Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում «Ջենք Թաշքան» կեղծանվամբ հայտնի Մաժաք Թոշիկյանը բացահայտել է Նուքհեթ Դուրուի տաղանդը, եւ նրա համար 55 երգ հորինել։ Նուքհեթ Դուրուն հայտնի է դարձել «Թող ինձ իմ հետ» եւ «Լարախաղաց» երգերով, որոնց հեղինակը Ջենք Թաշքանն է։
Նուքհեթ Դուրուն այսպես է նկարագրում Ջենք Թաշքանին. «Ջենք Թաշքանը Թուրքիայի եկած-անցած կարեւորագույն կոմպոզիտորներից է։ Նրա ստեղծագործությունները ուրիշ ոչ ոքի ստեղծագործություններին նման չեն: Մերը պարզապես երաժշտական ճամփորդություն չէր: Ես նրա մեջ միաժամանակ «մարդկայինն» էի բացահայտում»:
Մաժակ Թոշիկյանը «Չենք Թաշքան» կեղծանվան տակ 400-ի չափ երգեր է հորինել հատկապես Նուքհեթ Դուրուի, ինչպես նաև Թուրքիայի այնպիսի փոփ աստղերի համար, ինչպիսիք են Հույմեյրան, Նիլուֆերը, Աժդա Փեքերը, Նեջո, Ջոշքուն Դեմիրը, Թանժու Օքանը, Սիբիլ Փեքթորոսօղլուն, Սեզեն Աքսուն, Զուհալ Օլջայը, Նիլ Բուրաքը, Սալիմ Դունդարը, Այթեն Ալփմանը, Յեշիմ Սալքըմը, Բեյազ Քելեբեքլերը, Պակիզե Սուդան, Մեհմեթ Թեոման-Այշեգյուլ Ալդինչը, Ֆունդա Արարը, Յաշար Իփեքը, Ըշըլ Յուջեսոյը, Գոնջագուլ Սոնարը, Ջենք Էրենը, Այչա Վարլըերը, Պետրոն, Օքթայ Ալիքանը, Իսկքենդեր Դողանը, Աթի, Քերեմ Դ.-ն, Բյուլեթ Յեթիշը, Լեվենթ Յուքսելը, Աշքըն Նուր Յենգին:
Ոչ միայն վերոնշյալները․ Մաժակ Թոշիկյանը «Ջենք Թաշքան» կեղծանունով հեղինակել է «Հորմուզը՝ յոթ ամուսիններով», «Կեցցե՜ սիրելի աշխարհը», «Կահիդե», «Քամելիազարդ տիկինը», «Թաղեք մեռելներին», «Սուլթան-ի Սեյիրլիք», «Ահեղ Մահմուտ», «Անապատի փոթորիկներ», «Կկու թռչուն», «Ֆրանկենշտեյն», «Քահրամանմարաշ, ազատագրման առասպել», 16 կաբարե շոուների, երաժշտական և կոմպոզիտորական թատերական երաժշտությունները:
Ավելին: Մաժաք Թոշիկյանը «Ջենք Թաշքան» կեղծանունով ստեղծել է «Ալի Սամի Յեն» մարզադաշտի փակման երաժշտությունը, և Ստամբուլի «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտի բացման արարողության երաժշտությունը։
Ջենկ Թաշքանն իր գիտելիքը, սերը, կյանքն ու երիտասարդությունը տվել է Թուրքիային։ Սակայն Թուրքիան նրան իրավունք չի տվել ազատորեն օգտագործելու իր իրական անունը, որը հայերեն «Մաժաք Թոշիկյան» է։ Երբ նա 1965 թ. առաջին անգամ բեմ բարձրացավ, նվագախմբի պատասխանատու Յավուզ Օզըշըքը ասաց. «Մաժակ Թոշիկյան անունը լավ չէ, գլխիդ փորձանք կբերի: Այս երեկոյից անունդ կլինի Ջենկ Թաշքան», և հայտարարեց՝ «Ահա Ջենք Թաշքանն է՝ կիթառի վրա»: Խաղատան հաճախորդները ուրախությամբ ծափահարեցին նրան։ Այդպես նա Ջենք Թաշքան դարձավ, իսկ ներքուստ Մաժակ Թոշիկյան մնաց։ Երբ Ջենք Թաշքանը ծիծաղում է, Մաժակ Թոշիկյանը արտասվում է։ Նրա ամբողջ կյանքում այդպես է եղել: Թե ինչ է նշանակում հարազատ ինքնությունն ու հարազատ անունը թաքցնելով՝ թուրքական կեղծանունով ապրելը՝ գիտի միայն այդպես ապրողը:
Մաժաք Թոշիկյանն իր իսկական անվամբ Հայաստանում բազմաթիվ հայկական երգեր է ստեղծել։ Մրցանակներ է ստացել: «Հրանտ Դինք Ժամանակակից Օրատորիայի», «Աղթամարը դարից դար», «Սասունցիների պարի» պես մեծ ստեղծագործությունների երաժշտության հեղինակ է: Սակայն Հայաստանում նրան ոչ ոք չէր ճանաչում Ջենք Թաշքան անունով։ Մաժաք Թոշիկյանը միթևանի արծիվ էր: Ո՛չ Թուրքիայում, ո՛չ Հայաստանում երկու թեւով չէր կարող թռչել։ Մի թեւը միշտ կոտրված էր: Նա իր կյանքն այս խոսքերով ընդհանրացրեց.
«Կյանքս Մաժաք Թոշիկյանից Ջենք Թաշքան, Ջենք Թաշքանից Մաժաք Թոշիկյան անցումներով է շարունակվում։ 73 տարեկան եմ։ Մի քանի օր գլուխս առնում-գնում եմ Ստամբուլ, Երևան կամ էլ Մոնրեալ։ Երանի կարողանայի երևալ այնպիսին, ինչպիսին կամ, ապրել այնպես, ինչպես երևում եմ: Երանի ներքուստ ու արտաքուստ նույնը լինեի: Երանի հայրենիքումս, այն հողի վրա, որտեղ որ գտնվում եմ, իմ ինքնությամբ, մորս տված անունով՝ որպես Մաժաք, խաղաղության ու երանության մեջ կարողանայի ապրել: Այդ ժամանակ և՛ Թուրքիան, և՛ ես ավելի երջանիկ կլինեինք։ Ես էլ կկարողանայի ավելի շատ գործեր ստեղծել, Թուրքիայի և աշխարհի երաժշտական աշխարհում ավելի շատ ներդրում կկարողանայի ունենալ: Բոլոր ստեղծագործություններս նման՝ գեղեցիկ Թուրքիա ու աշխարհ ստեղծելու ցանկությամբ ու կարոտով եմ կյանքի կոչել։ Ուրախ եմ, որ մտածում եմ, որ իմ ջանքերն ապարդյուն չեն անցնում և չեն անցնի»:
Մաժաք Թոշիկյանի հետ Երեւանում ծանոթացա
Ստամբուլցի Հերման Խնդիրյանը 2018 թ. Երևանում ինձ ծանոթացրեց Մաժաք Թոշիկյանի հետ: Մինչեւ այդ օրը ես նրան չէի տեսել։ Ինձ շատ դուր եկավ «Ջամբազ» (Լարախաղաց) երգը։ Կոմպոզիտոր «Ջենք Թաշքանին» ճանաչեցի նրա բացակայությամբ։ Սակայն երբեք չէի լսել, որ Ջենք Թաշքանն իրականում Մաժաք Թոշիկյանն է՝ իսկական հայ։ Ամաչեցի իմ անզգայությունից։ Խիղճս տանջեց:
Մաժաք Թոշիկյանի հետ չորս օր էինք միասին, բայց քառասուն տարվա ընկերների պես մտերմացանք իրար հետ։
Մաժակ Թոշիկյանը հայ անվանի բանաստեղծ Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» ութ էջանոց բանաստեղծությունը 50 տարվա երաժշտական գիտելիքներով ու փորձառությամբ երաժշտականացրեց, մեկնաբանեց և նվագախմբային աշխատանքներ անելով՝ մեկ տարվա ընթացքում ավարտեց դրանք։ Նա եկել էր Կանադայից «Սասունցիների պարի» համար։
Ինձ իմ հետ թողեք Մաժաք Թոշիկյանից մինչեւ Ջենք Թաշքան
Վերջիհան Զիֆլիօղլուն գրել է Ջենք Թաշքանի կյանքի պատմությունը։ Նա իր գիրքն անվանել է «Ինձ իմ հետ թողեք Մաժաք Թոշիկյանից մինչեւ Ջենք Թաշքան»։ Այս գիրքը հրատարակվել է Անկարայի Kuzey Işık հրատարակչության կողմից՝ 2021 թ. հոկտեմբերին։ Շնորհակալ եմ Վերջիհան Զիֆլիօղլուին այս հետաքրքիր, ուսանելի և մտածելու տեղիք տվող գիրքը գրելու համար։ Այս հոդվածը գրելիս օգտվեցի և՛ «Ինձ թող ինձ հետ» գրքից, և՛ Մաժաք Թոշիկյանի հետ ունեցած իմ մասնավոր հարցազրույցից։ Կցանկանայի Վերջիհան Զիֆլիօղլուին նաև շնորհակալություն հայտնել իր գիրքն օգտագործելու և մեջբերումներ կատարելու համար։
Երբ կարդաս «Ինձ թող ինձ հետ» գիրքը, կտեսնես 1970-ից հետո Թուրքիայում մարդկայնության ըմբռնումը և Թուրքիայի սոցիալական ենթագիտակցությունը, և խիղճդ կտանջի քեզ։
Իմ սիրելի հայ եղբայր Մաժաք Թոշիկյան, շատ շնորհակալ եմ քեզ, որ պատմում ես քո կյանքի մասին առանց խմբագրումների և այնպես, ինչպես դա ներսիցդ է բխում։ Քո ցավը նաև իմ ցավն է։ Սիրտս քեզմով կխայտա:
Թուրքերենից թարգմանեց Տիգրան Չանդոյանը