Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նովոստի» մամուլի ակումբում կայացած Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ, արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով կարող է արձանագրել միայն շատ դանդաղ առաջխաղացում, եւ որ գործընթացն առաջ է գնում միլիմետրերով: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներին` Վլ. Կազիմիրովը նշել է, որ դեռեւս ոչ ոք հստակ ինֆորմացիայի չի տիրապետում եւ կարելի է միայն ենթադրել, թե ինչ են քննարկել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:
Կազիմիրովը նաեւ նշել է, որ սա այն կոնֆլիկտն է, որը մեծ համբերություն եւ ոչ քիչ ժամանակ է պահանջում: «ԱզեՌուս» դաշնային ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Սոյուն Սադիկովն էլ կարծիք է հայտնել, որ հակամարտության կողմերն իրենք պետք է ընդհանուր լեզու գտնեն` անկախ միջնորդների այս կամ այն միջամտությունից կամ օգնությունից: Ըստ նրա, պետք է ավելի շատ աշխատել ազգային դիվանագիտության ուղղությամբ:
Կարեւորելով եռակողմ հանդիպումները` Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը նկատեց, որ պետք է հասկանալ` այդ հանդիպումներն իսկապես գո՞րծ է արվում, թե լոկ հաշվետվության համար են այդ հանդիպումները: Գր.Տրոֆիմչուկը նաեւ հավելեց. «Երեկ Մոսկվայում սարսափելի պայթյուն եղավ, բայց մենք պետք է գոհունակություն հայտնենք ճակատագրին, որ նման պայթյուններ չեն որոտում Ղարաբաղյան գոտում»: Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեեւն էլ կարծիք հայտնեց, որ Ղարաբաղյան հարցը ոչ մի պարագայում չպետք է ռազմական լուծում ստանա. «Հակամարտության կողմերին պատերազմի մղելու ջանքերն աղետի կհանգեցնեն. պատերազմի դեպքում երկու կողմից առնվազն 100 հազար մարդ կզոհվի, կտուժեն բոլորը, չի շահի ոչ ոք: Որքան էլ որ երկար տեւեն բանակցությունները, դա ավելի լավ է, քան հարյուր հազարավոր մարդկանց կորուստըե,- նկատեց Միխեեւը` հավելելով, որ եթե Բաքուն ու Երեւանը չկարողանան ընդհանուր լեզու գտնել, Մոսկվան կփորձի օգնել:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այս կապակցությամբ նշեց, որ Ռուսաստանն արդեն իսկ իր վրա է վերցրել հակամարտության կարգավորման միջնորդի կարեւոր դերը: Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսմանը, ապա, Ալ.Իսկանդարյանի կարծիքով, դրանում շահագրգռված կողմ չկա` ոչ միջնորդ երկրների, ոչ էլ հակամարտության անմիջական կողմերի մեջ: «Սա լուրջ կոնֆլիկտ է, ու այդ կոնֆլիկտը մեզ կուղեկցի ամենաքիչը մեկ տարի»,-հավելեց քաղաքագետը: Ռուս լրագրողի հարցին` ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը շփման գոտում, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ ըստ էության հրադադարի մասին խոսք լինել չի կարող, եւ այն քանակության զենքը, որ ձեռք է բերում Ադրբեջանն ամեն տարի, բնականաբար, պետք է մի օր գործարկի: Փորձագետն այս հարցում կարեւորեց միջազգային հանրության դերը` խորհուրդ տալով արգելել զենքի վաճառքը Հայաստանին ու Ադրբեջանին` դրանով իսկ նպաստելով, որ առաջին գծում կրակոցներ չհնչեն: