Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ես նաև այս ամբիոնից խոսել եմ, նաև իմ վերջին հարցազրույցի ժամանակ խոսել եմ, 1991 թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու այդ կոնցեպտի մասին, և կան նախանշաններ, որ այս հենքը և այս մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար…» ( Նիկոլ Փաշինյան, 05 հոկտեմբերի, 2022 թ., հատված՝ ԱԺ-ում ելույթից ):
1991 թ. դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ հիմնադիր երեք հանրապետությունների՝ Բելառուսի, ՌԴ-ն (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի ղեկավարների՝ Բելովեժյան թավուտում ստորագրված Համաձայնագրով սկսվեց ԱՊՀ ստեղծման գործընթացը: Առանձին քննարկման թեմա է՝ ինչու՞ Բելովեժյան հանդիպմանը չէին հրավիրվել մյուս հանրապետությունների ղեկավարները, և ի՞նչ բացատրություն էր տվել հանդիպանը մասնակից Բ. Ելցինն այդ առիթով: ՀՀ-ն նախկին խորհրդային ևս 10 հանրապետությունների հետ ԱՊՀ ստեղծման գործընթացի մասնակիցը դարձավ 1991 թ. դեկտեմբերի 21-ին, երբ Ալմա-Աթայում ստորագրվեցին ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրին կից Արձանագրությունը և Ալմա-Աթայի Հռչակագիրը:
Ալմա-Աթայի Արձանագրության 3-րդ պարբերությունում նշված է՝ ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի հիման վրա և հաշվի առնելով դրա վավերացման ընթացքում արված վերապահումները (ընդգծումը մերն է - Վ.Ս.)՝ կմշակվեն ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը կարգավորող փաստաթղթեր։ Փաստենք՝ Ալմա-Աթայի Արձանագրության 4-րդ պարբերությունում նշված է, որ այն ԱՊՀ ստեղծման Համաձայնագրի անբաժանելի մասն է:
Հայաստանի վերապահումները գրված են 1992 թ. փետրվարի 18-ին ՀՀ Գերագույն խորհրդի որոշման մեջ, որով վավերացվել է 1991 թ. դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Ֆեդերացիայի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագիրը.
Կետ 1. Համաձայնագրի նախաբանի 4-րդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով:
Կետ 3. Համաձայնագրի 5-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրմամբ. «Բարձր պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, (ընդգծումը մերն է - Վ.Ս.), միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռմնխելիությունը»: (Բուն Համաձայնագրում ձևակերպված է այսպես «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և Համագործակցության շրջանակներում առկա սահմանների անձեռնմխելիությունը» - Վ.Ս.):
Կետ 10. Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով:
Փաստենք՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին պալատը` Հանրապետությունների խորհուրդը, ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին թիվ 142-Ն բանաձևն ընդունել է 1991 թ. դեկտեբերի 26-ին՝ ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովի հրաժարականի, նրա՝ Կրեմլը լքելու և ԽՍՀՄ դրոշը Կրեմլի վրայից իջեցնելու հաջորդ օրը: Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անկախության մասին համահանրապետական հանրաքվե անցկացվել էր դրանից օրեր առաջ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին:
2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում ընդունված Հայտարարությունը հենված է 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագրի դրույթներից ընդամենը մեկի վրա, ըստ որի՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Դեռ մի կողմ թողնենք այն իրողությունը, որ նույն հռչակագրի՝ վերոհիշյալ դրույթին նախորդող կետում հստակ նշված է, որ ԱՊՀ երկրների միջև հարաբերությունները պետք է զարգանան նաև ինքնորոշման անքակտելի իրավունքի հիման վրա, միայն փաստենք՝ Հռչակագրի 6-րդ պարբերությամբ ստորագրող կողմերը, այդ թվում ՀՀ-ն և Ադրբեջանը, հավատարիմ են լինելու ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի նպատակներին ու սկզբունքներին: Իսկ թե ինչ նպատակներ և սկզբունքներ, ինչպես նաև դրանցից բխող որոշումներ կան հրապարակում՝ վերևում արդեն նշեցինք:
Հետևաբար՝
Վահե Սարգսյան