կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-11 19:58
Քաղաքական

Իրանը անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումը

Իրանը անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումը

Իրանն անընդունելի է որակել Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումը:  Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը:

Նրա խոսքով՝ այն քայլերը, որ ձեռնարկվում են Թուրքիայի կողմից ամբարտակների շինարարության հարցում, համաձայնեցված չեն Արաքս գետի ավազանի երկրների հետ:

«Մենք մեր բողոքն ենք արտահայտում այդ մասին և գտնում ենք, որ Արաքս գետի ավազանում գտնվող բոլոր պետությունները ամբարտակների շինարարության, ինչպես նաև Արաքս գետի ջրի օգտագործման հարցում պետք է համաձայնեցված կերպով աշխատեն, և միակողմանի անհատական մոտեցումը կարող է իր մեջ Արաքս գետի համար վտանգներ ներառել»,-ասաց նա:

Մեհրաբիանը նշեց, որ իրանական կողմը այդ մասին իր մտահոգությունն է արտահայտել Թուրքիային: «Բազմաթիվ նիստեր և հանդիպումներ ենք ունեցել Թուրքիայի պատկան մարմինների հետ և նրանք մեզ վստահեցրել են, որ անպայման անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն, որպեսզի փարատեն մտահոգությունները: Մենք գտնում ենք, որ Արաքս գետի ավազանում գտնվող բոլոր երկրները միմյանց հետ քննարկեն այդ հարցը և արդարացիորեն օգտվեն այդ ջրային ռեսուրսից»,-հավելեց նա: