Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:
«Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն և ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որպիսի պայմաններում իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ 2022 թվականի փետրվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ գաղտնի դրոշմով տարբեր բովանդակության փաստաթղթեր, իր ծառայության վայրի, ստորաբաժանումների ուղղվածության, տեսակի և քանակի, ինչպես նաև նշված ստորաբաժանումների կողմից ՀՀ արևելյան և հարավային ուղղություններում ծառայություն իրականացնելու վերաբերյալ տվյալները, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից տարբեր օրերի ընդհանուր ստացել է 19.700 ԱՄՆ դոլար գումար՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ զինծառայողներին՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին՝ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը և տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: