կարևոր
3829 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-01 11:28
Քաղաքական

Ժամանակն է հիշեցնել մեր եվրոպական գործընկերներին, որ երկակի ստանդարտներն անընդունելի են և չի կարելի խրախուսել ցեղասպան ռեժիմի բարգավաճումը. Ավետիք Չալաբյան

Ժամանակն է հիշեցնել մեր եվրոպական գործընկերներին, որ երկակի ստանդարտներն անընդունելի են և չի կարելի խրախուսել ցեղասպան ռեժիմի բարգավաճումը. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երեկ երեկոյան Ֆրանսիայի Խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, հետևելով Ֆրանսիայի Սենատի երկու շաբաթ առաջ ընդունված որոշմանը, միաձայն ընդարձակ հայանպաստ բանաձև է ընդունել, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և կոչ անելով սեփական երկրի կառավարությանը՝ գործուն միջոցներ կիրառել՝ հակազդելու ադրբեջանական ագրեսիային և ապահովելու Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:

Բանաձևում հատուկ կարևորվում է Լեռնային Ղարաբաղի մասով ձևակերպումը՝ «հորդորում է Կառավարությանը՝ շարունակել իր միջնորդական ջանքերը և դիվանագիտական ​​մոբիլիզացիան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությանն առնչվող կայուն լուծում հնարավոր լինի իրականացնել՝ համաձայն վերը նշված Ազգային ժողովի թիվ 520 որոշման»: Թեև սա համարժեք չէ Լեռնային Ղարաբաղի անկախության ուղիղ ճանաչմանը, այն միարժեք հակազդում է թշնամական կողմի այն պնդմանը, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և դա Ադրբեջանի ներքին խնդիրն է», և փաստացի պահանջում է փոխընդունելի երկարաժամկետ լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով:

Ողջունելով այս բանաձևը, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն նախաձեռնած և ընդունած պատգամավորներին, ինչպես նաև բոլոր այն ֆրանսահայ կազմակերպություններին, որոնք իրենց հետևողական աշխատանքով, հնարավոր են դարձրել այս արդյունքը՝ սա կարևոր քայլ է հայկական կողմի դիվանագիտական դիրքերը ամրապնդելու ուղղությամբ:

Դրանով հանդերձ, պետք է նշել, որ ինչպես Սենատի նախորդ բանաձևը, սա էլ դեռևս ավելի շատ խորհրդանշական քայլ է Ֆրանսիայի պետության կողմից: Այս բանաձևը իրավական ուժ կստանա միայն, եթե այնտեղ ներառված առաջարկությունները գործի դրվեն Ֆրանսիայի գործող կառավարության կողմից՝ օրինակ, Հայաստանին կրիտիկական սպառազինություն և պաշտպանական համակարգեր մատակարարվեն, ընդարձակվի սահմանի վրա դիտորդական առաքելությունը, Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, և վերականգնվի Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ թշնամու կողմից հետագա սադրանքների դեպքում Ֆրանսիան նաև բացահայտ ճանաչի Արցախի անկախությունը:

Որպեսզի սա իրականություն դառնա, ոչ միայն անհրաժեշտ է շարունակել ներսից հանրային ճնշումը Ֆրանսիայում, այլև բացարձակ կրիտիկական է, որպեսզի նմանատիպ դիրքորոշում որդեգրի նաև Հայաստանի կառավարությունը, և «ամեն գնով» ագրեսորի հետ խաղաղության պայմանագիր կնքելու փոխարեն, հետևողականորեն աշխատի Ֆրանսիայի և այլ եվրոպական գործընկերների հետ՝ ուժեղացնելու ճնշումը Ալիևի հանցագործ ռեժիմի նկատմամբ, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառելու հայության դեմ ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մշակույթային ցեղասպանության քաղաքականության համար:

Ալիևի ռեժիմի այս քաղաքականությունն արդեն ակնառու է դարձել եվրոպական երկրների հասարակությանը, կոպտագույն կերպով հակասում է եվրոպական արժեքներին և Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին, և պետք է հետևողական դատապարտման առարկա դառնա Եվրոպական բոլոր երկրներում, ոչ թե փաստացի խրախուսվի Հայաստանի իշխանությունների հարմարվողական և ապաշնորհ գործողություններով: Հիմա ժամանակն է դրա մասին բարձրաձայնել ամեն քայլափոխին, և հիշեցնել մեր եվրոպական գործընկերներին, որ երկակի ստանդարտները անընդունելի են, և ռուսական գազին այլընտրանք գտնելու մարմաջով, չի կարելի խրախուսել սեփական թևի տակ ցեղասպան ռեժիմի բարգավաճումը, և մի ամբողջ ժողովրդի տեղահանությունը և էթնիկ զտումը սեփական պատմական հայրենիքից:

Մինչ այդ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի Ազգային ժողովի մեր գործընկերներին, և հույս հայտնում, որ Ֆրանսիական կառավարությունը, ունենալով այժմ երկրի օրենսդիր երկու պալատների անվերապահ աջակցությունը, առաջիկայում իրական գործողություններով կապացուցի իր նվիրվածությունը մեր տարածաշրջանում կայուն, արդարացի և ժողովրդների իրական շահերից բխող խաղաղության հաստատմանը: