կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-13 21:26
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլոր ճնշումները մեզ ընդամենը ուժեղացնում են՝ սա սրբազան պայքար է․ Իշխան Սաղաթելյան

Ճանապարհներ, փողոցներ շրջափակելուց հետո նաև այսուհետ շրջափակելու ենք կառավարության շենքերը․ ավելի շատ լինենք՝ ավելի մեծ շենքեր ենք շրջափակելու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։

Նա նշեց, որ Հայաստանի, հայ ժողովրդի, Արցախի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը՝ մեկ անգամ ևս հաստատելու է՝ Նիկոլը մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու։

«Հանրային լայն ժողովրդական ճնշումը իշխանություններին հեռացնելու միակ ճանապարհն է՝ այլ հեծանիվ հորինելու կարիք չունենք, այս պայքարը շարունակելու ենք և իշխանություններին հեռացնենք։ Հետևաբար, այս պայքարին պետք է մաս կազմեն բոլորը․ այսօր մենք այդ ընթացքի մեջ ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հակահայ ծրագրեր իրականացնողները, մեր ապագան մեզնից խլողները, նշեց նա, դիմադրության պետք է հանդիպեն ամեն տեղ և ամեն օր․ մենք հերթով գնալու ենք բոլորի հետևից։

Իշխան Սաղաթելյանը կարդաց ապօրինի կեղծ մեղադրանքով այս պահին կալանքի տակ գտնվող ցուցարարների անունները․ ներկաները ծափերով ողջունեցին։

«Բոլորը մեզ այս օրերին կալանավայրերից մի ուղերձ ունեն․ իրենք պինդ են, ամուր են և մենք այդ գործը պետք է շարունակենք։ Այս իշխանությունը վերջին փրփուրներից է կախված՝ փորձում է այս ճանապարհով այս պայքարը լռեցնել․ չի՛ ստացվելու։ Գնալու ենք մինչև վերջ՝ հաղթանակ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Բոլոր այդ ճնշումները մեզ ընդամենը ուժեղացնում են, նշեց նա, մենք ասել ենք՝ սա սրբազան պայքար է․ ինչքան շատ են մեզ հետապնդում, այնքան խուճապը մեծ է, ծիծաղեք, բանի տեղ մի դրեք։

Վաղը՝ շաբաթ, «Դիմադրություն» շարժումը հանրահավաք և երթ չունի․ հարթակը տրամադրվում է ծրագրային քննարկումների ողջ օրը։

Ժամը 13։00-14։00-ը մշակութային ծրագիր, 14։00 Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը, հետո մասնագետները սոցիալ-տնտեսական քննարկում կանցկացնեն, 16։30 մյուս քննարկումը, ուր հրավիրված են լինելու բանիմաց մարդիկ, 18։00-ից հետո մշակութային ծրագիր։

Կիրակի 18։00 Ֆրանսիայի հրապարակում համահայաստանյան մեծ հանրահավաք է նախատեսված։

Մանրամասն՝ տեսանյութում․