Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խուլիգանություն կատարելու հատկանիշներով կալանավորված Դավիթ Ավագյանի փաստաբան Մհեր Հակոբյանի համոզմամբ՝ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել փողոց փակելու համար, որի նպատակը ակցիայի մյուս մասնակիցների աչքը վախեցնելն է։
«Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել խուլիգանություն կատարելու հոդվածով: Սակայն, փաստացի, Դավիթ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել փողոց փակելու համար, դա մյուսների աչքը վախեցնելու համար է, այդտեղ խուլիգանություն չկա։ Այս գործում քրեական իրավունք չկա, սա Քննչական կոմիտեի կողմից պատժիչ գործողություն է։ Երեւի հանձնարարություն կա՝ ով աչքի է ընկնում, բռնում, հետո մի ամսով կալանավորում են»,– ասաց Մհեր Հակոբյանը։
Նշենք, որ Դավիթ Ավագյանը մայիսի 2–ին մասնակցել էր Երեւանում անցկացվող՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներին։ Երկու օր անց՝ մայիսի 4–ին, կարմիրբերետավորները Ավագյանին բերման էին ենթարկել Կիեւյան կամրջի մոտից։ Ըստ փաստաբանի՝ Արաբկիրի ոստիկանության բաժնում գրել են, որ Դավիթ Ավագյանին բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Ըստ ոստիկանության՝ Դավիթ Ավագյանին ձերբակալելու հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ նա չունի բնակության մշտական հասցե։
Մհեր Հակոբյանի խոսքով՝ Դավիթը Հադրութից է, պատերազմի հետեւանքով կորցրել է տունն ու տեղափոխվել Երեւան:
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ավելի վաղ ոչ իրավաչափ էր ճանաչել ձերբակալումը, սակայն բավարարել էր ՔԿ–ի միջնորդությունը եւ մեկ ամսով կալանավորել ակցիայի մասնակից Դավիթ Ավագյանին։
Փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը։ Ըստ Հակոբյանի՝ գործը նախաքննության փուլում է, քննչական գործողություններ չեն կատարվել։