Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-12-12 14:10
Հասարակություն

Իրանը տրանզիտ կիրականացնի ՀՀ-ով, երբ բաշիբոզուկները դուրս շպրտվեն Գորիս-Կապան մայրուղուց. իրանագետ

Իրանը տրանզիտ կիրականացնի ՀՀ-ով, երբ բաշիբոզուկները դուրս շպրտվեն Գորիս-Կապան մայրուղուց. իրանագետ

Հայ-իրանական հարաբերությունների, «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի նախագծի, 3+3 ձևաչափի հանդեպ իրանական աշխարհի պատկերացումների մասին Yerkir.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

-  Պարո՛ն Ոսկանյան, հայտնի դարձավ, որ իրանական «Պարսից ծոց-Սև ծով»  միջանցքի նախագիծն իրականություն է դանում։ Քաղաքագիտական շրջանակները ասում են, որ դա անցնելու է Ադրբեջանի տարածքով` շրջանցելով Հայաստանը։ Ինչպե՞ս հասկանալ այս ամենը, երբ ամիսներ առաջ Իրանը և Ադրբեջանը ուժի ցուցադրությամբ սպառնում էին միմյանց։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ Իրանը փոխել է իր քաղաքականությունը, և առերես ընդունում է Բաքվի բռնապետի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։

- Սկսեմ վերջից, ո՛չ, դա ամենևին չի նշանակում, թե իրանցիները փոխել են իրենց ծրագրերը Հայաստանի հետ կապված, և հատկապես Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցք ստեղծելու համատեքստը։ Ակնհայտ է, որ իրանական կողմն իր օրակարգում` Հայաստանի հետ հարաբերությունների օրակարգում, ոչինչ չի փոխել և առաջին իսկ հնարավորության դեպքում  իրականացնելու է հենց Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ։ Սակայն, պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. երբ Հայաստանի Հանրապետության տարածքից Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածը հանձնվում էր Ադրբեջանին, ապա պետք է նկատի առնվեր այն հանգամանքը, որ դրան, ըստ էության, այլընտրանք որևէ ճանապարհ չկա. Տաթև-Աղվանին, որը ասֆալտապատվել է, չի համապատասխանում մեծ բեռնատարների անցման համար առաջադրվող պահանջներին։ Ուստի, իրանական կողմը լրջագույն դժվարություն ունի Հայաստանի միջոցով տրանզիտ իրականացնելու հարցերում։ Հետևաբար, խնդիրը դառնում է հենց ՀՀ ճանապարհների այդ հատվածում ստեղծված  դժվար կացությունը. ակնհայտ է, որ իրանցիները որևէ պարագայում համաձայն չեն լինի հատել Հայաստան-Իրան սահմանը, այնուհետև հատել «ադրբեջանական» մեկ սահմանակետ Հայաստանի ներսում, և այդպիսով իրականացնել տրանզիտը։ Եվ երբ Հայաստանից հնչում է հայտարարություն, որ իրանցիները իրենք պետք է լուծեն Որոտանի հատվածում իրանցի բեռնատարների հետ կապված խնդիրը, իրանցիները հիմա այդ խնդիրը լուծել են և բեռնափոխադրումները իրականացնում են Ադրբեջանի տարածքով` հաշվի առնելով այն, որ, ըստ էության, այս պահին չկա այլընտրանք: Ի՞նչ խնդիր   պետք է լուծի Հայաստանը. առաջին` ադրբեջանական բաշիբոզուկներին դուրս շպրտի մեր հանրապետության տարածքից, Գորիս-Կապան ավտոճանապարհի այդ հատվածից, երկրորդ` պետք է հնարավորին արագ կառուցի այնպիսի ճանապարհ, որը հնարավորություն կտա իրականացնելու ծանր բեռնափոխադրումներ։

- Հայ-իրանական հարաբերությունները վերջին երեքուկես տարիներին հետընթաց են ապրել։ Երբ Ադրբեջանը Սյունիքում տեղակայեց մաքսային հսկողության կետեր,  Իրանը խոսեց իր կարմիր գծերի մասին, խոսելով  Հայաստանի և Իրանի տարածքային ամբողջականության մասին։ Երբ Սյունիքում իրանցի վարորդների ձերբակալության դեպքեր եղան, ՀՀ իշխանությունները հստակ ասացին, որ դա իրենց խնդիրը չէ, այլ Իրանի։ Սա չի՞ ենթադրում, որ ներկայիս իշխանություններն ամեն կերպ փորձում են հայ-իրանական հարաբերությունները տանել դեպի կործանում։ Հետաքրքիր է՝  իրանական աշխարհում ինչպե՞ս են մեզ և այս իշխանություններին ընկալում։

- Իրականության մեջ Հայաստանը Իրանում ինչպես ունեցել է, այնպես էլ հիմա ունի դրական ընկալում, և հայությունը Իրանում ևս ունի դրական ընկալում։ Այլ խնդիր է, որ իրանական կողմը չի կարող, ինչպես ասում են, Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Երբ հայկական իշխանական շրջանակների կողմից հնչում է հայտարարություն, որ ՀՀ որևէ տարածք (մասնավորապես, խոսքը նույն Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածի մասին է) դա Ադրբեջան է, երբ կիրառվում են ադրբեջանական բարբարոսական տեղանուններ այդ տարածքի նկատմամբ, իրանցիները չունեն որևէ հնարավորություն։ Եվ Բաքվի բռնապետն իր ելույթներից մեկում շատ հստակ արձանագրել էր, որ Հայաստանը ընդունում է, որ դա Ադրբեջանի տարածք է, մինչդեռ ոմանք կասկածի տակ են դնում` ամենայն հավանականությամբ  նկատի ունենալով իրանական կողմի արձագանքները։ Հետևաբար, կարծում եմ, խնդիրը մեզանում է. ՀՀ-ն որևէ պարագայում չպետք է ընդունի, առավել ևս, որ չի իրականացվել ո՛չ սահմանագծում, ո՛չ սահմանանշում, հայտնի չեն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանները։ Որևէ պարագայում չպետք է հրաժարվել որևէ տարածքից, այդ թվում  նաև խորհրդային քարտեզների հիման վրա ինչ որ «ճշգրտումներ» անցկացնել ՀՀ-Ադրբեջան սահմանագծին, որի հետևանքով կխաթարվի մեր հանրապետության ոչ միայն ներքին բնականոն հաղորդակցությունը: Դա արդեն խաթարվել է երկու հատվածում, մեկը` Գորիս-Կապան, մյուսը` Կապան-Ճակատեն, որը, ըստ էության, այլընտրանքային ճանապարհ էր Կապանից դեպի իրանական սահման ձգվող  ճանապարհին:  

Ստացվում է մի իրավիճակ, որ իրանցիներն իրենց տրանզիտն իրականացնելու համար ստիպված են «ապավինել» ադրբեջանական կողմին, բայց, ինչպես գիտենք, իրանցիները աշխատում են գերտերության տրամաբանությամբ, և դա համարում են ոչ միայն Իրանին պարտադրված ճանապարհ, այլև լրացուցիչ ազդեցության լծակ Ադրբեջանի վրա։

Խնդիրները պետք է լուծվեն մեր կողմում. մենք որևէ պարագայում չենք կարող վտանգել ոչ միայն ներհայաստանյան հաղորդակցությունը, այլև Հայաստանի դերակատարությունը որպես տրանզիտային երկիր թե՛ Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցի շրջանակներում, թե՛ հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային հանգույցի շրջանակներում, որի կնքահայրը Հնդկաստանն է, իսկ հիմա այնտեղ էլ են խնդիրներ առաջանալու։ Ցավոք, այս պահի դրությամբ Հայաստանը չունի Իրան-Երևան այնպիսի ճանապարհ, որը կհամապատասխանի ծանր բեռնատարների համար նախատեսված չափորոշիչներին։

- Իրան ինչպե՞ս է վերաբերվում 3+3 ձևաչափին, և ինչպիսի՞ զարգացումներ սպասել այդ ձևաչափով կայացող հանդիպումներից։

- Կարծում եմ, որ պետք է թուրքական կողմի բոլոր հայտարարություններին շատ ուշադրությամբ վերաբերվել և, ինչպես ասում են, կանխակալ կասկածով վերաբերվել, որովհետև բավական խնդրահարույց է Վրաստանի մասնակցության հարցը: Բայց,  ամեն դեպքում, եթե նման ձևաչափը կայանա, ապա իրանցիները 3+3-ը դիտարկում են որպես այն հարթակներից մեկը, որտեղ Իրանը կարող է ապահովել իր ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող  գործընթացներում՝  հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ  թուրքական կողմի ներկայությունը մեր տարածաշրջանում ոչ միայն աճել է, այլև ստացել շատ ագրեսիվ բնույթ։

- Ռուսաստանը և Իրանը կարո՞ղ են թույլ տալ, որ ՀՀ տարածքը, այն է՝ իրենց ազդեցության գոտին դառնա ռազմական թատերաբեմ Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի համար։ Հնարավոր ռազմական բախման դեպքում Իրանն ինչպիսի՞ դիրք կզբաղեցնի։

- Եթե ադրբեջանա-թուրքական կողմը փորձի ռազմական ճանապարհով ստանալ իր երազած «միջանցքը», ապա ակնհայտ է`  թե՛ ռուսական,  թե՛ իրականան կողմերը կմիջամտեն, բայց նման միջամտության համար անհրաժեշտ կլինի նաև հայկական կողմի հստակ արձագանքը, և նաև այս երկու պետություններին օժանդակություն ստանալու խնդրանքով  դիմելը։

 

                                                                           Լենա Կարապետյան