կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-13 16:08
Քաղաքական

Թե ինչ պայմաններում կնքվեց Ղարաբաղյան պատերազմի զինադադարի համաձայնագիրը

Թե ինչ պայմաններում կնքվեց Ղարաբաղյան պատերազմի զինադադարի համաձայնագիրը

Թե ի՞նչ պայմաններում կնքվեց Ղարաբաղյան պատերազմի զինադադարի համաձայնագիրը, պատմում է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

 

ԼՂ պատերազմի զինադադարի համաձայնագրի ստորագրումը գործընթաց է եղել, որը սկսվել է փետրվարի 18-ին եւ ավարտվել մայիսի 16-ին' զինադադարի հաստատման փաստաթղթով ու քարտեզով:

 

Լրագրողներին ներկայացնելով այն քարտեզը, որ գծվել էր 1994 թվականի մայիսի 16-ին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբում' հայկական, ռուսական, ղարաբաղյան եւ ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների կողմից, Հարությունյանը պատմեց բանակցությունների ամբողջ ընթացքը` ուշագրավ մանրամասներ ներկայացնելով:

 

Նախ' եթե գնահատենք այն ժամանակվա ռազմաքաղաքական իրավիճակը, ապա 1993 թվականի դեկտեմբերի 17-ին Ադրբեջանը մշակեց մի ռազմական ծրագիր, որի նպատակն էր Օմար-Լաչին հատվածով Հայաստանից կտրել Ղարաբաղը եւ դեպի Մարտակերտ, Ստեփանակերտ ու Հորադիզ հարվածներով մասնատել ու ոչնչացնել Ղարաբաղը: Սկզբնական շրջանում այդ օպերացիան հաջող է ընթացել Ադրբեջանի համար, նրանք կարողացել են անցնել Օմարի լեռնաշղթան եւ մոտենալ Քելբաջարին (Քարվաճառ): Դրանից հետո հայկական կողմը մշակեց հակահարված եւ ոչնչացրեց այդ ռազմական խմբավորումը, ինչից հետո տեղ-տեղ, փոփոխակի հաջողություններով, մարտերը շարունակվեցին, եւ ստեղծվեց մի իրավիճակ, երբ Ադրբեջանի ուժերն արդեն ջախջախված էին, եւ նրանք ցանկություն ունեին ժամանակ շահելու:

 

«Փետրվարի 18-ին համաձայնեցին Մոսկվայի հանդիպմանը, որին Հայաստանի կողմից մասնակցում էին Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանն ու ես, Ղարաբաղը ներկայացնում էր այն ժամանակ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, իսկ Ադրբեջանը ներկայացնում էին պաշտպանության նախարար Մամեդովը և Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզովը: Այն ժամանակ պատրաստվեց մի արձանագրություն, որը նախատեսում էր զինադադար, բայց դա չպահպանվեց: Մայիսի 5-ին Բիշքեկում ԱԺ նախագահները ստորագրեցին մի կոչ, դա փաստաթուղթ կամ զինադադարի պայմանագիր չի եղել, այլ ընդամենը կոչ, որպեսզի հաստատվի զինադադարը, որը կնքվել էր փետրվարի 18-ին, որը նույնպես չիրականացավ, եւ մայիսի 9-ին, 10-ին եւ 11-ին, համապատասխանաբար, Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները, այսպես ասած, ֆաքսով ստորագրեցին մի փաստաթուղթ, որը նույն կերպ կոչ էր անում հաստատել, նաեւ համաձայնություն էր տալիս զինադադար հաստատել: Սա եւս չիրականացավ»,- պատմեց Վաղարշակ Հարությունյանը:

 

Արդեն այդ անհաջող փորձից հետո' մայիսի 16-ին, Մոսկվայում մեկ անգամ եւս հավաքվում են կողմերը:  Հայաստանը ներկայացնում էին այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու Վաղարշակ Հարությունյանը, Ղարաբաղը' ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, իսկ Ադրբեջանը ներկայացնում էր պաշտպանության նախարար Մամեդովը: Այդ բանակցությունների ժամանակ, ինչպես պատմեց բանախոսը, Ադրբեջանն ուներ 3 նպատակ` առաջինը' Ադրբեջանը չէր ուզում ԼՂՀ-ին որպես կողմ ընդունել:

 

«Երբ մենք պնդեցինք, որ պատասխանատու ենք զինադադարի համաձայնագրի միայն այն հատվածի համար, որտեղ մենք Ադրբեջանի հետ ունենք շփման գիծ, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Ղարաբաղի ունեցած շփման գծին, ապա մենք պատասխանատվություն չենք կարող կրել եւ այդ փաստաթուղթը չենք կարող ստորագրել: Դրանից հետո, շատ բուռն վեճերի արդյունքում, նրանք համաձայնեցին, բայց մի պայման դրեցին, որ Ղարաբաղի ներակայացուցիչը գրվի ոչ թե զինված ուժերի հրամանատար, այլ զինված ուժերի ներկայացուցիչ, ինչին մենք համաձայնեցինք»,- հիշեց Վ. Հարությունյանը:

 

Երկրորդ' կարեւորագույն նպատակը, որ հետապնդում էին ադրբեջանցիները եւ ուզում էին համաձայնագրի միջոցով հասնել, այն էր, որ հայկական զինված ուժերը վերադառնան ԼՂԻՄ-ի' 1988 թվականի սահմանները: Այդ առումով ադրբեջանական կողմը ներկայացնում է հատուկ կարծիք:

 

«Զորքերի դուրսբերում շփման գծից դեպի համաձայնեցված դիրքեր իրագործել 3 օրվա ընթացքում: Պայմանավորված դիրքերում կողմերի տեղավորումից 10 օր հետո սկսել  զորքերի պլանային դուրսբերումը Ադրբհեջանի բռնագրավված տարածքներից (ռուսերեն բնագրում' «планомерный вывод войск из захваченных территории Азербайджана» ): Ես հատուկ ընդգծում եմ, որ սա Ադրբեջանի ձեւակերպումն էր, դրա համար էին նշել բռնագրավված:

 

Եվ երրորդ նպատակը' Ադրբեջանը դեմ էր, որ ուժերը, որ պետք է կանգնեին շփման գծում` որպես խաղաղարար, լինեին ռուսական: Եվ երբ քննարկվում էր, որ շտաբը, որ պետք է ղեկավարի ռուսական կողմը, պետք է կազմված լինի Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչներից, իրենք առաջարկեցին. «Позиция министерства обороны: Состав объединенного штаба, включающего представителей СБСЕ (նախկին ԵԱՀԿ-ն. Խմբ.)...»  Եվ իրենք պնդում էին, որ այդտեղ ռուսական զորքեր պետք չեն, այլ պետք են միայն ԵԱՀԿ-ի դիտորդներ, եւ եթե երբևէ պետք է այդտեղ ուժեր մտնեին, լինեին ՆԱՏՕ-ի ուժերը: Մենք այս երեք կետերին էլ դեմ էինք»,- ներկայացրեց Վաղարշակ Հարությունյանը:

 

Այստեղ մեր կողմից լինում է առաջարկ' համաձայնագրում մտցնել «հետագայում տարածքների ազատագրումը նկատի ունենալով»արտահայտությունը: Մենք նկատի ունեինք, օրինակ' Արծվաշենից զորքերի դուրսբերումը եւ այլն, որն ադրբեջանական կողմն ընդունեց իբրեւ մեր համաձայնությունը, թե իբր մենք ազատագրված տարածքներից դուրս ենք գալիս: Երբ այս փաստաթուղթը ստորագրելու հաջորդ օրը  Ռուսաստանի ԳՇ-ում  Հայաստանը ներկայացնող Հարությունյանը Ադրբեջանի ԳՇ պետի տեղակալի հետ սկսում են քարտեզի վրա գծել, թե ինչ է նշանակում այդ փաստաթուղթը, եւ արդեն հստակ երեւում է շփման գիծը, արդեն առաջանում են խնդիրներ:

 

«Երբ Ադրբեջանի ներկայացուցիչը հարցրեց, թե ինչո՞ւ Աղդամը չենք վերադարձնում, ես ասացի` բայց փաստաթղթում այդպիսի բան չկա գրված, այլ գրված է, որ կողմերն իրենց զորքերը հետ են քաշում շփման գծից 5 կիլոմետր հետ: Նա ասաց' ես չեմ կարող շարունակել աշխատանքը, գնաց Ադրբեջանի դեսպանատուն ու կապվեց Բաքվի հետ... Հաջորդ օրն ինձ հրավիրեցին Ռուսաստանի ԳՇ' պաշտպանության նախարարություն, Բակո Սահակյանն էր այն ժամանակ Մոսկվայում, մենք իրար հետ գնացինք այնտեղ, ուր արդեն գտնվում էր Ադրբեջանի պատվիրակությունը, որ ղեկավարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Նիստը վարում էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Գրաչովը, ներկա էր այն ժամանակ նրա տեղակալ, գեներալ-գնդապետ Կանդրատևը, որը պետք է ղեկավարեր խաղաղապահ առաքելությունը: Երբ Գրաչովը հարցրեց, թե պատրա՞ստ են Հայաստանն ու Ղարաբաղն իրականացնել այս պայմանագիրը, մենք պատասխանեցինք' այո, ստորագրել ենք ու պատասխանատու ենք մեր ստորագրության համար, իսկ երբ դիմեց ադրբեջանական կողմին, նրանց պաշտպանության նախարար Մամեդովն ասաց' այս պայմանագիրը չի նախատեսում տարածքներից զորքերի հետ քաշում, դրա համար Հեյդար Ալիեւը մեզ հանձնարարել է հրաժարվել փաստաթղթից, եւ մենք դեմ ենք դրան»,- պատմեց բանախոսը:

 

Այսինքն` Ադրբեջանը համաձայն էր, որ եռօրյա  ժամկետում զորքերը հետ քաշվեին շփման գծից 5 կիլոմետր հեռու, իսկ 10 օրից' հայկական զորքերը հետ քաշվեին ԼՂԻՄ-ի նախկին սահմանները, ինչը չմտավ պայմանագրի մեջ:

 

Եվ, բնականաբար, երբ հաջորդ օրը սկսում են ստորագրված պայմանագրի կետերի համաձայն գծել քարտեզը, այդտեղ արդեն չկար դրույթ, որ Ղարաբաղի ուժերը պետք է հետ քաշվեն մինչեւ ԼՂԻՄ-ի տարածք: Ադրբեջանական կողմն արդեն  գալիս է պատվիրակությամբ եւ հայտարարում, որ պատրաստ չէ իրականացնել արդեն իսկ ստորագրված փաստաթուղթը: Գրաչովն այդ ժամանակ  հայտարարում է, որ միջնորդական առաքելությունը իրականացնում է ինքը, հայտարարվել է, որ փաստաթուղթ է ստորագրվել, եւ եթե ադրբեջանցիները հրաժարվում են, ապա դրանից հետո Ռուսաստանն այլեւս չի միջամտի այդ հակամարտությանը:

 

«Նույնիսկ այսպես ասաց' եթե անգամ հայերը մտնեն Բաքու, ես ձեզ հետ այլեւս ոչ մի համագործակցություն չեմ ունենա եւ անգամ հեռախոսին չեմ պատասխանի... Դրանից հետո, երբ նա գնաց, Ադրբեջանի ներկայացուցիչը խնդրեց հանդիպում, ինչին Կանդրատեւը արձագանքեց, թե հնարավոր չէ' ադրբեջանցիները լավ չեն պատկերացնում, թե ինչ են արել ու այլեւս պաշտպանության նախարարի հետ հանդիպում չեն ունենա: Դրանից հետո Մամեդովը  ինձ մոտեցավ, փորձեց իմ միջոցով այս փաստաթուղթը ջրել, ասելով' գիտե՞ք ինչ, եկեք` աշխատենք մեծ քաղաքական պայմանագրի վրա, որ բոլոր հարցերը լուծենք, զինադադարն ինչի՞ համար է պետք: Ես պատասխանեցի, որ մինչեւ այդ փաստաթուղթը պետք է զինադադար լինի, առաջին նախապայմանը զինադադարն է: Սա է եղել իրականությունը, թե ինչպես է ստորագրվել այս համաձայնագիրը»,- բանակցությունների չհրապարակված մանրամասները ներկայացնելով` ասաց Հարությունյանը, նաեւ հավելեց, որ արդյունքում վերջնական փաստաթուղթ ստորագրվեց, որտեղ  նրանք ձեւակերպումը' տարածքների ազատագրում, ընկալեցին, որպես զորքերի դուրսբերում, ինչն այդպես չէր:

 

Վաղարշակ Հարությունյանը նաեւ վստահորեն' արդեն 20 տարվա հեռվից ասաց, որ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներն այդ օրերին լավ չեն պատկերացրել, թե ինչ են ստորագրել' զինադադարի համաձայնագրով ազատագրված' վիճահարույց տարածքների մասով ոչինչ արձանագրված չէ, հիմանական հասկացությունը շփման գիծն է, ու վերջ:

 

Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ռազմական գործողություններն ինչպե՞ս կզարգանային, եթե այդ համաձայնագիրը չստորագրվեր, ինչին գեներալ-լեյտենանտը պատասխանեց. «Պարզ ասեմ' պատերազմը դեռ ավարտված չէ, եւ շատ բաներ ես չեմ կարող բացել, օրինակ` իմ բանակցությունները Գրաչովի, Ռուսաստանի այդ ժամանակվա ԳՇ պետի հետ, Վազգեն Սարգսյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ, Ղարաբաղի նախագահի հետ եւ այլն: Մանրամասները բացելու ժամանակը չէ հիմա, ես կձեւակերպեմ հետեւյալ կերպ' ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում Հայաստանի եւ Ղարաբաղի շահերից բխում էր այս համաձայնագրի ստորագրումը, բայց մի դեպքում` երբ մենք հաստատում էինք շփման գիծ: Եթե լիներ այլ տարբերակ, որ, օրինակ, պետք է հետ քաշվեինք Ղարաբաղի տարածք, ապա չէինք ստորագրի այդ փաստաթուղթը»:

 

Բայց հայկական կողմին, շեշտեց նախկին նախարարը, հաջողվեց այս հայանպաստ փաստաթուղթը ստորագրել, հաստատվեց հրադադար, Ղարաբաղը դարձավ կողմ, եւ մինչ օրս զինադադարը գործում է: Իսկ թե ինչ կլիներ ռազմական առումով, ապա պատմությունը «եթե»-ներ չի սիրում: «Ինչ որ կա, դա է»,- ասաց Հարությունյանը:

 

Նա հիշեցրեց նաեւ, որ այդ համաձայնագրի ստորագրումից հետո, երբ Ղարաբաղն առաջին անգամ հանդես էր եկել որպես կողմ, Ադրբեջանում Մամեդովին մեղադրեցին, թե իբր նա ծախեց Ղարաբաղը:

 

Զինադադարի համաձայնագրի ստորագրումից 9 տարի անց տեղի ունեցած մի ուշագրավ դեպք հիշեց Վաղարշակ Հարությունյանը' 2003 թվականի դորտմունդյան  բանակցությունների ժամանակ, երբ ինքը  Ադրբեջանի ներկայացուցիչ Հեյդար Նամազովին ասել է` Ադրբեջանը ստորագրել է զինադադարը Ղարաբաղի ու Հայաստանի հետ միասին, որով եւ ընդունել, որ Ղարաբաղը կողմ է, ադրբեջանցին պատասխանել է` ո'չ, իբր Մամեդովն այդպիսի լիազորություններ չուներ: Բայց փաստը փաստ է: