Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հետք»-ը գրում է․ Սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայի հետեւանքով թշնամին հայտնվել է Հայաստանն Իրանին կապող միջպետական մայրուղուց 4,4 կմ հեռավորության վրա: Երեւան-Մեղրի ավտոճանապարհն այժմ ադրբեջանական զինված ուժերի ուղիղ եւ անմիջական դիտարկման ներքո է, սակայն ՀՀ ՊՆ-ն ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է այս փաստը՝ այն համարելով ՀՀ պետական գաղտնիք: Երբվանի՞ց թշնամու տեղադիրքը (լոկացիան) ՀՀ սուվերեն տարածքում դարձավ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, ի՞նչ հիմնավորմամբ: Տպավորություն է, որ ցավոտ իրողությունները հանրությունից թաքցնելու նպատակով ՊՆ որոշ պաշտոնյաներ պատրաստ են անգամ հատել տրամաբանության ու երեւակայության բոլոր եզրագծերը:
Սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո հայկական կողմը տարածքային շոշափելի կորուստներ է ունեցել: Շոշափելի հատկապես այն պատճառով, որ թշնամին գրավել է ռազմավարական նշանակության բարձունքներ, սակայն դրանով չի բավարարվել եւ բարձունքների լանջերով խորացել է ՀՀ սուվերեն տարածքի խորքը այնքան, որքան կարողացել է: Մասնավորապես, Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանցիները 2,9 կմ առաջ են եկել դեպի Երեւան-Մեղրի (Մ-2) մայրուղի, ու հիմա նրանց առաջապահ մարտական դիրքից մինչեւ միջպետական ճանապարհ հեռավորությունն ուղիղ գծով նվազագույնը 4,4 կմ է: Սա նշանակում է, որ ադրբեջանցիները Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցությունը կտրելուց չնչին հեռավորության վրա են:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ, մասնավորապես, նրա կուսակից, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խուսափում են պատասխանել հարցին, թե կոնկրետ ինչ տարածքային կորուստներ է ունեցել Հայաստանը թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո, մասնավորապես՝ 2021-ի մայիսին, 2021-ի նոյեմբերին, 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով:
ՊՆ-ն խուսափում է հայկական կողմի կորուստների մասին կոնկրետ տվյալներ հայտնելուց
ՊՆ-ն չէր պատասխանել մեր հարցին առ այն, թե արդյոք թշնամին կարողացել է գրավել Մեծ Իշխանասար գագաթը (3550 մ), որը մինչեւ սեպտեմբերյան ագրեսիան գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ:
Այս եւ նմանատիպ հարցերի ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը տվել էր ոչինչ չասող պատասխան (նման պատասխանները հատուկ են այս նախարարությանը): Ակտիվ ռազմական գործողություններից 8 օր անց ՊՆ ներկայացուցիչն ասել էր. «Ներկա պահին ընթանում են անհրաժեշտ տեղեկատվության ճշգրտման, համադրման եւ վերլուծության աշխատանքներ, որի արդյունքներով համապատասխան տեղեկությունների, ինչպես նաեւ իրադրության վերաբերյալ ՊՆ-ն պարբերաբար հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով»:
Միամիտ պետք էր լինել՝ հավատալու, որ ՊՆ-ն «համապատասխան տեղեկությունների վերաբերյալ հանդես կգա պաշտոնական հաղորդագրություններով»:
Հաշվի առնելով Իշխանասարի հատվածում Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու գլխին կախված վտանգը՝ «Հետքն» արբանյակային պատկերների միջոցով ստուգել է, թե ինչ փոփոխություններ են արձանագրվել առաջնագծում այս ուղղությամբ: Փոփոխությունները, շատ մեղմ ասած, մտահոգիչ են:
Այս տարվա հուլիսին գրել էինք, որ ադրբեջանցիները 2021 թ. ագրեսիայի հետեւանքով միայն Սեւ լճի հատվածում օկուպացրել են 12,8 քկմ տարածք: Սա թշնամու առաջապահ դիրքերի ու խորհրդային տարիներին ֆիքսված հայ-ադրբեջանական սահմանի միջեւ ընկած հատվածն է:
Թշնամին Սեւ լճի հատվածում վերահսկում է ռազմավարական բարձունքներ եւ 13 քկմ տարածք
Բայց 12,8 քկմ-ն միայն Սեւ լճի ուղղությունն է, քանզի Սյունիքի հյուսիսում ադրբեջանցիները 2021-ի մայիսին ու նոյեմբերին առաջացել էին նաեւ Ծիծեռնաքար-Իշխանասար ուղղությամբ:
2021-ին թշնամին ՀՀ տարածքից օկուպացրել է նվազագույնը 50 քկմ տարածք
Ինչպես ասվեց, մինչեւ սեպտեմբերյան ագրեսիան Մեծ Իշխանասար գագաթը գտնվում էր հայկական վերահսկողության տակ, իսկ Փոքր Իշխանասարը՝ թշնամու: Սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանցիները կարողացել են վերահսկողություն սահմանել Իշխանասար լեռնազանգվածի նկատմամբ՝ առաջանալով հյուսիսից դեպի հարավ: «Bellingcat»-ի հետաքննական թիմը պարզել է, որ հայ ռազմագերիների գնդակահարության մեծ աղմուկ հանած տեսանյութն արվել է հենց Փոքր ու Մեծ Իշխանասարերի միջեւ գտնվող նախկին հայկական դիրքերից մեկում:
Սեպտեմբերի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում կազմակերպված ասուլիսում լրագրողներին ու մեր երկրում հավատարմագրված դեսպաններին հայտնեց, որ թշնամին ՀՀ սուվերեն տարածք է մխրճվել մինչեւ 7,5 կմ խորությամբ Ջերմուկի ուղղությամբ, 1-1,5 կմ խորությամբ՝ Վերին Շորժայի ու Ներքին Հանդի ուղղությամբ, 0,5 կմ՝ Իշխանասարի ուղղությամբ: Բայց արբանյակային պատկերները հուշում են, որ արդեն սեպտեմբերի վերջին թշնամին գտնվում էր հայ-ադրբեջանական սահմանից 2,9 կմ ճանապարհ խորության վրա՝ ընդհուպ մոտեցած Երեւան-Մեղրի մայրուղուն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։