կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-29 22:26
Հասարակություն

Հրատարակիչը որպես 21-րդ դարի լուսավորիչ, կամ այն մասին, թե ինչպես փող շինել ամեն ինչից

Հրատարակիչը որպես 21-րդ դարի լուսավորիչ, կամ այն մասին, թե ինչպես փող շինել ամեն ինչից

Գրատպության գյուտի հեղինակն ու առաջին հրատարակիչը գերմանացի դարբին ու ոսկերիչ Յոհան Գուտենբերգն էր: Տպագրության գյուտը մարդկությանը հնարավորություն տվեց մեծացնելու տեղեկատվության, գիտելիքի և իմաստության տարածման ծավալը: Գրատպությունը, այդ պահից սկսած, դարձավ քաղաքակրթության ու լուսավորության տարածման գործիք: Հետևաբար չենք սխալվի, եթե ասենք, որ հրատարակիչներն էլ ինչ-որ իմաստով դարձան քաղաքակրթության ու լուսավորության տարածողներ: Նրանցից ոմանք նաև հայտնի գիտնականներ, փիլիսոփաներ, հասարարական գործիչներ էին, օրինակ` Բենջամին Ֆրանկլինը: Այսպիսով` հրատարակչի գործը նախ և առաջ մարդկանց մեջ գիտելիք եւ լուսավորություն տարածելն էր, ինչպիսին շարունակում է մնալ այսօր էլ:

Սակայն ժամանակի ընթացքում, ինչպես աշխարհում ամեն բան, գրատպությունն էլ իմաստային ու էութենական փոփոխությունների ենթարկվեց: Որպես տեղեկատվության տարածման հեշտ միջոց՝ այն մասամբ ձեռք բերեց քարոզչական և քաղաքական գործառույթներ: Սա` լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում դրանք ստացան օրինակ թշնամական երկրի քարոզչամեքենայի գործառույթ:
Հայաստանի Հանրապետությունում նման գործառույթ է որդեգրել «Անտարես» հրատարակչությունը:

Վերոհիշյալ հրատարակչության սեփականատեր և տնօրեն հանդիսացող անձը, ոմն Արմեն Մարտիրոսյան, մեղմ ասած, աչքի չի ընկնում իր ազգային-պետականամետ բարեվարքությամբ: Իր պնդմամբ վերջինս հայ չէ, սոսկ հայաստանցի է, և նրա ամենաչսիրած երևույթներից մեկն էլ այն է, երբ որևէ մեկն իր գրասեղանը տանում ու տեղադրում է մեկ ուրիշի սենյակում… Արմեն Մարտիրոսյանի ամենասիրելի զբաղմունքներից մեկը Հայաստանում թուրքական գրականության տարածումն է: Վերջինիս ջանքերով տարբեր դրամաշնորհներով հայերեն են թագմանվել և տպագրվել շուրջ մեկ տասնյակ թուրք հեղինակների գրքեր: 21-րդ դարի թուրքական գրականություն կարդալն ու դրան հաղորդ լինելը բնավ բացասական բան չէ. գրականությունը համամարդկային երևույթ է: Սակայն կա գրականություն, և կա քարոզչություն՝ խորհրդային լեզվով ասած՝ ագիտպրոպ: Եվ, ահավասիկ, թուրքական ագիտպրոպի ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է «Անտարես» հրատարակչության սեփականատեր Մարտիրոսյան Արմենը:

Հայ ազգին պարտադրված խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրից հետո, երբ գործող իշխանությունները որդեգրել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ, այսպես ասած՝ քիրվայության քաղաքականությունը, «Անտարես» հրատարակչությունը, առանց չափազանցության կարող է համարվել Հայաստանում քիրվայության ջատագովության կենտրոն: Լ. Տեր-Պետրոսյանի կողմից քաղաքական բառապաշար ներմուծված «քիրվա» եզրույթը հետաքրքիր պատմություն ունի: Մուսուլմանների շրջանում քիրվա կամ քիրվե անվանում էին այն մարդուն, ով իսլամում պարտադիր համարվող թլփատման ծեսի ընթացքում գրկում, մխիթարում, փաղաքշում էր թլփատվող երեխային, որպիսզի ցավը և այլ անհարմարություններ ավելի հեշտ հաղթահարելի լինեն նրա համար (տարիներ շարունակ Տեր-Պետրոսյանն ու իր մերձավորները հենց դա՞ են քարոզել՝ փայփայել թշնամուն. ստոկհոլմյան համախտանիշ): Հայ իրականության մեջ սա որոշ չափով համարժեք է քավորի կամ կնքահոր ինստիտուտին: Հայոց անցյալի` պատմական առումով առանցքային նշանակություն ունեցած իրադարձությունները լուսանցքում թողնելով` նշենք, որ քիրվայության քարոզը միայն ազգային շահի անտեսում չէ, այն ազգային հիշողության ու արժանապատվության նսեմացում է՝ օրակարգ բերված Հայաստանի երկու տարբեր, բայց նույնաբնույթ՝ հակազգային կառավարությունների կողմից:

Սակայն դառնանք «մեր ոչխարներին»: 2016 թ. «Անտարես» հրատարակչությունը լույս ընծայեց Մկրտիչ Արմենի «Երևան» ստեղծագործությունը, որը, նույն գրքում ամփոփված հոդվածում գրող, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը համարել է արևելահայ վեպի առաջին մոդեռնիստական նմուշ: Վեպի գրականագիտական արժեքին Հր. Սարիբեկյանի կատարած անդրադարձը բաց է թողնված վեպի երկրորդ՝ «Արգելված գրականության» մատենաշարի հրատարակության մեջ: «Երևան» վեպին անդրադարձ կա նաև Հրաչ Բայադյանի՝ 2020 թ. լույս տեսած «Երևակայելով անցյալը. խորհրդահայ արդիականության պատումներ» ծավալուն ուսումնասիրության մեջ: Ըստ Հր. Բայադյանի՝ վեպը Երևանի՝ որպես մի արևելյան քաղաքի արդիականացման և դրա հետևանքով անհետացման ողբն է, որտեղ հեղինակը որոշ ափսոսանքով ու կարոտախտով է խոսում խորհրդային իշխանության կողմից Երևանի արևելյան կոլորիտի ոչնչացման մասին:

Մի կողմ թողնելով վեպի գեղարվեստական արժանիքների շուրջ ձևավորված մոտեցումները՝ այստեղ կցանկանայի խոսել դրա վերահրատարակման բուն նպատակի մասին:

«Երևան» վեպում հեղինակը ներկայացնում է վերակառուցվող, արդիականացող Երևանը՝ որպես արևելյան, մուսուլմանական ստվար բնակչությամբ մի քաղաք: Կարմիր թելի նման անցնում է Երևանի՝ արևելյան քաղաք լինելու անընդմեջ հիշատակումները, վեպի տարբեր հատվածներում խոսվում է հին Երևանի հին բնակիչների՝ թուրք ջավադների, օսմանների, յուսուֆների, իբրահիմների, աբբասների մասին, մանրակրկիտ նկարագրություններ կան թուրքական գերեզմանատան, մուսուլմանական ճարտարապետական կառույցների, պարսկա-թուրքական արևելյան կենցաղի և այլնի մասին: Առաջին տպագրությունից հետո մերժվելով գրաքննության կողմից որպես մոդեռնիստական ստեղծագործություն, իսկ իրականում լինելով թրքական տարրերով լի, վերացվող Էրիվանի վերաբերյալ կարոտախտային ողբերգ՝ վեպը երկու անգամ վերատպվել է «Անտարես» հրատարակչության կողմից՝ սոսկ առաջ քաշելու համար հայ-թուրքական ընդհանուր անցյալի գաղափարը, որն այս օրերին նպատակ ունի լուծելու գործող իշխանությունների կոնկրետ ծրագրային խնդիրներ:

«Անտարես» հրատարակչության՝ համեմատաբար բարձր վաճառքի ցուցանիշ ունեցող «Արգելված գրականություն» մատենաշարով տպագրվելը ևս վկայում է, որ «Երևան» վեպի «վերա-վերահրատարակումը» 2021 թ. հասարակության որոշակի շերտերին ուղղված հաղորդագրություն է պարունակում: Նախ, վեպը խորհրդային տարիներին արգելված գրքերի ցուցակում չի եղել, ինչպես եղել է, օրինակ, Օրուելի «Անասնաֆերմա» վեպը, և ցանկացողները հնարավորություն ունեցել են այն կարդալու հանրային գրադարանների ընթերցասրահներում: Խոսքը սոսկ գրքին տրված բացասական գնահատականի ու վերատպության մերժման մասին է, ինչը «Անտարես» հրատարակչությունը ներկայացրել է որպես արգելք՝ գրքի նկատմամբ հետաքրքրություն բորբոքելու և վերջինիս վաճառքն ու տարածումը խթանելու նպատակով (արգելված պտղի հմայքը մարքեթինգային հանրահայտ հնարք է): Բնականաբար գեղարվեստկան տեսանկյունից արդարև գլուխգործոց չհանդիսացող երկը ևս մեկ անգամ ընթերցողի դատին հանձնելը, հատկապես ներկա քաղաքական իրադրության պայմաններում, հաստատ գրականության շահերի սպասարկման համար չի արված, և ոչ էլ սոսկ բիզնեսի նկատառումներով: Խորհելու տեղիք է տալիս նաև գրքի էժան գինը՝ նույն մատենաշարի մյուս գրքերի հետ համեմատած. «Արգելված գրականություն» մատենաշարի գրքերի միջին գինը 6000 դրամ է, մինչդեռ «Երևանի» գինը 4000 դրամ է:
Մեկ այլ՝ առավել ուշագրավ գրքի հրատարակմանը ականատես եղանք վերջերս: Խոսքը «Մեր ներսի հայը» վերատառությամբ ժողովածուի մասին է: Գրքի բնագիրը (թուրքերեն) հրատարակվել է 2015 թ. Թուրքիայում, և նվիրված է Հրանտ Դինքի հիշատակին: Այն Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցի առթիվ Ստամբուլում լույս ընծայված հոդվածների, ելույթների, պատմվածքների, էսսեների ժողովածու է: Գրքում Թուրքիայում բնակվող, ստեղծագործող և գրականության ոլորտում որոշ նվաճումներ արձանագրած թվով 35 հեղինակներ իրենց տեսակետն են ներկայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Գաղափարի հեղնակն ու իրագործողը Յիղիթ Բեներն է:

Ժողովածուի վերնագիրը թուրքերենում այսպես է՝ ”İçimizdeki Ermeni”: Թուրքական գրականությանը շատ թե քիչ ծանոթ մեկը, այս վերնագիրը տեսնելով, առաջին հերթին մտաբերում է «İçimizdeki Şeytan»՝ («Մեր ներսի սատանան») վերնագրով մեկ այլ ստեղծագործություն, որը թուրք գրող Սաբահաթթին Ալիի հանրահայտ վեպն է: Այս վեպը համարվում է թուրք նոր գրականության կարևորագույն ստեղծագործություններից մեկը, և Թուրքիայի հանրակրթական դպրոցների պարտադիր ընթերցանության ցանկում է:

Վեպի վերնագիրը նկատի ունի անձի ներսում գտնվող այն ուժն ու բնավորության գծերը, որոնք մարդուն հետ են պահում ավելի լավը լինելուց: Վեպի հերոսներից մեկի՝ Օմերի խոսքերով՝ «…մեր ներսում կա մի ուժ, որը մեզ ստիպում է կատարել մեր չուզած բաները, դա ստույգ է: Մյուս կողմից հարկավոր է, որ մենք բոլորովին այլ կերպ գործենք ավելի լավը լինենք…»: Օմերի նկարագրած այդ ուժը «մեր ներսի սատանան» է:

Այն, որ տասնամյակներ շարունակ Թուրքիայի հանրապետության քավության նոխազը եղել են այդ արհեստածին պետության ներսում բնակվող ազգային փոքրամասնությունները, որոնք ժամանակին երկրի բնիկներն էին, և որոնց իրավունքները ամրագրված են Լոզանի դաշնագրով, փաստ է: Պարբերաբար նրանք տարատեսակ մեղադրանքների թիրախ են դարձել, ենթարկվել են տարբեր հալածանքների, քանի որ պետական վերին ատյաններից սկսած մինչև հասարակ քաղաքացի ընկալվել են որպես «ներսի սատանա», ով հետ է պահում երկիրը զարգացումից, հզորացումից, իսկ թուրքերին՝ բարեկեցությունից: Թուրքիայի հանրապետությունը թուրք հանրությանը միշտ կերակրել է «ներսի թշնամի» և «դրսի թշնամի» թեզերով, և այս պարագայում «ներսի թշնամին» և «ներսի սատանան» ամբողջովին նույնական են:

Այսպիսով՝ տեսանք, որ «մեր միջի սատանան» տարածված թևավոր խոսք է դարձել թուրք հասարակության մեջ: Իսկ թե ինչ մղումներով է մեղայական ու բարեկամական նյութերի ժողովածուն վերնագրվել հայտնի թևավոր խոսքի նմանությամբ, և թե ինչու է «սատանան» փոխարինվել «հայով», թողնենք ընթերցողի տրամաբանությանը (կայացած գրական գործիչները արդյո՞ք կարող էին վրիպել նման նրբին հարցում, հատկապես երբ խոսքը վերաբերում է այնպիսի զգայուն թեմայի, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է): Ի վերջո, ի թիվս մյուս ազգերի, Թուրքիայում ապրող ցեղասպանությունից մազապուրծ վերջին հայերն էլ են այն սև ցուցակում, որտեղ հաշվառված են Թուրքիայի հանրապետության «ներսի սատանաները»:

Հայ թարգմանիչների ու գրականագետների աչքից «սպրդել» էր այս հանգամանքը: Թերևս դա կարելի է ներել: Տարակուսանք է առաջացնում այն, որ արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ դեռ Հայոց պետությունն ու ժողովուրդը չի հասցրել ամբողջությամբ գնահատել ու մարսել տեղի ունեցածը, երկրի գիտակից հատվածը ճիգեր է գործադրում ոտքի կանգնելու, իսկ տեղի ունեցածի մեջ առյուծի բաժին ունի Թուրքիան, թարգմանվում ու լույս է տեսնում նման «քիրվայական» բովանդակությամբ գրականություն: Չգիտես էլ ինչ կոչես այն երևույթը, երբ ավելի քան 80 միլիոնանոց բնակչություն ունեցող երկրի 35 մտավորականի հրապարակած գիրքը ներկայացվում է հայ հանրությանը իբրև ներողության խոսք, զղջման վկայագիր, հաշտության ձեռքմեկնում, այնինչ այս քայլը ոչ մի չափումով չի արտացոլում թուրք հասարակության դիրքորոշումը: Սա արդեն ոչ միամտություն է, ոչ դյուրահավատություն, ոչ հավկուրություն և ոչ էլ ջայլամի համախտանիշի դրսևորում: Սա հստակ դավաճանական արարք է: Բնականաբար այսօրվա Թուրքիան ոչ մի բանով չի տարբերվում տաս, հարյուր, երկու հարյուր տարի առաջվա Թուրքիայից, ու տարի էլ չի անցել դրա գործնական ապացույցներից, մինչդեռ նման գործողությունները հստակորեն նպատակ են հետապնդում թուլացնել հայ ազգի դիմադրողականությունը: Թուլացնել ներսից, թուլացնել դավաճանաբար՝ ներքին գործակալների և օտարահպատակ ագիտպրոպների միջոցով, որոնցից ամենափայլունը «Անտարեսն» է՝ իր տխրահամբավ սեփականատիրոջ գլխավորությամբ:

Տիգրան Չանդոյան

«Դրօշակ», թիվ 9(1658), սեպտեմբեր, 2021 թ.