Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեզ համար դա անակնկալ չէր, մենք հենց այս ժամանակահատվածում սպասում էինք հենց ճանապարհի փակելուն, որովհետև ամեն ինչ տանում էր հենց դրան՝ և՛ իրենց քարոզչամեքենան էր խոսում դրա մասին, և՛ այդքան տարիների ընթացքում նման թշնամի հարևան ունենալով, կարողանում ես հասկանալ, թե որն է լինելու հաջորդ քայլը։ Այն անհեթհեթ պատճառաբանությունները, որ բերվում էին` արդարացնելու ճանապարհը փակելը, դրանք իհարկե անհիմն են և կեղծ, որովհետև 3 տասնյակից ավել մարդիկ զինվորականներ էին, որոնք բնապահպանական որևե կառույցի հետ կապ չունեին ընդհանրապես։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով օրերս ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքում սադրանքների։
«Հատուկ էր բերվել այդպիսի անհեթեթ պատճառաբանություն, որպեսզի մեզ համար ևս հասկանալի լիներ, թե որոնք են այդ հիմնարար պատճառները։ Ամենաակնհայտը, որ կարելի է ասել, թե ինչի համար էր դա արվում, նախ թե՛ իրենց հանրությանը, թե՛ մեր հանրությանը ցույց տալու համար, որ ամբողջ Արցախում իրավիճակի տերն իրենք են, ինչ ուզեն, ինչպես ուզեն կարող են անել, պահանջել և հասնել իրենց պահանջների իրագործմանը։ Բայց խնդիրն ավելի խորքային էր, այն առումով, որ դեռևս օգոստոսին, Ալիևը որտեղ հայտնվում էր, խոսում էր Սյունիքով անցնող ճանապարհի մասին, որը Ադրբեջանը կապում էր Նախիջևանի հետ, և անընդհատ պահանջում էր, որ այդ ճանապարհը լինի այն նույն կարգավիճակում, որում Բերձորի միջանցքն է, այսինքն ունենա միջանցքի կարգավիճակ։ Դրանից հետո հայտարարությունները ավելի ագրեսիվ էին, նրանք արդեն դնում էին կոնկրետ պահանջներ, որ չկատարելու դեպքում հանձնեն Բերձորի միջանցքը»,- ասաց պատգամավորը։
Պատգամավորը կարծում է՝ Ադրբեջանը խնդիր ունի, որ «խաղաղության պայմանագիրը» կնքվի իր իսկ առաջ քաշած պայմաններով, որով ինքը կլուծի Արցախի հարցը։ Նա նշում է, որ սա սադրանքների նախերգանքն է․
«Մենք պետք է սպասենք ավելի լուրջ գործողությունների Ադրբեջանի կողմից, որովհետև ինչպես տեսնում ենք, սրան անդրադարձ չկա իշխանությունների կողմից, որևէ քայլ այդ ուղղությամբ չի կատարվում, որը տեղիք է տալիս հասկանալ, որ սա պայմանավորվածության արդյունք է։ Իսկ ինչու են շահագրգռված Հայաստանի իշխանությունները դրան գնալու, որովհետև այս տեսակ գործողություններով իրենք երկարացնում են իրենց իշխանությունը, իրենց իշխանության կյանքը, որը առաջնահերթ խնդիր է իրենց համար։ Ինչո՞ւ է սա ձեռնտու Հայաստանի իշխանություններին, և ինչո՞ւ ենք հակված մտածելու, որ սա նախօրոք պայմանավորվածություն է, որովհետև եթե Արցախի հարցը լուծելը գերխնդիր էր Փաշինյանի համար, ինքը մեր Հայաստանում ապրող հասարակությանը համոզեց, որ այո՛, կտանք Արցախը, չենք ունենա էլ զոհեր, նաև ավելի լավ կապրենք, տնտեսապես կզարգանանք։ Ինչ-որ կերպ կարողացավ բթացնել հասարակության այդ զգացմունքները։ Բայց հիմա խնդիր կա Սյունիքի միջանցքի, որը առաջ է տանում Ադրբեջանը, բայց ինքը վստահ չէ, որ ամեն դեպքում այն կընդունվի, բոլորը պետք է գիտակցեն, որ դրանով Սյունիքի հանձնում կլինի։ Մի փոքր երկարաձգում են Սյունիքի ճանապարհի հարցը, դրանով նաև իշխանությունը անընդհատ ստեղծում է բանակցային գործընթացի իմիտացիա»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նրա խոսքով՝ ըստ էության չկան բանակցություններ, որը բոլորս ենք տեսնում անզեն աչքով․ «Ադրբեջանը նորից մի խնդիր է լուծում, փորձում է խուճապ, վախ առաջացնել Արցախում, ի վերջո, սա միակ ճանապարհն է։ Էլի օգուտ կունենան այդ առումով՝ հայաթափելով Արցախը։ Թշնամին չի փոխել իր գործելաոճը, պարզապես մենք չունենք այն իշխանությունը, որը կկարողանար հայամետ որոշումներ, հայամետ դիրք գրավել։ Դրանից է, որ մենք հիմա այս իրավիճակում ենք»։
Պատգամավորը նշում է, որ իրենց քաղաքական ուժը դեռևս 2018 թ․-ին գիտեր՝ ովքեր են այս մարդիկ, ինչու են գալիս իշխանության․ «Մենք արդեն իսկ 2019 թ․-ին հստակ ասում էինք, որ հանձնելու են Արցախը, ծվեն-ծվեն են անելու Հայաստանը, ի վերջո այս մարդիկ հենց այդ նպատակով էլ եկել են իշխանության և մեզ ահասարսուռ պատերազմ է սպասում։ 2019թ․-ի մայիսից խոսում ենք այս մասին։ Երբեմն մենք մոռանում ենք ուշադրություն դարձնել շատ կարևոր մի բանի, որ Փաշինյանը խոսում էր իր բանակցային հիմքերի մասին, երբ որ ինքը պետք է զրո կետից սկսեր, մի միտք ասաց, որի վրա կարծես հիմնված էր այս 4 տարիները, երկրորդ այս ողջ գործընթացը։ Դա կարծես սցենարի վերնագիրն էր։ Այսինքն որոշումները պետք է լինեն այնպիսին, որոնք ընդունելի լինեն Արցախի և Ադրբեջանի ժողովրդների համար։ Ամեն բան, ինչ դեռևս մինչև այսօր կատարվել է, գոհացրել է միայն Ադրբեջանի ժողովրդին, և մենք կարող ենք փաստել, որ այս իշխանությունները եկել են նրա համար, որ ի շահ Ադրբեջանի կատարեն այդ բոլոր գործընթացները։ Եվ մենք երբեմն ինքներս մեզ փաստում ենք, որ նրանք ավելի ադրբեջանամետ են, քան հենց Ադրբեջանի իշխանությունը»,- ավելացրեց պատգամավորը։
Ինչ վերաբերվում է խաղաղությանը, ապա ըստ պատգամավորի, ադրբեջանցիները վստահ են, որ այդ բոլոր ճնշումների արդյունքում՝ սկսած օգոստոսից Արցախում, Հայաստանում, և դրանից հետո անընդհատ լարվածություն է լինում շփման գծի վրա, և նաև այս վերջին օրերի դեպքերը, դրանք բոլորը ճնշումներ են, որպեսզի այդ խաղաղության պայմանագիրը կնքվի իրենց պայմաններով․
«Եվ այդ օրակարգով, բնականաբար, թշնամին մնալու է այն տարածքներում, որտեղ որ հիմա ինքը կանգնած է, այսինքն դրանք լինելու են Ադրբեջանի տարածքները, դրանք սուվերեն տարածքներն են։ Հայաստանը ճանաչելու է Արցախը Ադրբեջանի կազմում, դրանով լեգիտիմացնի այն ամենը, ինչ արեց Ադրբեջանը, և շանս տալով, որպեսզի հետագայում, միջազգային հարթակներում կարողանա տիրոջ իրավունքով խոսի Արցախի մասին։ Դրանով իսկ արդեն հասնում են Երևան, որովհետև այդ խաղաղության պայմանագրով նաև Սյունիքի ճանապարհի հարցն են լուծելու ադրբեջանցիները։ Այն բոլոր երազանքները, որ կային վերջին 80-90 տարում, իրականություն են դարձնելու այս իշխանությունների դեպքում»։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակին` պատգամավորը ասաց, որ դրանով Արցախը միանշանակ ճանաչվում է Ադրբեջանի մաս, հայտնվում է Ադրբեջանի կազմում, և բոլոր այն նկրտումները, որ Ադրբեջանը ունի Հայաստանի վերաբերյալ, դրանք իրականություն են դառնում․ «Ինչու է դա պետք ՀՀ իշխանություններին, որովհետև պատասխանատվությունը ընկնում է իրենց վրայից։ Ինչպես ապրիլին ասաց Նիկոլ Փաշինյանը, որ նշաձողը պահանջում են իջեցնել միջազգային հանրությունը, ինքը այդ նույն միջազգային հանրությանը մեջբերելով, ուզում է անել նույնը, Ադրբեջանի իշխանությունների հետ միասին։ Իսկ ռուսական տարբերակը նույնպես հարցի լուծում չէ, բայց հնարավորություն է տալիս, երկարաձգելու այս ընթացքը և հետագայում ներկայանալի իշխանություններով բանակցությունների միջոցով լուծել այս խնդիրը, լուծել Լեռնային Ղարաբաղի հիմանխնդիրը՝ ի շահ Արցախի։ Հայաստանի իշխանությունները հակված են արևմտյան տարբերակին, և, ես չեմ կարող գուշակել կստորագրվի , թե ոչ, բայց ամեն դեպքում, դա չի բխում Նիկոլ Փաշինյանի շահերից, որովհետև ցանկացած բան խախտվելու դեպքում, մոտ է լինելու իր իշխանության ավարտը։ Իսկ այսպես խաղացնելով, երկարացնելով, մեկ Արևմուտք գնալով, մեկ Ռուսաստան գնալով , ինքը երկարացնում է իր իշխանության կյանքը։ Ինքը միայն այս խնդիրը ունի լուծելու, ուրիշ խնդիր չունի լուծելու։ Ադրբեջանը ուզում է, և ստիպելու է, իսկ Նիկոլ Փաշինյանը , ինչպես խաղացնում է մնացածին, փորձելու է խաղացնել նաև Ադրբեջանին, բայց դա մեր բոլորի քթից է գալու և՛ Հայաստանի, և՛ Արցախի, որովհետև զոհվելու ՝ մեր երեխան, որովհետև հայտնվելու ենք ծանր իրավիրճակում»,- ավելացրեց պատգամավորը։
Լ․Ա․