կարևոր
3796 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-21 16:29
Քաղաքական

Եթե «խաղաղության պայմանագիրը» Ալիևի տրամաբանությամբ կնքվեց, ուրեմն Արցախը ինքնորոշման իրավունք չի ունենալու. Մարուքյան

Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ հայ ժողովուրդն իր միասնականությամբ հաղթանակ տարավ՝ սկսվեց բանակցային գործընթաց՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և այդ ամբողջ բանակցային գործընթացում Արցախի ինքնորոշման իրավունքը եղել է սկզբունքային կարևոր դրույթներից մեկը՝ տարածքային ամբողջականության և ուժի չգործադրման սկզբունքի հետ մեկտեղ, և ըստ էության մշտապես այս հարցը եղել է օրակարգում, և ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող որևէ ձևով գերակշռել Արցախի ինքնորոշման իրավունքի նկատմամբ։ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը։

«Միջազգային իրավունքում`  նույն Հելսինկյան եզրափակիչ ակտում այս երկու սկզբունքներն իրար լրացնում են։ Տվյալ պարագայում Արցախի ինքնորոշման իրավունքը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, որովհետև այդ ինքնորոշման գործընթացը տեղի է ունեցել և ԽՍՀՄ սահմանադրության, և  միջազգային նորմերի պահպանմամբ։ Հիմա, երբ նոր իրողություններ են ստեղծվել Արցախյան 3-րդ պատերազմից հետո, երբ նկատում ենք անառողջ մի գործընթաց, երբ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, ըստ էության, չի խոսվում, ընդ որում՝  նաև չի խոսվում Հայաստանի կողմից, որը մշտապես հանդես է եկել Արցախի ինքնորոշման իրավունքի երաշխավորը, այստեղ իհարկե լուրջ անվտանգային և գոյաբանական խնդիրներ են առաջանում արցախահայության համար։ Հետևաբար միանգամայն տրամաբանական պետք է համարել վերջին շրջանում արցախահայության պոռթկումը, որովհետև մարդիկ իսկապես ուզում են հասկանալ, թե խաղաղության այս բանակցություններն ինչպես կարող են անդրադառնալ իրենց վրա։  Բոլոր կողմերն ուզեն, թե չուզեն՝ ի վերջո պետք է հաշտվեն ու ընդունեն Արցախի ինքնորոշման իրավունքը և փորձեն որևէ կարգավորում այս հարցի շուրջ կառուցել»։

Հարցին, որ Ալիևը հստակ ասել է իր դիրքորոշոմը, որ Արցախի բնակիչները պետք է ապրեն ադրբեջանցիների պես, բաժնի վարիչը նշեց․

«Ալիևն այս դատողություններն անում է 2020 թվականի պատերազմից հետո, երբ ինքը կարողացավ Թուրքիայի  անմիջական մասնակցությամբ հասնել առավելության Արցախի նկատմամբ։ Ես սա հատուկ եմ ուզում նշել, որ պատերազմի ելքը ոչ թե վճռեց Ադրբեջանը, այլ՝ Թուրքիան՝ իր ՆԱՏՕ-ական պատրաստություն ստացած գեներալիտետով։ Եվ պատահական չէ, որ այսպես կոչված հաղթանակի միջոցառմանը մասնակցում էր Էրդողանը և հիշեցնում էր Էնվեր Փաշայի մասին։ Նա Ալիևին ուզում էր հասկացներ, որ հաջողության գլխավոր դերակատարը եղել է ինքը։ Պատահական չէ նաև, որ բոլոր օդանավակայանների բացմանը ինքը մասնակցում է, այսինքն Ալիևը պարտք է Էրդողանին և շատ հարցեր ու դատողություններ ինքն անում է այնպես, ինչպես իրեն հրահանգում են Անկարայից»։

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքը հստակ չֆիքսելուն նա նշեց, որ սա, ըստ էության, տեղավորվում է այսպես կոչված խաղաղության դարաշրջանի թյուր տրամաբանության մեջ, երբ նկատում ենք, որ այսպես կոչված խաղաղության ձգտումը միայն Հայաստանի կողմից է․

«Ադրբեջանը ոչ միայն խաղաղության  չի ձգտում, այլ նաև օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքների մի որոշ մաս, և հետևաբար ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ որևէ երաշխիք չկա, որ նոր էսկալացիա կարող է լինել։ Այս առումով միանգամայն դատապարտելի է, երբ ՀՀ իշխանությունները փորձում են արցախահայությանը միայնակ թողնել Ադրբեջանի դիմաց, ասելով, որ անվտանգության խնդիրը միայն ռուս խաղաղապահների խնդիրն է։ Նրանք թուլացնում են Արցախի պաշտպանության բանակը։ Երբ Հայաստանից Արցախ զինծառայողների խումբը հետ են կանչվում և նոր զորակոչ Արցախ տեղի չի ունենում, ակնհայտ է, որ սա լուրջ անվտանգային խնդիրն է ստեղծում արցախահայության համար։ Պատահական չեն նոր էսկալացիաները, մենք բազմաթիվ օրինակներ ենք տեսել՝ Փառուխի, Հին թաղերի, Խծաբերդի, Լաչինի միջանցքում տեղի ունեցածը և սա տեղի է ունենում մեր լուռ համաձայնությամբ, երբ ըստ ամենայնի՝ պանթուրքիստական ծրագիրն ամբողջ թափով աշխատում է։ Այդ զիջողականությունը հանգեցնում է ախորժակի գրգռման և նոր պահանջների առաջքաշման»։

Խոսելով Զանգեզուրի միջանցի մասին նա նշեց, որ այս առումով Հայաստանը պետք է շատ հստակ հանդես գա ավելի վճռական դիրքերից և գործընկեր պետություններին հստակ հասկացնի, որ ինքը տրամադրված է պաշտպանել իր ազգային, պետական շահերը, հակառակ պարագայում, եթե դու չես պաշտպանում քո սահմաններն ու ակնկալել, որ ինչ-որ երրորդ կողմ կարող է գալ և պաշտպանել քո սահմանները, անհեռատեսություն է։

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի երեկվա հարցարույցին Արմեն Մարուքյանը նշեց․

«Եթե «խաղաղության պայմանագիրը» Ալիևի տրամաբանությամբ կնքվեց, ուրեմն Արցախը ինքնորոշման իրավունք չի ունենալու և մնալու է Ադրբեջանի կազմում։ Խաղաղության պայմանագրի այս տրամաբանությունը հօգուտ Ադրբեջանի է լինելու, եթե նման պայմանագիր պետք է կնքվի, ապա պետք է Հայաստանը հանդես գա մի պայմանով, որ Արցախի կարգավիճակը պետք է զատվի այդ պայմանագրից, հատուկ կետով պետք է նշվի, որ Արցախի կարգավիճակը առանձին լուծելիք խնդիր է, և այս փաստաթուղթը որևէ կերպ չի կարգավորում Արցախի կարգավիճակը։ Եթե Ադրբեջանը կհամաձայնվի  նման փաստաթուղթ ստորագրել, եթե Ադրբեջանը համաձայնվի  մինչև պայմանագրի ստորագրումը ետ քաշել իր  զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից, միայն այդ պայմանների դեպքում Հայաստանը կարող է գնալ ինչ- որ պայմամնագրի ստորագրման Ադրբեջանի հետ։ Եթե փորձը չհաջողվի, ապա փաստաթուղթը չպետք է ստորագրվի»։

Ավելին` տեսանյութում:

Լ.Ա.