կարևոր
2428 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-11 11:23
Քաղաքական

Ի՞նչ եղավ, և դեռ ի՞նչ է լինելու արևելաեվրոպական ջունգլիներում

Ի՞նչ եղավ, և դեռ ի՞նչ է լինելու արևելաեվրոպական ջունգլիներում

Աշխարհում Արևմուտքի տեղի ու դերի վերաբերյալ օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԵՄ արտգործնախարար Ժոզեֆ Բորելի արտահայտած մտքերը բացահայտեցին, այսպես կոչված, լիբերալ գլոբալիստների գաղափարական-քաղաքական նպատակները և դրանց հասնելու համար ծրագրած քայլերը:

Է. Բլինքենը շատ պարզորոշ և անկեղծորեն բացատրեց, որ աշխարհը պետք է կազմակերպել և կառավարել քաոսից խուսափելու համար («Ճշմարիտ, Ճշմարիտ եմ ասում» կարող էր շարունակել նա): Իսկ ո՞վ պետք է այն կազմակերպի ու կառավարի, եթե ոչ Միացյալ Նահանգները: Հո այդ գործը չե՞ն թողնելու չինացիների հույսին: Դա ԱՄՆ-ի գործն է, և բոլորը պետք է ընդունեն աշխարհը կազմակերպելու ամերիկյան խաղի կանոնները: Իսկ Ժ. Բորելը նույնքան անկեղծորեն արտահայտեց այն միտքը, որ միացյալ Եվրոպան մի խնամված այգի է, որտեղ բնակվում է մարդկության ամենաառաջադեմ հատվածը: Այդ այգին շրջապատված է ջունգլիներով, որոնցում բնակվում են վայրենության տարբեր աստիճանների վրա գտնվող ցեղախմբեր: Նա խոստովանեց, որ այդ այգին ծաղկել ու բարգավաճել է ռուսական էժան գազի և չինական աշխատուժի, այսինքն՝ ջունգլիների հաշվին: Ջունգլիները պետք է մշտապես հոգ տանեն ու խնամեն այգին, պաշտպանեն այն, հարկ եղած դեպքում՝ իրենց կյանքի գնով, ինչպես դա անում է ջունգլիների ուկրաինական հատվածը:

Երբ տարիներ առաջ որոշ վերլուծաբաններ ակնարկում էին Արևմուտքի նման նպատակների մասին, նրանց մեղադրում էին կոնսպիրոլոգիական հերյուրանքներ տարածելու մեջ: Սակայն Էնթոնիի և Ջոզեֆի նման ազնիվ դիվանագետները լիբերալիստական ուղղամտությամբ (չպետք է դա որակել որպես ցինիկություն) բացեիբաց խոսեցին այդ մասին: Սակայն ջունգլիներում կան պետություններ, որոնք չեն ընդունում այդ ազնիվ նպատակներն ու գնահատականները և դիմադրում են դրանց իրականացմանը: Դրանցից առավել համառը Ռուսաստանն է իր նախագահ Վ. Պուտինի հետ: Հեշտ չէ ռուսներին կարգի հրավիրել, բայց պետք է: Գործը սկսելու համար, սակայն, նախ պետք էր կարգի հրավիրել արևմտաեվրոպական դաշնակիցներին, մասնավորապես՝ Գերմանիային, որոնք առևտրատնտեսական ակտիվ գործակցության մեջ էին ՌԴ-ի հետ, շահում էին դրանից ու հարստանում: Միացյալ Եվրոպան հսկայական գումարներ էր ծախսում էկոլոգիական, ԼԳԲՏ անձանց իրավունքների, մուլտիկուլտուրալիզմի ծրագրերն իրականացնելու և աշխարհով մեկ տարածելու համար, բայց չնչին միջոցներ էր հատկացնում ինչպես սեփական, այնպես էլ ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեին:

Եվրոպական երկրներից առաջատար Գերմանիայի ղեկավարությունը, ի դեմս Ա. Մերկելի, մտադիր չէր այն աստիճան վատթարացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, որ, հասցնելով խզման, զրկեր իր երկիրը ռուսական էներգետիկ ռեսուրսներից: Մերկելի, ինչպես և ԵՄ որոշ երկրների ղեկավարության վարած քաղաքականությունը խանգարում էր գլոբալիստներին համախմբելու Եվրոպան Ռուսաստանի դեմ: Նրանց փոխարինեցին երդվյալ լիբերալները, որոնք պատրաստ էին հանուն գլոբալիզմի հաղթանակի մի կողմ դնելու իրենց երկրների շահերը և ձևավորելու հակառուսական, հակապուտինյան միասնական ճակատ: Ինչ վերաբերում է «առաջադեմ մարդկությանը» և մասնավորապես առավել «առաջադեմ եվրոպացիներին», որոնք վախենում էին, որ «եվրոպական այգին» կարող է ցրտահարվել առանց ռուսական գազի և կորցնել բերքատվությունը, ապա նրանց համոզեցին, որ զրկանքները ժամանակավոր են, պատերազմը կընթանա միայն Ուկրաինայի տարածքում և ուկրաինացիների ձեռքով: Փոխարենը հաղթանակից հետո Ռուսաստանի հարստությունները կանցնեն իրենց տրամադրության տակ:

Ռուսաստանի վերաբերյալ արևմտյան հանրության գիտակցության մեջ լիբերալների ներարկած կանխադրույթները՝ «ռուսները իրենց էությամբ ագրեսիվ են, խաբեբա և ոչ քաղաքակիրթ», «Պուտինը դիկտատոր է ու կորուպցիոներ» և, ըստ Ջ. Բայդենի, մարդասպան («Murderer»), հնարավորություն են տալիս էլեկտրոնային տեղեկատվական միջոցներով շատ արագ տարածելու ռուսատյաց և հակապուտինյան ցանկացած կեղծիք և ձևավորելու իրենց անհրաժեշտ հասարակական կարծիքը այս կամ այն իրադարձության վերաբերյալ: Այսինքն՝ եթե ռուսներն ագրեսիվ են ու խաբեբա, ուրեմն ինչպես չհավատանք, որ գրավված տարածքներում նրանք բռնաբարում են հղի կանանց և գողանում ուկրաինացիների լվացքի մեքենաներն ու զուգարանակոնքերը: Եթե Պուտինը մարդասպան է, ուրեմն ինչպես չհավատանք, որ նա է հրահանգել պայթեցնել հյուսիսային գազատարի խողովակները և պատրաստվում է միջուկային հարված հասցնելու Ուկրաինային, իսկ հետո էլ՝ Եվրոպային: Այսինքն՝ ճիշտ է ասում Ժոզեֆը՝ դրանք ջունգլիների վայրենիներ են:

Անդրադառնանք Արևմուտքի վերոնշյալ ծրագրերի իրականացման գործընթացին և այն իրադարձություններին, որ տեղի են ունենում արևելաեվրոպական «ջունգլիներում»:
Միացյալ Նահանգների կողմից նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը փուլ առ փուլ շարունակվում է և ընթանում համաձայն մշակված ու հաստատված ծրագրի: Ընթանում է հաջողությամբ: Այդ հաջողություններից վերջինը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ ներքաշելն էր: Ճիշտ է, շատ ջանք ու եռանդ պահանջվեց դրան հասնելու համար: Նախ՝ ամերիկյան իշխանությունները հեղաշրջման ճանապարհով Ուկրաինայում իշխանության բերեցին իրենց իսկ աճեցրած և իրենցից ամբողջությամբ կախման մեջ գտնվող լիբերալներին: Որպես վերջիններիս հենարան օգտագործեցին ֆինանսական կախվածության մեջ գտնվող ուկրաինացի օլիգարխներին, որոնց կապիտալներն արևմտյան բանկերում են ներդրված, և հատուկ ծառայությունների վաղուց հավաքագրած բանդերական ծայրահեղականներին: Սրանց՝ ֆաշիստական բնույթի մարտական ջոկատները օգտագործեցին հասարակության մեջ ուկրաինական ազգայնամոլական և հակառուսական տրամադրություններ սերմանելու և բորբոքելու համար: Դրանք նաև պետք էին իշխանության եկած լիբերալներին՝ վերահսկելու, խթանելու ուկրաինացիների պայքարը ռուսների դեմ:

Հեղաշրջումից անմիջապես հետո ութ տարի շարունակ զինեցին ուկրաինական բանակը, վարժեցրին սպայական կազմը, պատրաստեցին դիվերսիոն և հետախուզական խմբեր, մշակեցին բախման մարտավարությունն ու ռազմավարությունը: Մի խոսքով՝ ծրագրել էին պատերազմ ուկրաինացիների ու ռուսների միջև և հետևողականորեն տանում էին դրան: Բայց ռուսները համառորեն հրաժարվում էին հարձակվելուց և ամեն ինչ անում հարցերը բանակցությունների միջոցով լուծելու համար: Պուտինի համառությունը կոտրելու համար ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հայտարարեց, որ չեն կարող մերժել Ուկրաինային որպես սուվերեն պետություն անդամակցելու Հյուսիսատլանտյան կազմակերպությանը: Դրա հետ մեկտեղ նախապատրաստել էին ուկրաինական բանակի հարձակումը Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների վրա:

Եթե ռուսները չկանխեին այդ հարձակումը հատուկ ռազմական գործողություն սկսելով, Դոնբասը կհայտնվեր Արցախի այսօրվա վիճակում: Ինչևիցե, ԱՄՆ-ի կողմից պատվիրված ու նախագահ Բայդենի կողմից բազմիցս հայտարարված ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ վերջապես սկսվեց: Պլանավորելով այս պատերազմը՝ ԱՄՆ լիբերալ-գլոբալիստական ղեկավարությունը, ի թիվս բազմաթիվ քաղաքական, ռազմական, հետախուզական, ֆինանսատնտեսական հաշվարկների և վերլուծական եզրակացությունների, կիրառում է կանխագծման մեկ այլ՝ տիպիկ ամերիկյան (կարելի է ասել հոլիվուդյան) մեթոդ ևս՝ «արա՛ ճիշտ այնպես, ինչպես ես եմ անում», կամ այս դեպքում՝ «ռուսները Ուկրաինայի հետ կվարվեն այնպես, ինչպես կվարվեինք մենք»: Այսպես, օրինակ, դեռ Վ. Պուտինը չէր էլ հայտարարել Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին, արևմտյան ԶԼՄ-ները արդեն տարածում էին Պենտագոնի և ՆԱՏՕ-ի ռազմավարների պնդումները, թե ռուսների բլիցկրիգը մի քանի օրում ծնկի կբերի ուկրաինացիներին՝ չնայած նրան, որ ո՛չ Պուտինը, ո՛չ ռազմական ղեկավարությունը նման հայտարարություններ երբևէ չէին արել:

Պարզապես, ըստ վերը նշված մոտեցման, վաշինգտոնյան ռազմագետները ենթադրում էին, որ ռուսները կվարվեն Ուկրաինայի հետ այնպես, ինչպես իրենք վարվեցին Իրաքի, Սերբիայի և Լիբիայի հետ՝ վարելով նրանց դեմ տոտալ պատերազմ: Բայց արի ու տես, որ Պուտինը կարգադրել էր հատուկ ռազմական գործողությունն իրականացնել այնպես, որ հնարավորինս չվնասեն քաղաքացիական կառույցներն ու խուսափեն մարդկային զոհերից և, կոտրելով ուկրաինական բանակի դիմադրությունը, ազատագրեն Ուկրաինան դրածո իշխանություններից և բանդերական ծայրահեղականներից: Համենայնդեպս, գործողությունը սկսելուց առաջ նա այդպես ձևակերպեց ռազմական ներխուժման նպատակները և հույս ուներ դրանց հասնելու նաև բանակցությունների միջոցով: Չնայած որ ռուսական զորքերը գրեթե շրջափակել էին Կիևը, կառավարությունն էլ փախել էր մայրաքաղաքից, Պուտինը կանգնեցրեց զորքերի առաջխաղացումը, քանի որ դեռ փետրվարին սկսված ռուս-ուկրաինական բանակցություններում կողմերը շատ մոտ էին համաձայնության գալուն:

Արդեն մարտի 29-ին Ստամբուլում ուկրաինական կողմը հայտարարեց, որ համաձայն է ընդունել ապամիջուկային ու չեզոք երկրի կարգավիճակ և կհրաժարվի զանգվածային ոչնչացման զենք արտադրելուց ու տեղակայելուց: Դրա դիմաց ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ լարվածությունը թուլացնելու, բանակցություններում փոխադարձ վստահության մակարդակը բարձրացնելու նպատակով ետ կքաշի զորքերը Կիևից ու Չերնիգովից: Ռուսների վարքագիծը զարմացրեց և զայրացրեց Արևմուտքին (ի դեպ, դրանից դժգոհեցին նաև շատ ռուս վերլուծաբաններ): Այդ ամենը դուրս էր նրանց ծրագրից: Ռուսների ետ քաշվելուն պես, ինչը արևմտյան ԶԼՄ-ները անմիջապես ներկայացրին որպես ռուսական բլիցկրիգի տապալում, փառապանծ ուկրաինական բանակի կողմից «ազատագրված» Կիև ժամանեց հավաքական Արևմուտքը ներկայացնող Բորիս Ջոնսոնը, որը հիշեցրեց Զելենսկուն, որ չի կարելի խախտել պայմանավորվածությունները և պետք է կռվել «մինչև վերջին ուկրաինացին»: Բորիսը բունկերից նոր դուրս եկած, չսափրված, զինվորական շապիկ ու վարտիք հագած, վախվորած ու մտամոլոր մարդու դիմախաղով (ծանոթ պատկեր է չէ՞) «Վոլոդիմիրին» դուխ տվեց (հայերեն ասած՝ ոգևորեց), խոստացավ ֆինանսական օգնություն և ժամանակակից հզոր զինատեսակներ մատակարարել:

Մի խոսքով՝ վախը չափեց ու գնաց: Շատ չանցած՝ Ուկրաինայի կառավարությունն օրենքով արգելեց բանակցություններ վարել ՌԴ-ի հետ: Ամառվա ընթացքում ստացած արևմտյան ռազմական օգնությունը հնարավորություն տվեց ուկրաինացիներին հակահարձակման անցնելու և որոշ ուղղություններում հաջողության հասնելու: Արևմուտքում դա ներկայացվեց որպես գրեթե ուկրաինացիների հաղթանակ, իբր թե մնում է մի հարված էլ հասցնել, և Պուտինի իշխանությունը կտապալվի: Մինչդեռ Վ. Պուտինը, անդրադառնալով հատուկ ռազմական գործողությունների վերաբերյալ այդ գնահատականներին, ասաց. «….մենք դեռ չենք էլ սկսել»: Արդեն հոկտեմբերի սկզբին ռուսական բանակի գրաված տարածքների բնակչությունը արտահայտեց իր ցանկությունը՝ միանալու «պարտված» Ռուսաստանին: «Առաջադեմ» ԶԼՄ-ների պնդումները, թե Ուկրաինան հաղթում է, և տնտեսական պատժամիջոցների հետևանքով ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրը չի կարողանում ապահովել բանակը, չեն կարող քողարկել իրականությունը, որ «հաղթող» Ուկրաինան կորցրեց իր տարածքների մեկ հինգերորդ մասը, գրեթե ողջ արդյունաբերությունը, տասնապատիկ ավել զոհեր է տվել, քան ռուսները (հիշո՞ւմ եք 2 տարի առաջ ամեն օր հնչող «հաղթելու ենք» բացականչությունը): Իսկ ելնելով նրանից, որ վերջերս ՌԴ-ում զորակոչվեց ևս 300 հազար զինվոր, և բանակն ապահովվեց նոր՝ ավելի հզոր զինատեսակներով, կարելի է ենթադրել, որ ռուսները հոկտեմբերյան հարաբերական դադարից հետո պատրաստվում են, ինչպես կասեր Պուտինը, «սկսելու»: Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության առաջին փուլն ավարտվեց: Կողմերից ով ի՞նչ շահեց և ի՞նչ կորցրեց: Ուկրաինայի համար դժվար է նշել որևէ շահեկան ձեռքբերում: Կորուստները բազմաթիվ են և, ինչպես այսօր ընդունված է ասել, էկզիստենցիալ:

Սոցիալ-տնտեսական համակարգը խարխլված է և գոյատևում է արևմտյան ֆինանսական դոտացիաների շնորհիվ, պետական պարտքը վաղուց գերազանցել է ՀՆԱ ծավալը: Կես տարվա ընթացքում միլիոնավոր քաղաքացիներ հեռացել են երկրից, իսկ մնացածները պատկերացում անգամ չունեն, թե ինչ է սպասվում իրենց, մանավանդ մոտեցող ձմռանը: Պետական ապարատը կորցրել է իր գործառույթների մեծ մասը՝ կարևորներից մի քանիսի կառավարումը հանձնելով արևմտյան կուրատորներին, մասնավորապես՝ լեհերին: Ուկրաինական բանակի, բանդերական ջոկատների, օտարերկրյա ռազմական մասնագետների ու հազարավոր վարձկանների հիմնական նպատակը ռուս սպանելն է, այլ ոչ թե ուկրաինացիներին պաշտպանելը: Վերլուծելով Ուկրաինայի քաղաքական ղեկավարության վարքագիծը և հայտարարությունները՝ տպավորություն է ստեղծվում, որ նրանք, մի կողմ դրած պետության շահերը, աղանդավորների մոլեռանդությամբ առաքելություն են կատարում (նման առաքելության կատարմանն էլ ենք տեղյակ): Կարելի է ասել, որ Ուկրաինան՝ որպես ինքնիշխան պետություն, գոյություն չունի, և, ըստ էության, այս հակամարտության կողմերն են հավաքական Արևմուտքը՝ ամերիկյան գլոբալիստների ղեկավարությամբ, և Ռուսաստանը: Ուկրաինան այս հակամարտությունում ընդամենը միջոց է, գործիք:

Եվրոպական երկրների և եվրոկառույցների ղեկավարները թեթև սեթևեթանքներից հետո նույնպես լծվեցին Ռուսաստանի և անձամբ Վ. Պուտինի դեմ մղվող պայքարին: Ընդունեցին պատժամիջոցների արդեն ութերորդ փաթեթը, տասնյակ միլիարդների օգնություն հատկացրին Ուկրաինային, իրենց վերջին հրանոթներն ու զրահամեքենաները ուղարկեցին, իրենց դրոշների կողքին ամրացրն ուկրաինական դրոշը, սկսեցին դրա գույներով՝ դեղին-երկնագույն զգեստներ կրել, ուկրաիներեն բացականչություններ անել և նման այլ զվարճալի բաներ: Սակայն լուրջ զարմանք են առաջացնում եվրոպական քաղաքական գործիչների անտրամաբանական, չփաստարկված հակառուսական քաղաքական քայլերը: Մի՞թե չեն հասկանում, որ «ջունգլիներում» բորբոքվող կրակը կարող է տարածվել և հրդեհել նաև եվրոպական ծաղկուն այգին: Դժվար է բացատրել դա ուկրաինացիների նկատմամբ նրանց ունեցած կրքոտ սիրով կամ նրանց պատրաստակամությամբ՝ զոհվելու հանուն Ոկրաինայում լիբերալ-ժողովրդավարական արժեքների հաստատման: Մնում է մտածել, որ նրանք շատ մեծ սպասելիքներ ունեն, այնքան մեծ, որ չեն վախենում անմիջականորեն ներգրավվել պատերազմի մեջ ռուսների դեմ:

Ռուսաստանի համար Արևմուտքի կողմից իր պարանոցին փաթաթված այս պատերազմը դարձել է իրական փորձություն: ՌԴ տնտեսական, ռազմաքաղաքական, ներհասարակական վիճակը կարելի է գնահատել, բժշկական լեզվով ասած, որպես «կայուն ծանր»: Տնտեսությունը ճկվել է պատժամիջոցների բեռի տակ, սահմանների ողջ երկայնքով պայթյունավտանգ իրավիճակ է, մերձակա հարևան պետություններում բորբոքվում են հակառուսական տրամադրությունները: ԱՄՆ լիբերալ-գլոբալիստական կառավարությունը, որն այս ամենի կնքահայրն է, խուսափում է իրավիճակի կարգավորմանն ուղղված որևէ բանակցությունից և բաց չի թողնում առիթը, որը հաճախ ինքն էլ հնարում է, էլ ավելի սրելու հարաբերությունները ռուսների հետ: Ռազմավարական նախաձեռնությունը գլոբալիստների ձեռքում է, իսկ Ռուսաստանը հասցնում է միայն դիմակայել ալիք առ ալիք իր գլխին թափվող փորձություններին: Եվ պետք է ասել՝ դեռ հաջողությամբ է դիմակայում դրանց:

Հաջողությունների թվին կարելի է ավելացնել նաև տարածքային նվաճումները: Նշենք նաև, որ, վերջին հաշվով, ինչպես ասում են, եթե դանակը ոսկորին հասնի, Ռուսաստանն ի զորու է վերականգնելու ռազմավարական հավասարակշռությունը՝ սեղանին դնելով իր միջուկային զինանոցը: Եվ վերջապես, ռուս-ուկրաինական բախումից ակնհայտ շահողը դեռևս Վաշինգտոնն է: Նա կարողացավ ներգրավել Արևմուտքը «Ուկրաինան ռուսների դեմ» աշխարհաքաղաքական խաղի մեջ, համախմբեց իր շուրջ և թելադրեց խաղի իր կանոնները: Պարտադրելով դաշնակիցներին ի վնաս իրենց տնտեսությունների հրաժարվել ռուսական գազից և խիստ սահմանափակել առևտրատնտեսական հարաբերությունները նաև Չինաստանի հետ՝ ԱՄՆ-ն, փաստորեն, մրցակցությունից դուրս թողեց հզոր տնտեսություն ունեցող այնպիսի երկրների, ինչպիսիք են Դաշնային Գերմանիան և Ճապոնիան:
Վերջապես, ամերիկացիները ծանր վիճակի մեջ գցեցին ՌԴ-ին՝ հարվածը հարվածի ետևից հասցնելով նրա առևտրատնտեսական ու ֆինանսական համակարգերին, նրա հեղինակությանը միջազգային հարաբերություններում:

Ամփոփելով ռուս-ուկրաինական բախման, պայմանականորեն ասած, առաջին փուլը՝ կարող ենք ասել, որ այն ավարտվեց գլոբալիստների նշանակալից ձեռքբերումներով: Ինչ վերաբերում է «առաջադեմ մարդկության» կողմից այդքան սիրված ուկրաինացիների հազարավոր մարդկային զոհերին, տարածքային կորուստներին, ավերված քաղաքներին… դե ինչ արած, պայքարը հանուն լիբերալ արժեքների զոհեր է պահանջում: Ուկրաինան միակը չէ. հանուն այդ արժեքների զոհեր են տվել նաև Մոլդովան, Վրաստանը, Սերբիան, բոլորովին վերջերս՝ Հայաստանը, և շատ այլ պետություններ պատրաստվում են դրան:

Չնայած այս նվաճումներին՝ գլոբալիստները տակավին մտադիր չեն բավարարվել: Ընդհակառակը, չանսալով նախկին ու ներկա բազմաթիվ հեղինակավոր քաղաքական գործիչների հորդորներին՝ բանակցելու ռուսների հետ, քանի դեռ կարելի է խուսափել անմիջական բախումից, որն անկասկած կվերածվի միջուկային պատերազմի, շարունակում են շիկացնել մթնոլորտը:

Գլոբալիստները պատրաստվում են երկրորդ հանգրվանին և մտադիր են գնալ մինչև վերջ: Այդ մասին են վկայում նորանոր ու ծանր զինատեսակների մատակարարումը Ուկրաինա, այս կամ այն անվան տակ զինվորական մասնագետների ու վարձկանների թվաքանակի կտրուկ աճը ուկրաինական բանակում, հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հաճախակի այցերը Ուկրաինա և դրանց կողմից համապատասխան տեղեկատվության փոխանցումը ուկրաինացիներին: Երկրորդ փուլին նախապատրաստությունների շարքում ամենածանրակշիռ քայլը օրերս Պենտագոնի կողմից 101-րդ ռազմաօդային գրոհային դիվիզիայի և ֆրանսիական տանկային բատալիոնի փոխադրումն է Ռումինիա և դրանց տեղակայումը ուկրաինական սահմանների մոտ: Միաժամանակ ԱՄՆ-ն վերազինում և ուժեղացնում է արևելաեվրոպական պետությունների (մերձբալթյան երկրներից մինչև Հունաստան) բանակները, ինչպես Բլինքենը հայտարարեց Կիևում, ռուսական ագրեսիային դիմակայելու համար: Այսինքն՝ ասել կուզե, թե Ուկրաինայից հետո թերևս երրորդ փուլում պատերազմի դաշտ կդառնան այդ երկրները, մանավանդ որ դրանցից Լեհաստանը և Ռումինիան հավակնում են տիրանալու ուկրաինական տարածքներին: Իմանալով նաև լիբերալների հակումը՝ վերագրելու հակառակորդին այնպիսի գործողության իրականացումը, որպիսին իրենք են պատրաստվում անելու, այն է՝ կիրառել մարտավարական միջուկային ռումբեր, ռազմական վերլուծաբանները չեն բացառում, որ բանը կհասնի նաև դրան:

Ինչևիցե, ամեն բան վկայում է այն մասին, որ նոյեմբերի կեսերին Ուկրաինայի տարածքում, ամենայն հավանականությամբ՝ հարավարևմտյան հատվածում, կսկսվեն նոր՝ ավելի թեժ մարտեր: Իսկ ինչո՞ւ նոյեմբերի կեսերին: Գլոբալիստները շտապում են: Քաղաքական իրավիճակն աշխարհում արագորեն փոխվում է: Սրընթաց փոխվում է նաև ներքաղաքական իրադրությունը: Արևմտյան երկրների լիբերալ ղեկավարությունները այլևս դժվարանում են սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումն արդարացնել Ուկրաինայով կամ արժեզրկման ու թանկացումների մեջ մեղադրել Պուտինին, ինչպես առանց աչքը թարթելու արեց ծերուկ Բայդենը: «Առաջադեմ քաղաքացիները» իրենց հայացքը Ուկրաինայից ուղղում են սեփական երկրներին, լիբերալիստական քարոզչության ծխածածկույթը ցրվում է, և նրանց ուշադրությունը սևեռվում է իրենց խնդիրների վրա, որոնց լուծումները նրանք պահանջելու են ոչ թե Պուտինից, այլ իրենց կառավարություններից: Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, և ամերիկացի ընտրողները նման պահանջներ են ներկայացնելու դեմոկրատական կուսակցությանը: Գլուխ բարձրացնող ներքին բողոքը «քաղաքակիրթ» պետություններում կարող է խանգարել գլոբալ լիբերալիստական ծրագրերի իրականացմանը: Իսկ դրանք լայնածավալ են, ընդգրկում են ողջ աշխարհը: Բոլշևիկների նման լիբերալ գլոբալիստները ձգտում են համաշխարհային հեղափոխության և բոլշևիկյան մոլեռանդությամբ թելադրում ազգերին, այդ թվում նաև՝ ամերիկացիներին, հանուն դրա զոհաբերել սեփական պետական և ազգային շահերը: Ինչպես պնդում են կոնսպիրոլոգիայի սիրահար քաղաքագետները, գլոբալիստները բոլշևիկների նման ձգտում են ստեղծելու, Չարենցի խոսքերով ասած, «համաշխարհային սովնարկոմ», այսինքն՝ համաշխարհային կառավարություն: Հենց այդ համաշխարհային կառավարությունն էլ, որն իրականում նկատի ուներ Բլինքենը, պետք է կառավարի աշխարհը: Եվ զարմանալի է, թե ինչու ռուսները, չինացիները և էլի մի քանի միլիարդ մարդ համաձայն չեն նրա հետ…

Վարդան Հակոբյան