Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ ամիս առաջ գողության ուշագրավ դեպք է գրանցվել Կոտայքի մարզում: List.am կայքի միջոցով աշխատանքի առաջարկ ստացած տաքսու վարորդ Ֆելիքս Գրիգորյանը «գործատուի» հորդորով իր մեքենան վստահել է անծանոթի: Ժամեր անց տղամարդը պարզել է, որ մեքենան գողացել են, իսկ հաջորդ օրն իրեն զանգահարել են, ներկայացել որպես իր մեքենայի գնորդ և առաջարկել անվանափոխություն կատարել: Գրիգորյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 24-ին:
«Բագրատ անունով ներկայացած մի տղամարդ զանգահարեց ինձ, ասաց, որ List.am-ում կարդացել է իմ տված հայտարարությունը` աշխատանքի հետ կապված: Խոսեցինք, ինձ ասաց` արի Գավառ, ես գործնական հանդիպումով Գավառում եմ, մեկին կասեմ` քո մեքենան կբերի, մեր հայաթում կկանգնեցնի, ուշ ժամի ենք հետ գալու, երեկոյան կվերցնես: Ես էլ մեքենաս վստահեցի նրա ասած մարդուն, գնացի Գավառ, զանգահարեցի, բաժանորդն անհասանելի էր, հասկացա, որ ինձ խաբել են»,-պատմեց նա:
Նույն օրը` ժամը 22.ՕՕ-ին, Ֆելիքս Գրիգորյանը ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ներկայացրել առ այն, որ մի քաղաքացու խնդրանքով իր կողմից վարվող «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան հուլիսի 24-ին Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գործող խաղատնից մոտ 150 մետր հեռու հանձնել է անծանոթ անձի, որից հետո, հասնելով Գավառ, հասկացել է, որ նշված քաղաքացին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել է ավտոմեքենան։ Գրիգորյանը հայտնեց, որ ոստիկաններին տվել է իրեն խաբած մարդկանց տվյալները, նկարագրել նրանց:
Ըստ տաքսու վարորդի` հաջորդ օրը իրեն զանգահարել են և հայտնել, որ գնել են իր անվամբ ձևակերպած ավտոմեքենան և այժմ ուզում են անվանափոպխություն անել: «Գնորդն ինձ ասաց, որ մեքենաս 1500 ԱՄՆ դոլարով է ձեռք բերել, մինչդեռ ոստիկաններին ասել է, թե մեքենայի դիմաց 1350 դոլար է վճարել»,- նշեց նա:
Գրիգորյանը պատմեց, որ հենց իմացել է, որ գողացված մեքենան գնել են, ոստիկաններին է փոխանցել գնորդի տվյալները` խնդրելով քայլեր ձեռնարկել մեքենան առգրավելու ուղղությամբ: Քաղաքացու վկայությամբ` ոստիկանների անգործության պատճառով մեքենայի ենթադրյալ գնորդը 20 օր մեքենան պահել է իր մոտ, ապա վերադարձրել այն` ամբողջովին կոտրված, մասերը հանված:
«Ես մի քանի անգամ դիմել եմ ոստիկաններին, որ մեքենայիս վերաբերյալ տեղեկություն տրամադրեն, սակայն նրանք ասում էին, որ գնորդն էլ իմ պես տուժող է և որ կբերի մեքենան»,-նշեց նա:
«Այդ մեքենան իմ ապրուստի միջոցն էր, հիմա այն վերածվել է ջարդոնի, այն այլևս չի կարող որպես տաքսի ծառայել»,- դժգոհեց վարորդը` հավելելով, որ եթե ժամանակին իր մեքենան գնահատվել է 1 մլն 500.000 դրամ, ապա ներկայումս դրա համար անգամ 1000 դոլար չեն վճարի:
Հիշյալ դեպքի կապակցությամբ Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Ի պատասխան` ՔԿ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ ոստիկանությունում 2018թ. հուլիսի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ուղարկվել ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին։ Նույն օրը քննիչի կողմից այն վարույթ է ընդունվել։
«Քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում «Օպել Աստրա Ջի» մակնիշի 3500231 հ/հ ավտոմեքենան հայտնաբերվել է, առգրավվել և սեփականատեր Ֆ. Գրիգորյանի մասնակցությամբ ենթարկվել զննության։ Արդյունքում՝ պարզվել է, որ ավտոմեքենայից բացակայում են բազմաթիվ դետալներ, իսկ որոշները փոխարինված են ավելի հնամաշ դետալներով։ «Օպել Աստրա Զի» մակնիշի ավտոմեքենան ճանաչվել է իրեղեն ապացույց ե հանձնվել ավտոմեքենայի փաստացի սեփականատիրոջ պատասխանատու պահառությանը։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ քաղաքացի Ֆելիքս Գրիգորյանի՝ «Օպել Աստրա Ջի» մակնիշի 35QO231 հ/հ ավտոմեքենան հափշտակելու հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:
Ֆելիքս Գրիգորյանը հույս ունի, որ պատշաճ քննություն կիրականացվի` պարզելու իր մեքենան հափշտակած անձի ինքնությունը, ինչպես նաև կբացահայտվի, թե ո՞վ է էական վնաս պատճառել մեքենային:
Լուսանկարներում Գրիգորյանին պատկանող ավտոմեքենան է` նախքան գողությունը: