Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ ձեր տանը կռիս ու տառական է հայտնվում՝ դուք այդ տնից չեք փախնում, չէ՞. վերացնում եք, քշում, հո չե՞նք թողնելու կռիսն ու տառականը մեզ մեր տան մեջ հաղթեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը Ազատության հրապարակում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած հանրահավաքին՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագրով։
Նա ելույթում նշեց․
«Սիրելի հայրենակիցներ,
Ես էլ ձեզ պես՝ այ այնտեղ կանգնած, ատամներս կրճտացնելով ասում էի՝ «հերիք է ելույթ ունենաք»։ Հավատում էի, որ հրապարակը լցնելով, փողոցներ փակելով, բուհերում ու թաղապետարաններում խաղաղ անհնազանդության ակցիաներ անելով, ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվելով ու ձերբակալվելով սա կգնա։ Ես էլ ձեզ պես, գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, հավատում էի, որ հաղթանակը մոտ է ու ամսից ավել գիշերում էի Բաղրամյան, իսկ հետո նաեւ Դեմիրճյան փողոցներում։ Չեմ հավատացել ընտրություններին, բայց ամեն ձայնի համար բոլորս էլ կռիվ ենք տվել՝ համոզել, քարոզել։ Տեսել եմ սրանց լկտի ծիծաղը, ու անարդարությունից ավելի կատաղել։ Բայց դա չար կատաղություն չէր՝ դա արդար ցասում էր անարդարության դեմ։ Հայրենիքը կորցրած մարդկանց ցասումն արդար է։ Մեր ցավն արդար է։ Մեր պայքարն արդար է։
Ես այսօր ելույթ չեմ ունենալու՝ ես հարթակ եմ բարձրացել զրուցելու ձեզ հետ։ Բոլորիդ։ Յուրաքանչյուրիդ։
● Այստեղ կանգնածների, ովքեր ամիսներ շարունակ ձյան ու անձրեւի տակ պայքարել են։ Պայքարել են շատերի փոխարեն ու բոլորի համար։ Առանց տրտնջալու։ Որովհետեւ հասկանում էինք, որ ինչքան Հայաստանի Հանրապետությունն է Արցախի անվտանգության երաշխավորը՝ ուղիղ այդքան էլ ազատ ու անվտանգ Արցախն է մեր անվտանգության գրավականը։ Որովհետեւ այստեղ բոլորը գիտեն, որ Կասկադում իրար ձեռք բռնած զբոսնող սիրահար զույգի անհոգ երիտասարդության երաշխավորն Արցախի սահմաններին ավտոմատը ձեռքում սեղմած կանգնած զինվորն է։
● Եկել եմ զրուցելու տունը կորցրած եղբայրներիս ու քույրերիս հետ Հադրութից, Շուշիից, Քարինտակից, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի գյուղերից։ Բոլոր նրանց, ում աչքերի մեջ նայելով այսօրվա իշխանությունները հրաժարվում են հայտարարել, որ մեր հայրենիքի մի մեծ հատված օկուպացված է։ Պարզապես չեն ասում դա։ Ստում են։ Վախենում են օկուպանտից։ Սխալվում են՝ այդ օկուպանտներին երկու անգամ ծնկի բերածներից պիտի վախենան։ Ղազանչեցոցի սպիտակ կամարների տակ աղոթք արած ու Հադրութում գերեզման թողածների ցասումից պիտի վախենան։
● Եկել եմ խոնարհվեմ ու աղաչեմ, որ ինձ լսեն հերոսացած տղերքի հարազատները։ Ներողություն խնդրեմ, որ ես կամ, իսկ իրենց զավակները՝ ոչ։ Ասեմ իրենց, որ մեր հերոսների արյամբ պահած երկիրը սրանք ձեր մեջքի ետեւում փոքր ու մեծ պատառներով հանձնում են։ Ու դա անում են այնպիսի դեմքի արտահայտությամբ, այնպիսի մուննաթով՝ կարծես դրանով փրկություն ու խաղաղություն են բերում մեր երկրին։ Սուտ է. սրանց բերած կեղծ խաղաղությունից արյան հոտ է գալիս։
● Եկել եմ զրուցեմ պայքարից հիասթափվածների հետ։ Մարդկանց, ովքեր հասկանում են, որ Արցախյան հարցի լուծման բանալին ոչ Բրյուսելում է, ոչ Վաշինգտոնում, ոչ էլ Մոսկվայում։ Այն այստեղ է՝ Երեւանում, բայց նրանք հոգնել են անհաջողություններից։ Էլ մեզ դժվար են հավատում։ Կներեք, բայց ճամփի կեսից հետ կանգնելով դուք ինքներդ ձեզ չեք հավատում։ Գուցե ընդդիմությունը շատ սխալներ ունի, բայց ախր դուք մեզ համար չեք պայքարում՝ մեր բոլորի հայրենիքի համար եք պայքարում։ Հայրենիքի համար պայքարելիս ճամփի կեսից չեն հանձնվում։ Ախր, 90-ականների սկզբին, ապրիլյանին տղերքը ճամփի կեսից հետ չեն կանգնել։ Մինչեւ վերջ կռիվ են տվել։ Ախր, մենք իրենց պիտի արժան լինենք։
● Եկել եմ զրուցեմ ճարահատյալ արտագաղթող հայրենակիցներիս հետ։ Նրանք նույնպես հասկանում են, որ Փաշինյանը ձեռ է տալիս բոլորին, բացի մեզանից՝ հայերիցս։ Հասկանում են, բայց չեն հավատում, չեն հասկանում, թե ինչ հզոր ուժ են իրենք։ Միայն թե պիտի միակամ, համախմբված լինենք։ Համ էլ ու՞ր պիտի փախնենք մենք մեր խայտառակությունից։ Երբ ձեր տանը կռիս ու տառական է հայտնվում դուք այդ տնից չեք փախնում, չէ՞. վերացնում եք, քշում։ Ժողովուրդ ջան, հո չե՞նք թողելու կռիսն ու տառականը մեզ մեր տան մեջ հաղթի։
● Եկել եմ զրուցեմ իմ խաբված եղբայրների ու քույրերի հետ։ Բոլոր նրանց, ովքեր 2018-ին հավատացին, որ «Արցախը տանք՝ հանգիստ ապրելու ենք»։ Բոլոր նրանց, ովքեր ուրախացան, որ «սեփական կետից» բանակցողը «առանց Արցախի ներկայացուցչի բանակցությունների չի նստելու»։ Ընդամենը 4 տարի հետո ոչ միայն Արցախը չկա բանակցային սեղանի շուրջ, այլ նաեւ Հայաստանը։ Մեր ճակատագիրը որոշում են առանց մեզ։ Բոլոր նրանց, ովքեր անցած տարի հավատացին, որ կարելի է Ադրբեջանի հետ առանձին քննարկել խաղաղությունը, առանձին սահմանագծումն ու սահմանազատումը, առանձին՝ Ղարաբաղի հակամարտությունը։ Բոլոր նրանց, ում խաբեցին, որ այս հարցերը շաղկապված չեն։ Բոլոր նրանց, ովքեր էս խունտային երկրորդ շանս տվեցին, իսկ հիմա հասկանում են, որ «խաղաղության դարաշրջանի» արշալույսին՝ նոյեմբերի 9-ից սկսած, տասնյակ զոհեր ու գերիներ տվեցինք, նորից հայրենիք կորցրեցինք Ներքին Հանդում, Փարուխում, Քարագլխի մատույցներում։ Բոլոր նրանց, ովքեր ոգեւորվեցին, որ բանակում մեր տղերքը կլուբնիկ ու խորոված կուտեն, բայց հիմա տեսնում են, որ մեր բանակի պարծանքին, բանակի հատուկ ջոկատայիններին՝ «սպեցին» սրանք մաքրուհու շորեր են հագցրել։ Ու մի բան էլ դրա մասին ռեպորտաժ են սարքել։ Էն նույն «սպեցի» տղերքին, ում հերոսությունները պատմում էինք իրար ու հպարտանում։
● Եկել եմ զրուցեմ ձեզ հետ, որովհետեւ բոլորիս մի բան է միավորում։ Մի պարզ ճշմարտություն. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ Արցախի հարցի միակ հայանպաստ լուծումը հնարավոր է Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա։ Որովհետեւ բոլորս գիտենք, որ այն չմարդը, որն իր հայրենի հողում չի խոսում ինքնորոշման իրավունքի մասին՝ դրսում հաստատ դրանից չի խոսի։
Մեր զրույցի ավարտին դուք կհարցնեք՝ բա ինչ գիտես, որ այս անգամ հաջողության կհասնենք։ Ես ուրիշ բան գիտեմ՝ եթե չպայքարենք, հաստատ հաջողության չենք հասնի։ Ամեն ոտքի կանգնող հայը հաջողության հասնելու շանս է, դիվանից վեր կացող, «լայվը» անջատող եւ փողոց դուրս եկող ամեն հայը շանս է, ընտանիքում, փողոցում, աշխատավայրում ճշմարտությունը քարոզող հայը շանս է։ Մեզ մի բան է մնում՝ հավատալ իրար։ Ախր, մենք իրար խաբել չենք կարող։ Այս շարքերում, ինչպես եւ շատերիդ դեպքում, կանգնած են մայրս, կինս, ընկերներս ու շատ այլ պայքարի ընկերներ, որոնց հետ դեռ անձամբ ծանոթ չեմ։ Մենք չենք կարող պարտվել, որովհետեւ կորցնելու բան չունենք՝ հայրենիքը կորցնելուց հետո ինչի՞ց պիտի վախենանք՝ տուգանքից, բանտից… Չէ, մենք վախենալու բան չունենք։ Թող վախենան հայրենիքը ծախողները։ Թող վախենան հայրենասեր ու արժանապատիվ մարդու ցասումից։ Թող վախենան ոտքի ելած հայից։
Ոտքի’ Արցախ,
Ոտքի’ Հայաստան,
Ոտքի, Ոտքի»։
Մանրամասն՝ տեսանյութում․