական հարցերում, որոնցով օրվա 24 ժամը տագնապած են յուրաքանչյուր նորմալ հայի միտքն ու հոգին։
«Հայաստան» քաղաքական դաշինքը չի գնում ընտրությունների, շահարկելով մարդկանց զգացմունքներն, ինչն, ի դեպ, իշխող ամբոխավար իշխանությունների հիմնական զենքն է։ Ընդդիմադիր ազգային բևեռն, որպես քաղաքական հայտ, հանրությանը ներկայացել է նախընտրական ծրագրով, որում շարադրված են անվտանգության, տնտեսության, քաղաքականության, կրթության ու մշակույթի և այլ ոլորտներում առկա համընդհանուր ճգնաժամի հաղթահարման և երկրի զարգացման ուղենիշները։
Եթե իշխանության վրա դեռևս գտնվող ուժի ողջ նախընտրական ծրագիրը հերթական անգամ վարկաբեկման ճանապարհով ընդդիմության նկատմամբ ատելության բորբոքումն է, ապա ազգային բևեռի համազգային տեսլականները կոչված են հետընտրական Հայաստանում ապահովելու «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևի կենսագործումը, ինչը նշանակում է բոլորի հետ համագործակցելու կամք՝ բացառությամբ դավաճանական, պարտվողական էությամբ վարչախմբի և նրա արբանյակների։ Իշխանության գալուց հետո կառավարող դաշինքի գլխավոր անելիքներից մեկը դառնալու է ազգային համերաշխության վերականգնումը և պառակտված հասարակության համախմբումն ազգային գերակա նպատակների շուրջ՝ առանց որի անհնարին կլինի իրագործել մնացած բոլոր խնդիրները, ամրապնդել պետականության թուլացած հիմքերը։
Թերեւս ավելորդ չէ արձանագրելը, որ հայաստանցիներից ոչ պակաս անհանգստությամբ ու ակնկալիքներով այս ընտրությունների արդյունքներին սպասում են արցախահայությունն ու սփյուռքահայությունը։ Մեր ազգային օրգանիզմի պառակտված երեք մասերի համար էլ «Հայաստան» դաշինքի հաղթանակը նշանակելու է հավատի վերարթնացում Հայաստանի ու Արցախի ապագայի հարցում և ազգային երեք թևերի մերձեցմամբ՝ հայկական եռամիասնության վերականգնում։ Եթե հասարակության անկումային տրամադրությունները հասկանալի են Արցախի դեպքում, ապա իրականության ամբողջ ողբերգականությունն ակնառու է դառնում, երբ անդրադառնում ես, որ, օրինակ՝ վերջին ամիսներին աննախադեպ չափերի է հասել վտանգված Հայաստանից արտագաղթը։ Բնականաբար այս իրավիճակն անդրադառնում է կյանքի ու կենսագործունեության բոլոր ոլորտների վրա։
Այնուամենայնիվ մռայլ օրինակներն ավելի շուտ նրանց համար են, ովքեր լավ չեն պատկերացնում, որ փաշինյանական ապազգային խունտային ձայն տալը նշանակում է սահմանային բնակավայրերի անպաշտպան վիճակի շարունակում և թուրքական հետագա առաջխաղացում, Արցախի հարցի վերջնական մոռացում, ստորացված, օտարից փրկություն մուրալու արտաքին քաղաքական վարք, ներքին կյանքի պառակտվածության խորացում, տնտեսական անվերահսկելի դարձող անկում, թուլացող ու քայքայվող պետականություն՝ համատարած հուսալքության և երկրից փախուստ տալու տրամադրությունների պայմաններում։ Իրականում երկրի ներսում տեղի է ունենում հանրային տրամադրությունների արմատական փոփոխություն։ Դատելու կարողությամբ օժտված մարդու համար համեմատության եզրեր չկան այն հարցում, թե կողմերից յուրաքանչյուրն, իշխանություն ստանձնելու հայտ ներկայացնելով, այդ պատասխանատու և ծանր առաքելության համար ինչ պատրաստվածությամբ է ներկայացել ժողովրդին։
Եթե ժողովրդի հետ «Հայաստան» դաշինքի հանդիպումներն անցնում են առկա վիճակի հաղթահարման և ապագայի հետ կապված խնդիրների ու ծրագրերի քննարկման մթնոլորտում, ապա մրցակից կողմը, հոգեբանորեն գտնվելով ընդդիմադրի կարգավիճակի մեջ, փորձում է արդարանալ, նախորդող շրջանի իր բոլոր մեղքերը բարդելով նախկինների վրա, ինչպես և զբաղվում է մրցակիցներին ամբաստանելու, սևացնելու գործով։ Կողմերի ցայտուն տարբերություններից մեկն էլ այն է, որ «Հայաստան» դաշինքի շուրջ այսօր համախմբվում են քաղաքական, տնտեսական, կրթական, գիտական, մշակութային ընտրախավը, երկրի ճակատագրով մտահոգ հասարակական շերտերն, ըստ էության բազմակողմ տեղեկատվության տիրապետող հանրությունը, իսկ միանձնյա ընտրապայքար իրականացնող վարչապետի անօրինական պաշտոնակատարի կողքին դժվար է նշմարել քայլածների թիմին մաս չկազմած, քիչ թե շատ ճանաչված և հեղինակություն վայելող որևէ անձի։ Դժվար է վիճարկել այն փաստը, որ Ազգային դաշինքի հաղթանակի դեպքում երկրին սպասվում է խաղաղություն և ներքին անդորր, իսկ հակառակ պարագայում՝ շարունակվելու է ժողովրդից օտարված իշխանության թաքուն, վտանգավոր ու անհեռանկար գործունեությունն՝ օր օրի անպաշտպան և խոցելի դարձող երկրում։ Դժվար է բարձրաձայնելը, թե Հայաստանն այսօր այնքան է հեղինակազրկված, որ չի ընկալվում որպես լուրջ պետություն։ Մի պետություն, որն ունակ չէ պաշտպանելու սեփական սահմանները, կորցրել է կայուն կենսագործունեության ճանապարհը, ընկղմված է ներքաղաքական պղտոր մթնոլորտի մեջ, ուր պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո երկրի ղեկավարը թաքնվում է ժողովրդից և տեղաշարժվում է հարյուրավոր ուժայինների պաշտպանության շղթայի միջով, նման պետությունը նաև չի արժանանում որևէ արտաքին ուժի գործնական աջակցությանը։
Յուրաքանչյուր հայի համար այլևս աներկբա պետք է լինի, որ մեր երկրին անհրաժեշտ է արմատական շրջադարձ այս գահավիժման ընթացքից։ Այդ փոփոխության խաղաղ ու օրինական ճանապարհը մեզ ընձեռված քաղաքակիրթ ընտրության առիթն է։ Կընտրի՞ հայ ժողովուրդը փրկության ուղին, թե կործանման ընթացքի մեջ կհաշտվի անարժանապատիվ գոյաքարշության հեռանկարի հետ։ Ամոթալի է նույնիսկ, որ կարող է գոյություն ունենալ նման երկընտրանք։ Հունիսի 20-ին, անկասկած, արձանագրվելու է հայոց նոր վերածննդի սկիզբը։ Հավատանք ինքներս մեզ, հավատանք, որ մենք հայ ենք։