Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիի Մուշ թաղամասում՝ հինավուրց շենքի բակում, եռագույնով ծածկված մի պատշգամբ կա վերտառությամբ՝ «Հավերժ փառք հայոց անմահ հերոսներին»: Շենքի բակում ցայտաղբյուր է և գյումրեցի հերոսների անվամբ քարակերտ մի ծառ, որի կտրված ճյուղերից մեկի վրա կարդում եմ իմ սիրելի հերոսի անունը՝ Մերուժան Ստեփանյան: Ես այցելում եմ 2016 թվականի ապրիլի 2-ին Թալիշում զոհված հետախուզական դասակի հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, լուսե ժպիտով հերոսի՝ Մերուժան Ստեփանյանի ծնողներին։
Տան շեմքին ինձ դիմավորում է Մերուժանի մայրը՝ տիկին Նունեն: Ես համբուրում եմ հերոսածին մորն ու մտնելով հյուրասենյակ՝ մի պահ անշարժացած կանգ առնում. այն կարծես թանգարան լիներ, որտեղ ամենուր հերոսի նկարներն էին, կիսանդրին, նշանածի համար նրա պատրաստած մանրակերտ տնակը, որում լույս էր վառվում՝ հավետ վառ պահվող նրա հիշատակի անմար լույսը…
Սպայի համազգեստով բարձրահասակ երիտասարդը տան շեմքին հրաժեշտ տվեց մորն ու ասաց.
-15 օրից կգամ մամ ջան, արձակուրդ եմ վերցնելու…
-Զգույշ կլինես Մերուժ ջան,-ասաց մայրն ու ակամայից սկսեց հեկեկալ…Առաջին անգամը չէր որդուն ճանապարհում, բայց անբացատրելի հուզմունքը խեղդում էր…
Մարտի 30-ն էր, գարնան տաք մի օր, մեքենան սլանում էր ազատագրված Արցախի ողորկ ճանապարհով, Մերուժանը նայում էր ամպերի արանքից շողացող արևին ու ժպիտով երազում: «Երկու ամսից ամուսնանում եմ, հարսանիքս պետք է այս հրաշալի բնության գրկում լինի»,- մտածում էր ու ինքնամոռաց ժպտում: Արցախ աշխարհը գեղեցիկ էր՝ նոր նոր երևացող կանաչով ծածկված: «Մարդկային բյուրավոր կյանքեր է խլում այս հողի համար մղվող պատերազմը, անավարտ թողնում երազանքները, սպասելով թողնում սիրելիներին»,-խորհում էր նա ու քթի տակ մրմնջում իր սիրած երգը.
-Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս՝ ինձ,
Զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ,
Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ
Բիբլիական Մասիսի պես դուք միշտ հպարտ հայոց սպաներ
Պատիվ ունեմ…
Կուրսանտական միջոցառումների ժամանակ միշտ այս երգն էր երգում: Հայրը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում էր աշխատում, ինքն էլ, սիրելով զինվորականի մասնագիտությունը, որոշեց ընդունվել ռազմական ինստիտուտ՝ ընտրելով մոտոհրաձիգի մասնագիտությունը…
Նա վերադառնում էր Թալիշ, որտեղ, բուհն ավարտելուց հետո, ծառայության էր անցել վիճակահանությամբ… Սակայն Արցախում նրան սպասվում էր ևս մեկ՝ բախտի վիճականությամբ հենց այդ օրը այդ վայրում հայտնված աղջիկը: Սիրահարվեց հենց առաջին հայացքից: Նրա պարզ բարի աչքերին նայելով հասկացավ, որ շուշեցի այս աղջկա հետ է ուզում կյանքը կապել, երկու երեխա ունենալ ու անվանակոչել նրանց հոր և մոր անուններով՝ Արթուր և Նունե: Սպայի հաստատակամությամբ սկսեց քայլեր ձեռնարկել…
Գյումրիում՝ հորական տանը, դեռ պահպանվել է լուցկու հատիկներով իր երազանքի մանրակերտ տնակը.. Եթե միայն կարողանար այդպիսի տուն կառուցել Արցախում՝ գեղեցիկ այգիով, ծաղկաշատ բակով: Նա շատ էր սիրում այս հողը: Որքան էր երազում.. Ու շտապում էր ամեն բան հասցնելու մոլուցքով.. Մայրը հաճախ հորդորում էր, թե ամեն բան իր ժամանակին կլինի Մերուժ ջան, բայց ինքն ուզում էր ամեն ինչ միանգամից լինի…Կանխազգում էր կարծես, որ շատ ժամանակ չունի… Այդպես, ձմռան մի օր, ծնողների հետ բռնեց ազատագրված բերդաքաղաքի ճանապարհը… Գնում էր նշանելու այն աղջկան՝ արցախյան ազատամարտի հրամանատար, Քարինտակի ինքնապաշտպանական մարտերի և Շուշիի, Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Կուբաթլուի, Մարտակերտի ազատագրական մարտերի մասնակից, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Ռոմիկ Բաղդասարայանի դստերը՝ Զարինեին: Առատ ձյուն էր տեղացել ու նրանց տան ճանապարհը դարձրել գրեթե անանցանելի… Նա, ծաղիկները ձեռքին, շտապելով հաղթահարեց ձյունածածկ բարձրունքն ու տեղ հասնելուն պես սկսեց ծանոթանալ հյուրերի հետ, լուսանկարվել հարսնացուի հետ: Խիզախ հրամանատարի դուստրը կյանքի ուղեկից էր ընտրել իր հոր արժանի հետնորդին, ում առաքինի կերպարը մշտապես թագավորել էր Զարինեի երազանքներում: Մերուժանն այնքան էր ուզում ամուսնանալ՝ գիտակցելով, որ ամուսնական կյանքը պատերազմող երկրում ծառայող հայ սպայի՝ հետախուզական դասակի հրամանատարի համար բարդ է լինելու... Բայց նա երկնչողներից չէր: Նշանածին մի օր ասաց.
-Դու ծնողներիս հետ կապրես Մատաղիսում՝ ապահով վայրում, ես կմնամ Թալիշում, այնտեղ վտանգավոր է,- ու մի փոքր լռելուց հետո ինքնաբերաբար ավելացրեց,- ես կմեռնեմ Թալիշում, դուք գոնե ողջ կմնաք…
Արձակուրդից վերադառնալով՝ Մերուժանն ապրիլի առաջին օրն իր դասակի հետ բարձրացավ դիրքեր՝ մարտական հերթապահության տասնչորս օրերն անցկացնելու ու կրկին արձակուրդ մեկնելու հաստատակամությամբ: Հարկավոր էր հարսանիքի նախապատրաստվել…
Արշալույսը դեռ չէր բացվել Թալիշի բարձրունքներում։ Հերթապահության առաջին գիշերն անհանգիստ էր, հակառակորդի ներթափանցման մի քանի փորձ կանխեցին: Բայց իրավիճակը շարունակում էր լարված մնալ… Մերուժանը, խորաթափանց հայացքը հեռուն հառած, բացվող առավոտի ձայներն էր ունկնդրում։
Մտքում շարունակ արցախյան ազատամարտի հերոսների սխրանքների մասին պատմություններն էին: «Նրանք ընկան, որ մենք շարունակենք անառիկ պահել մեր պապերի վաղեմի բնօրրանը՝ Արցախը: Ուտիք գավառի Թարիջ իշխանի կողմից մ.թ. 401 թ. հիմնադրված Թալիշը հարկավոր էր զերծ պահել ադրբեջանական զինուժի ներթափանցումից»:
Հետախուզական իր դասակում գումարտակի լավագույն զինվորներն էին ընդգրկված՝ համարձակ, ամրակազմ, լավ հետախույզներ ու լավ դիպուկահար: Զինվորները սիրում էին իրենց հրամանատարին ու հասուն զգոնությամբ հերթափոխն իրականացնում դարանակալած գիշերվա թանձր մշուշում։
Պատմական իրողությունը մի օր վերականգնելու, Մեծ Հայքի Արցախ նահանգի ամբողջական տարածքը հայ ժողովրդին վերադարձնելու հաստատակամությամբ էր Մերուժանն ընտրել սպայի պատվաբեր մասնագիտությունը, հրաձիգի անխոնջ ուղեկիցը՝ զենքը։ Ու եկել Արցախի հյուսիս-արևելյան դարպաս: Պատմական Արցախ-Ուտիքի սահմաններն ամբողջական տեսնելը նրա երազանքն էր: Հաճախ էր խորհում հայ ժողովրդի դեմ իրագործված պատմական անարդարության, այսօրվա սահմաններն անառիկ պահելու և դեռևս չազատագրված տարածքները վերադարձնելու մասին։
Լույսը բացվեց Արցախի բարձրունքներում, մինչդեռ թշնամու նախահարձակ գործողությունները չէին դադարում: Տեսասարքի էկրանին դեպի իր դիրքը շարժվող մարդիկ երևացին: Նա կազմակերպեց շրջանաձև պաշտպանություն ու հմտորեն ղեկավարեց մարտը` իր և իր զինվորների ցուցաբերած խիզախության շնորհիվ կասեցնելով թշնամու գրոհը: Դիվերսանտ հատուկ ջոկատայինները անակնկալի գալով հետ մղվեցին՝ մարտի դաշտում թողնելով զոհեր։ Տեղեկատվություն ստացան, որ դիվերսանտների մեկ այլ խումբ մտել է Թալիշ։
Թալիշի անդորրը խաթարվեց: Գյուղից կրակոցի ձայներ լսվեցին: Քիչ անց հրետանու ռմբակոծման թիրախը դարձան նաև դիրքերը, գետնատնակի մի պատն ամբողջովին փլվեց, կապը խափանվեց, հակառակորդի ուղղաթիռները հայտնվեցին Մերուժանի և իր զինվորների գլխավերևում… Ջերմադիտակով մոտ տարածությունում հակառակորդի մեծաքանակ ուժերի կուտակումներ նկատվեցին: Եկողները զինվորականներ չէին, չսափրված, հնամաշ շորերով, փորձառու արյունախումներ էին՝ վայրագ ու կատաղի… Իսկ իրենք` ութ զինվոր և մեկ հրամանատար: Փամփուշտները քիչ էին մնացել: Ռազմամթերքը պետք է դիրք հասցնեին դեռևս կեսօրին, սակայն թշնամու դիվերսիոն ջոկատի դարանն ընկան մայոր Հայկ Թորոյանը և մեքենայի վարորդ, շարքային Հրանտ Ղարիբյանը: Նրանք, Թալիշ գյուղի մերձակայքում մարտի բռնվեցին ադրբեջանցի գրոհայինների հետ և դաժանաբար մորթվեցին անհավասար մարտում։ Մերուժանի դիրքը, կտրված լինելով թիկունքից, այդպես էլ ռազմամթերք չստացավ…
Ինտենսիվ կրակ վարելով հարակից անտառից և խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ նահանջած հակառակորդը մեծաքանակ ուժերով փորձում էր մարտը վերսկսել: Դիրքի հերոս տղաները՝ Մերուժան Ստեփանյանի հրամանատարությամբ, ժամեր շարունակ պայքարեցին՝ Արցախի հյուսիս-արևելյան կարևորագույն դարպասը չհանձնելու հաստատակամությամբ… Զինվորներից մի քանիսը վիրավոր էին: Մերուժանը հանեց իր զրահաբաճկոնն ու հագցրեց վիրավոր զինվորին, որպեսզի բեկորները չվնասեն նրան:
Մոր անհանգիստ զանգերին մի անգամ պատասխանեց. «Մամ, ես լավ եմ, էլ չզանգես ինձ... Մա՛մ, գնա եկեղեցի իմ և իմ տղերքի համար մոմ վառի, մա՛մ, լսում ես, չմոռանաս, չուշացնես… Մամ, քեզ լավ կնայես…»։
Զինվորների հարցին, թե ինչ ենք անելու, փամփուշտը վերջանում է, Մերուժանը պատասխանեց. «Ձեռնամարտի ենք բռնվելու տղերք, դուխներդ չգցեք, բոյ ենք տալու մինչև վերջ, բայց դիրքը չենք հանձնելու…»։ Ասաց ու զգաց, որ կյանքի գնով են պահելու դիրքը: Բայց չվարանեց, չմտածեց անգամ նահանջի մասին… Վերցրեց հեռախոսն ու գրեց նշանածին. «Սիրում եմ քեզ, անչաաափ»… Ու ափսոսանք զգաց չվայելած երջանկության համար…
Քիչ անց թշնամու հատուկ ջոկատայիններիը շրջապատեցին դիրքը բոլոր կողմերից: Հետախույզները պաշտպանվում էին վերջին փամփուշտներով: «Դուխո՛վ, տղերք ջան, կրակե՛ք, հեսա հետ ենք տալու, չենք թողելու պոստը»,- խրամախորշից մարտը գլխավորում էր Մերուժանը։ Նույն խրամախորշից մինչև վերջին փամփուշտը կրակեց բռնցքամարտիկ Վիկտոր Յուզիխովիչը և միայն հակառակորդի նետած նռնակի պայթյունից զոհվեց քաջ մարզիկը։ Նրա կողքին զոհվեց գնդացրորդ Ռաֆիկ Հակոբյանը։ Հերոսների արյամբ ներկվեցին թիվ 170 դիրքի խրամուղիները։ Զոհվեց նաև ավագ հետախույզ-դիպուկահար Աղասի Ասատրյանը։ Մերուժան Ստեփանյանը խրամախորշի մոտ ողջ հասակով կանգնած մարտնչում էր իր վերջին մարտում։ Անպարտելի հերոսն, ի վերջո, խոցվեց թիկունքից: Վերջին բառերն ասաց զինվորին. «Հրո, ինձ տար մեր դիտորդական կետ…»։ Բայց Հրոն չհասցրեց… 2016թ. ապրիլի 2-ին ժամը 17։00-ին կյանքի գնով պահած իր բարձրունքում հայազգի անմահ հերոսը փակեց աչքերը հավերժի քնով…
Տիկին Նունեն ժամեր շարունակ զինվորական հոսպիտալի բակում սպասում էր, որպեսզի հայ ազգի համար համատարած վշտի օրերին մի լուր իմանա առաջապահ ստորաբաժանման հրամանատար որդուց: Հարցուփորձ էր անում, փնտրում որդուն հոսպիտալ տեղափոխվող բոլոր վիրավորների մեջ, բայց ապարդյուն…Կրկին փորձեց զանգել զորամասի բուժքրոջը.
-Որդիս ո՞նց է, ասում են ուժեղ կռիվներ են եղել այդտեղ..
Լռություն է տիրում, բուժքույրը պատասխանում է.
-Դուք հերոսի մայր եք, հպարտացեք…
Երեկոյան լրահոսով տիկին Նունեն լսեց. «Մերուժան Ստեփանյանի դիրքը հենց առաջիններից էր, որի վրա հարձակվեցին թշնամու հատուկ ջոկատայինները: Հետախուզական դասակի հրամանատարը և իր զինվորները կռվեցին հակառակորդի հարյուրավոր գրոհայինների դեմ՝ ցույց տալով թշնամուն, թե ինչպես են կարողանում մարտնչել հայ հետախույզները: Դիրքի մարտիկներն ունեին ամեն ինչ թշնամու ցանկացած գրոհ հետ մղելու համար՝ բարձր ոգի, մարտական գերազանց պատրաստականություն, նրանց գլխավորում էր խելացի ու խիզախ հրամանատարը, միայն չբավարարեց զինամթերքը... Թշնամու մեծաքանակ ուժերի դեմ անհավասար մարտում արիաբար զոհվեցին ավագ լեյտենանտ, գումարտակի հետախուզության պետ Մերուժան Ստեփանյանը, հետախույզ գնդացրորդներ Վիկտոր Յուզիխովիչը, Ռաֆիկ Հակոբյանը, հետախույզ դիպուկահար Աղասի Ասատրյանը… Հավերժ փառք մեր հերոսներին»:
Հատուկ նշանակության ջոկատը մարտական առաջադրանք ստացավ` վերադարձնել հակառակորդի կողմից գրավված N170 մարտական դիրքը: Հատուկ նշանակության երկու խմբեր լուսաբացին, ծածուկ առաջանալով դեպի նշված դիրքը, հրետանու և տանկերի կրակի ներքո կատարեցին դիրքի թևանցում: Ներխուժելով դիրք և մերձամարտի բռնվելով՝ հակառակորդին մատնեցին փախուստի: Նրանց հաջողվեց հակագրոհով վերադարձնել Մերուժանի դիրքը: Խրամաբջջի մոտ գտան թշնամուն մեծաքանակ կորուստներ պատճառած անվրեպ հրաձիգի դին՝ խոշտանգված, կողքին՝ մի բահ...
Հերոսի դին՝ պարանոցին ու գլխին ասկյարի անմարդկային դաժանության հետքերը քողարկված, տեղափոխվեց հայրենի Գյումրի:
Մերուժան Ստեփանյանի մարմինն ամփոփվեց Գյումրու ազատամարտիկների պանթեոնում, մարտերում ընկած այն հերոսների կողքին, ում արյան գնով ձեռք բերվեց Հայոց եզերքի խաղաղությունը: Օրեր անց սառը գորշ քարին պետք է սպիտակով գրվեր.
Մերուժան Արթուրի Ստեփանյան, 23 տարեկան,
Ծննդավայրը՝ Գյումրի, մահվան վայրը՝ Թալիշ…
Մերուժան Ստեփանյանը հետմահու պարգեւատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով… Նույն շքանշանի արժանացան նաև նրա հերոս զինվորները՝ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանն ու Վիկտոր Յուզիխովիչը։ Թիվ 170 դիրքի ինը հետախույզներից չորսն ընկան մարտում, մյուս հինգ հետախույզները վիրավոր էին, երեքը՝ ծանր վիրավոր: Նրանք, կորցնելով իրենց հրամանատարին, սպառելով վերջին փամփուշտները, նահանջեցին, հասնելով յուրայինների մոտ՝ ապրեցին… Անխուսափելի մահից փրկվեց մի քանի անգամ վիրավորված գնդացրորդ Հրայր Բաղդասարյանը, ով, կլինիկական մահ տանելով, օրեր անց, ի վերջո, բացեց աչքերը զինվորական հոսպիտալի հիվանդասենյակում.
-Երբ դու սահմանին ես, ու թշնամին զենքով մտնում է քո տուն… հողդ պահելու, դիրքդ չհանձնելու համար պատրաստ ես մեկը չէ, տասը կյանք զոհել…
Ապաքինվեց նաև ծանր վիրավորում ստացած Նարեկ Նիկողոսյանը: Նա ողջ կյանքում չի մոռանա արյունոտ այդ օրն ու նրա հետեւանքները.
-Մեր վրա գրոհի եկածները կանոնավոր բանակի զինծառայողներ չէին, տարիքով մեծ մարդիկ էին, երկուսի դեմքն ու մորուքը մոտս տպավորվել են… Պատերազմը մեզ դաս տվեց` իրականում հասկանալ, թե ով է մեր թշնամին ու ինչ է կռիվը… իսկ էդ դասը մոռանալ չի լինի…
Մյուս երեք զինվորները, ապաքինվելով, վերադարձան ծառայության…
Մերուժանի հայրը՝ Արթուր Ստեփանյանը որդու զոհվելուց մեկ ամիս անց ազատվեց աշխատանքից: Նրա համար անասելի դժվար էր աշխատել մի վայրում, որտեղ չորս տարի ուսանել Մերուժանը՝ բուհի լավագույն կուրսանտներից մեկը, ով ակտիվորեն մասնակցում էր կազմակերպվող միջոցառումներին՝ երգելով իր սիրած երգը. «Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս՝ ինձ…»:
Զարուհին՝ Մերուժանի նշանածը, չի ուզում հավատալ, որ Մերուժանը զոհվել է, մտածում է, թե դեռ պոստերում է ու մի օր էլի՝ ծաղիկները ձեռքին, գալու է Շուշիի ինստիտուտ և միջանցքում իրեն տեսնելով՝ ժպտալու է իր ապրեցնող, լուսե ժպիտով…
Մայրը մի օր երազում տեսնում է որդուն։ Մերուժս ասաց. «Մամ, ես հետ եմ գալու»... Նրա զոհվելուց մոտ մեկ ամիս անց՝ մայիսի 23-ին ծնվում է քրոջ որդին, ում անվանակոչում են Մերուժան… Մորեղբորն այնքան նման է վերածնված Մերուժանը…
Հայոց նորօրյա պատմության էջերում ոսկետառ գրվեց հետախուզական դասակի քաջ հրամանատարի՝ Մերուժան Ստեփանյանի անունը:
«Մահ ոչ իմացեալ մահ է, Մահ իմացեալ՝ անմահութիւն» (Ս. Եղիշե, 5-րդ դար)… Մերուժանն անմահության իրական ուղին ընտրած մարտիկն է: Նրա մասին պատմում են զինվոր թե կամավոր հետևյալ նախադասությամբ. «Թալիշում 170-ի ռազվետկի կամանդիրը ուժեղ բոյ է տվել, ասում են մոտ 60 թուրք է խփել ու մինչև վերջ դիրքը չի թողել …»:
Թիվ 170 մարտական դիրքն այժմ կրում է իր անմահ հերոսի՝ Մերուժան Ստեփանյանի անունը: Ասում են՝ երբ ոտք ես դնում այնտեղ հերոսների արյամբ ներկված հողի վրա սպիտակ քարերով շարված հիշատակի խաչն ասես լուռ պատմում է լեգենդար հրամանատարի և նրա քաջ մարտիկների հերոսապատումը… Հայրենիքի նվիրյալների սխրանքն է հայոց աշխարհի մարտական դիրքերն այսօր անառիկ պահող ամեն մի զինվորի ուղեցույցը…
Վարդինե Իսահակյան