Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանն անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումը։ Այս մասին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը։
Նրա խոսքով՝ ամբարտակների կառուցման ուղղությամբ Թուրքիայի քայլերը համաձայնեցված չեն Արաքս գետի ավազանի երկրների հետ։
«Մենք մեր բողոքն ենք հայտնել այս կապակցությամբ և կարծում ենք, որ Արաքս գետի ավազանի բոլոր պետությունները պետք է համատեղ աշխատեն ամբարտակների կառուցման ուղղությամբ, ինչպես նաև գործեն համատեղ՝ Արաքս գետի ջուրն օգտագործելու համար, իսկ միակողմանի անհատական մոտեցումը կարող է վտանգավոր լինել Արաքս գետի համար»,- ասել է նա։
Մեհրաբիանը նշել է, որ իրանական կողմն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիային։ «Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել Թուրքիայի համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ, և նրանք մեզ վստահեցրել են, որ, անկասկած, անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն մտավախությունները վերացնելու համար։ Մենք կարծում ենք, որ Արաքս գետի ավազանի բոլոր երկրները պետք է միմյանց հետ քննարկեն այս հարցը և արդար օգտագործեն այս ջրային ռեսուրսը»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Թուրքիայի միակողմանի գործողությունների անընդունելիության մասին բողոքը փոխանցվել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուին: