կարևոր
4237 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-01 11:49
Քաղաքական

Պուտինն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հնարավոր պայմանագրի և ԼՂ-ում խաղաղապահների գործունեության ժամկետը երկարաձգելու հարցերին

Պուտինն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հնարավոր պայմանագրի և ԼՂ-ում խաղաղապահների գործունեության ժամկետը երկարաձգելու հարցերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս վաղ է համարում խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմնական բաղադրիչների մասին։ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահն ընդգծել է, որ դա փոխզիջումների հիման վրա պետք է լինի, որոնց պետք է կողմերը հասնեն միջնորդությամբ․ եթե կողմերը ցանկանան, այդ միջնորդը կարող է լինել նաև Ռուսաստանը։

Անդրադառնալով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր նույնիսկ մինչև 20 տարով երկարաձգել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետը՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդ մասին խոսել են, սակայն դրա համար անհրաժեշտ են համատեղ պայմանավորվածություններ։

Պուտինն ընդգծել է, որ դա կարող է կախված լինել նաև այլ հարցերից․ խոսքը կողմերի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին է։ ՌԴ նախագահի խոսքով՝ եթե այդ  հարցերը լուծվեն, ապա խաղաղապահների հարցն այլ տեսանկյունից կլինի։ «Եթե լուծված չլինեն կամ լուծված լինեն որոշակի ծավալով, ապա դրանից կախված կլինի մեր խաղաղապահ առաքելության ճակատագիրը։ Սակայն ամեն դեպքում երկու կողմերն էլ իրենց շնորհակալությունն են հայտնել Ռուաստանին այն աշխատանքի համար, որ մենք այնտեղ անում ենք»,- նշել է Պուտինը։