Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Արդարություն և զարգացում» կուսակցության ստեղծման և իշխանության գալու պատմությունը անմիջականորեն կապված է Թուրքիայում քաղաքական իսլամի հիմնադիր համարվող Նեջմեթթին Էրբաքանի և նրա հիմնած «Ազգային տեսակետ» քաղաքական շարժման հետ։ Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ ԱԶԿ համահիմնադիրներ Աբդուլլահ Գյուլն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրենց քաղաքական կարիերան սկսել են այդ կուսակցությունից ։ Հիմնադրումից տարիներ անց ԱԶԿ-ի վարած իսլամամետ-պոպուլիստական քաղաքականությունը հաշվի առնելով՝ այն կարելի է համարել «Ազգային տեսակետի» գաղափարական հետևորդ:
Դեռևս 1997 թվականից նկատելի էր «Ազգային տեսակետի» ներսում խմորվող պառակտումը: Մասնավորապես այդ շարժման հետևորդ «Առաքինություն» կուսակցության (Saadet Partisi) ռազմավարական խնդիրների քննարկումներից մեկի ժամանակ կուսակցության երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից Աբդուլլահ Գյուլը, Ջեմիլ Չիչեքը, Ալի Ջոշքունը և Աբդուլքադիր Աքսուն պահանջում էին դասեր քաղել «փետրվարի 28-ի գործընթացից» (1997 թ. փետրվարի 28-ին, ներքաղաքական ճգնաժամով պայմանավորված, Թուրքիայի ԶՈՒ ղեկավարության կողմից վարչապետ Ն. Էրբաքանին ներկայացվեց 18-կետանոց վերջնագիր, որի հետևանքով Էրբաքանը հրաժարական տվեց պաշտոնից, իսկ հաջորդ տարի, Սահմանադրական դատարանի որոշմամբ, 5 տարով զրկվեց քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից ) և քեմալականների, իմա՝ ՀԺԿ-ի հետ վարել առավել շրջահայաց քաղաքականություն, ինչի համար, ըստ նրանց, պետք է կուսակցության ղեկավար կազմում ընդգրկվեին Ն. Էրբաքանի գաղափարական ազդեցությունից զերծ երիտասարդ կադրեր, որոնք պիտի վարեին ավելի կառուցողական քաղաքականություն և լավ հարաբերություններ հաստատեին քեմալականների հետ:
2000 թ. կայացած «Առաքինություն» կուսակցության համագումարի ժամանակ հակասություններն ավելի խորացան, քանի որ կուսակցության նախագահի ընտրությանը Էրբաքանի ազդեցության ներքո գտնվող Ռեջայի Քութանի հետ առաջադրվել էր Ա. Գյուլը: Չնայած Ա. Գյուլը պարտվեց 112 ձայնի տարբերությամբ , այս միջադեպն արդեն ակնհայտորեն ցույց էր տալիս Էրբաքանի և Քութանի քաղաքական գծի անհեռանկար լինելն ու Գյուլի և նրա համակիրների աճող հեղինակությունը : Դա էր փաստում նաև համագումարի նախօրեին Գյուլի՝ կուսակցության ղեկավարության հասցեին քննադատությամբ հանդես գալը, երբ նա կոչ էր անում համաձայնության եզրեր գտնելու ԶՈՒ ղեկավարության հետ:
Հետագայում «Առաքինություն» կուսակցության վերնախավին ուղղված քննադատությունները կուսակցության ներսում ավելացան, այդ թվում՝ կուսակցության ներսում հասունացած սերնդափոխության պահանջի անտեսման պատճառով։ Չափավոր իսլամական քաղաքականություն վարելու կոչերը հանգեցրին Գյուլի ու նրա համախոհների կողմից նոր կուսակցության հիմնադրման գաղափարին, իսկ 2001 թ. հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից «Առաքինություն» կուսակցության գործունեության արգելումը նպաստեց այդ գործընթացի արագացմանը : 2001 թ. օգոստոսի 14-ին վերջինիս անդամներից չափավոր իսլամի և բարեփոխումների կողմնակիցները հիմնադրեցին «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Adalet ve Kalkınma Partisi)՝ Ռ. Թ. Էրդողանի, Ա. Գյուլի և այլոց գլխավորությամբ : ԱԶԿ ղեկավարությունը շտապեց հայտարարելու, որ հրաժարվում է «Ազգային տեսակետի» գաղափարախոսությունից, և որպես նորաստեղծ կուսակցության գաղափարական հիմք շրջանառության մեջ դրեց «ժողովրդավարական պահպանողականություն» եզրույթը: ԱԶԿ հիմնադիրները ԹԱՄԺ գործող պատգամավորներ էին, որոնք 1999 թ. ապրիլի 18-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ընտրվել էին «Առաքինություն» կուսակցության ցուցակից, և այդպիսով ԱԶԿ-ն մեխանիկորեն դարձավ խորհրդարանական կուսակցություն:
2002 թ. հուլիսի 16-ին կոալիցիոն կառավարությանը մաս կազմող կուսակցությունների միջև առկա ճգնաժամի խորացման պատճառով ակնհայտ դարձավ, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան Սահմանադրությամբ նախատեսված ժամկետից 18 ամիս շուտ: Ընտրությունները տեղի ունեցան 2002 թ. նոյեմբերի 3-ին, և դրանից ընդամենը 16 ամիս առաջ հիմնադրված ԱԶԿ-ն ստացավ ընտրողների քվեների 34.17 տոկոսը՝ խորհրդարանական 363 մանդատ:
ԱԶԿ հաղթանակը պայմանավորված էր մի շարք գործոններով, որոնցից են քաղաքական վերնախավից ժողովրդի դժգոհությունը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների դանդաղ հաղթահարումը, քաղաքական երկարատև ճգնաժամը, որի հիմնական պատճառը 11 տարի անընդմեջ իրար հաջորդած կոալիցիոն կառավարություններն էին, և այլն , մյուս կողմից՝ ԱԶԿ ղեկավարության անհամեմատ բարձր հեղինակությունը և կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված չլինելու հանգամանքը : ԱԶԿ հաղթանակին նպաստել էր նաև ֆինանսապես ազդեցիկ «անատոլիական բուրժուազիայի» ցուցաբերած անվերապահ աջակցությունը, որը, լինելով քաղաքականապես և տնտեսապես խոցելի, օժանդակում էր ԱԶԿ-ի ներկայացրած տնտեսական ազատականացման և սոցիալ-պահպանողական ծրագրերին:
1997 թ. դեկտեմբերին Սիիրթում (Սղերդ) տեղի ունեցած հանրահավաքներից մեկի ժամանակ դեռևս Ստամբուլի քաղաքապետ Էրդողանը մեջբերում էր կատարել բանաստեղծ, թուրքական ազգային գաղափարախոսության հիմնադիրներից Զիա Գյոքալփի (ազգությամբ քուրդ) «Զինվորի երդումը» բանաստեղծությունից, ինչը Դիարբեքիրի պետական անվտանգության դատարանի կողմից ճանաչվեց որպես կրոնական ատելություն սերմանելու գործողություն, և Էրդողանը դատապարտվեց 10-ամսյա կալանքի ու զրկվեց կարևոր պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Էրդողանը բանտում անցկացրեց 4 ամիս՝ 1999 թ. մարտից մինչև հուլիսը, ինչի հետևանքով նրա վարկանիշը զգալիորեն բարձրացավ, սակայն, դատարանի որոշման երկրորդ մասի համաձայն, նա չկարողացավ 2002 թ. մասնակցել խորհրդարանական ընտրություններին, և ԱԶԿ-ի ձևավորած միակուսակցական կառավարության ղեկավար դարձավ Ա. Գյուլը: Գյուլը վարչապետի պաշտոնը զբաղեցրեց մինչև 2003 թ. ապրիլը:
Այդ ընթացքում իրականացված մի շարք օրենսդրական փոփոխությունների հետևանքով Էրդողանի՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը վերացվում է, և 2003 թ. մարտին Սիիրթ նահանգում տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններում հաղթելով՝ Էրդողանը սկզբում դառնում է ԹԱՄԺ պատգամավոր, ապա՝ ընտրվում վարչապետ: Էրդողանի ձևավորած կառավարության կազմում Գյուլը համատեղում է փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնները:
Իշխանության գալով՝ ԱԶԿ-ն սկիզբ դրեց քաղաքական նոր գործելաոճի: Էրդողանը որդեգրեց պետության և ժողովրդի միջև գործակցության նոր սկզբունք, ըստ որի՝ պետությունը պետք է վերածել ժողովրդին ու անհատին ծառայություն մատուցող ինստիտուտի՝ վերջ դնելով մինչ այդ գործած հակառակ սկզբունքին : Դրանով պայմանավորված՝ ԱԶԿ վերնախավը առաջ քաշեց ծառայության (hizmet) գաղափարը՝ որպես պետական մարմինների և ժողովրդի միջև հարաբերությունների և գործակցության նոր սկզբունք: Այս քաղաքականության խորքային նպատակը հանրային այն ընկալման դեմ պայքարն էր, ըստ որի՝ ԱԶԿ-ն համարվում էր «Ազգային տեսակետի» հերթական կուսակցություն : ԱԶԿ-ն ձգտում էր հնարավորինս հեռանալու Էրբաքանի հետ բոլոր զուգահեռումներից՝ քաղաքական դաշտում աջ կենտրոնական կուսակցության դիրք գրավելով և պահպանողական ժողովրդավարության գաղափարախոսություն որդեգրելով:
ԱԶԿ-ի վարած արտաքին քաղաքականությունը ևս տարբերվում էր Էրբաքանի արտաքին քաղաքականությունից: Եթե Էրբաքանը առավելապես ուներ իսլամական կողմնորոշում և փորձում էր լավ հարաբերություններ հաստատել իսլամական աշխարհի երկրների հետ, ապա ԱԶԿ վերնախավը, իշխանության գալով, սկսեց ակտիվորեն եվրոպամետ քաղաքականություն վարել : Տեղի ունեցան այցեր եվրոպական մայրաքաղաքներ, որոնցով փորձ էր արվում ցուցադրելու ԱԶԿ-ի եվրոպամետ լինելը: 2002 թ. դեկտեմբերին ԵԽ կոպենհագենյան գագաթնաժողովում որոշվեց խրախուսել դեռևս նախորդ իշխանության օրոք սկսված բարեփոխումների ընթացքը, և նշվեց, որ եթե մինչև 2004 թվականը բարեփոխումների արդյունքները լինեն նկատելի, ապա կմեկնարկի Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բուն գործընթացը : Դա ԱԶԿ-ի համար շատ կարևոր որոշում էր, և դրան հաջորդեց օրենսդրական փոփոխությունների լայնամասշտաբ գործընթացը: Փոփոխվեց Սահմանադրության մեկ երրորդը, հասարակության հետ տարված քարոզչական արդյունավետ աշխատանքների շնորհիվ գրանցվեց ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցների՝ Թուրքիայում արձանագրված ամենաբարձր ցուցանիշը՝ 70 տոկոս:
Աչքի առաջ ունենալով քաղաքական միջամտության՝ զինվորական վերնախավի փորձառությունը՝ ԱԶԿ-ն ձեռնարկեց և առանց շտապողականության իրականացրեց մի շարք բարեփոխումներ, որոնց նպատակը զինվորականության անքննելի համարվող դերակատարության սահմանափակումն էր քաղաքական գործընթացներում : Օրենսդրական և սահմանադրական որոշակի փոփոխություններով ԱԱԽ անդամների համամասնությունը փոխվեց հօգուտ քաղաքացիականների, իսկ ԱԱԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվեց քաղաքացիական անձ:
2002-2007 թթ. արձանագրվեց տնտեսական աճ: ԱԶԿ-ի՝ իշխանության գալու պահին Թուրքիայի տնտեսությունը աշխարհում 26-րդն էր՝ 230 մլրդ դոլար ՀՆԱ-ով : Ֆինանսավարկային համակարգում ԱԶԿ-ի իրականացրած բարեփոխումների և վարած ներդրումային քաղաքականության շնորհիվ 7 տարի անց Թուրքիայի տնտեսությունը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը՝ 780 մլրդ դոլարով: Մեծ աճ գրանցեց մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն՝ 3500 դոլարից հասնելով 10.000-ի: Էապես աճեց արտահանման ծավալը, օտարերկրյա ներդրումները գրեթե եռապատկվեցին: 2005 թ. հունվարի 1-ից շրջանառության մեջ դրվեց նոր լիրան, որի դեվալվացիայի հետևանքով վեց զրո կրճատվեց:
ԱԶԿ-ի ձեռնարկած լայնամասշտաբ բարեփոխումների և փոփոխությունների հետևանքով էապես փոխվեց քաղաքացիների կենսամակարդակը, բարելավվեց կյանքի որակը: Կառավարությունը միջոցներ ներդրեց մեծ քաղաքների ենթակառուցվածքների զարգացման համար, իրականացվեց լայնածավալ շինարարություն, կառուցվեցին բազմահարկ շենքեր, ի հայտ եկան էլիտար թաղամասեր, երկրի տարբեր հատվածներում շահագործման հանձնվեցին նոր օդանավակայաններ, մայրուղիներ, ընդլայնվեց երկաթուղային ցանցը:
Այս ամենին զուգահեռ՝ փոփոխություններ էին տեղի ունենում նաև հասարակության շրջանում: Այն գնալով դառնում էր ավելի պահպանողական, պահպանողական կողմնորոշում ունեցող նոր գործարար էլիտան ազդեցություն էր ձեռք բերել քաղաքական ոլորտում՝ փոփոխության ենթարկելով քաղաքական մշակույթը : Լայն տարածում ստացավ մզկիթաշինությունը, մեծացավ կրոնական գլխաշոր կրող կանանց թիվը : ԱԶԿ-ն զգալի աջակցություն էր ստանում «Նուրջու» կրոնական հոսանքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենից և Նաքշիբենդի կրոնական միաբանությունից: Վերջիններիս օժանդակությամբ ԱԶԿ-ն շոշափելի հաջողություններ արձանագրեց 2004 թ. մարտին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում՝ ստանալով ձայների 42 տոկոսը և հաղթելով Անկարայում ու Ստամբուլում: Հատկապես նշանակալի էր գյուլենականների ցուցաբերած աջակցությունը, որոնց թիվը Թուրքիայում մի քանի հարյուր հազարի է հասնում:
2007 թ. հուլիսի 22-ին Թուրքիայում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչի պատճառը ներքաղաքական ճգնաժամն էր: Խնդիրն այն էր, որ 2007 թ. մայիսին լրացավ հանրապետության նախագահ Ահմեթ Սեզերի լիազորությունների ժամկետը: Սեզերի և ԱԶԿ-ի միջև հակասություններ կային ԱԶԿ-ի՝ իշխանության գալուց ի վեր, ինչի պատճառը քեմալական Սեզերի անհամաձայնությունն էր ԱԶԿ-ի վարած իսլամամետ-պոպուլիստական քաղաքականությանը. ԱԶԿ-ի առաջարկած ավելի քան 300 պաշտոնի նշանակման հրամանագրերը Սեզերը հրաժարվել էր իր ստորագրությամբ վավերացնելուց : Խորհրդարանական մեծամասնություն կազմող ԱԶԿ-ի ներսում ակտիվորեն շրջանառվում էր նախագահի պաշտոնում Էրդողանի թեկնածությունն առաջադրելու գաղափարը : Դա առաջ բերեց քեմալականների դժգոհությունը, և մի շարք քաղաքներում ծայր առավ բողոքի լայն ալիք, որով քեմալականները Էրդողանից պահանջում էին հարգել Թուրքիայի աշխարհիկ կարգերն ու զերծ մնալ իրեն կամ իր կուսակցության անդամներից մեկին որպես նախագահի թեկնածու առաջադրելու մտքից: Ի վերջո, Էրդողանը հրաժարվեց իր թեկնածությունն առաջադրելու մտքից, փոխարենը առաջադրվեց արտգործնախարար Ա. Գյուլի թեկնածությունը: Այս քայլը հանգեցրեց ԱԶԿ-ԶՈՒ հակասությունների խորացմանը, և ԶՈՒ ԳՇ կայքէջում տեղադրված հայտարարությամբ քեմալական զինվորականությունը անուղղակիորեն սպառնաց միջամտել քաղաքական գործընթացին հանրապետական աշխարհիկ կարգերը խաթարելու դեպքում : Չնայած այս ամենին՝ Գյուլը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից ընտրվեց նախագահ, ինչը ՀԺԿ-ն բողոքարկեց Սահմանադրական դատարանում, և բողոքը բավարարվեց: Ստեղծված իրադրությունից միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին:
Ի հեճուկս քեմալականների և ԶՈՒ-ի՝ ԱԶԿ-ն ավելի շատ քվե ստացավ, քան նախորդ՝ 2002 թ. ընտրություններին, այն է՝ ձայների 46.5 տոկոսը, որին համապատասխան՝ խորհրդարանում ստացավ 341 մանդատ: Ընտրություններից մեկ ամիս անց ԱԶԿ-ն կրկին առաջադրեց Գյուլի թեկնածությունը, և օգոստոսի 28-ին Աբդուլլահ Գյուլը ընտրվեց Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ : Նույն թվականի հոկտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով փոփոխվեցին Սահմանադրության մի շարք դրույթներ, համաձայն որոնց՝ նախագահի ընտրության կարգը փոխվում էր՝ դառնալով ուղղակի։ Նախագահելու 7-ամյա ժամկետը փոխարինվում էր 5-ամյա ժամկետով՝ կրկնակի կառավարելու սկզբունքով, խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը փոխվում էր՝ 5 տարուց դառնալով 4 տարի: Խորհրդարանական քվորում ապահովելու շեմն իջեցվեց՝ հասցվելով 34 տոկոսի:
2008 թ. սկզբին ԱԶԿ-ն աջ ուղղվածություն ունեցող «Ազգային շարժում» (Milliyetçi Hareket Partisi) և «Դեմոկրատական հասարակություն» կուսակցությունների (Demokratik Toplum Partisi) հետ հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով վերացվելու էր համալսարաններ և պետական հաստատություններ գլխաշոր կրող կանանց մուտք գործելու արգելքը: Փետրվարի 9-ին ձայների 411 կողմ և 103 դեմ հարաբերակցությամբ օրենսդրական փոփոխությունը հաստատվեց, և վերջ դրվեց ավելի քան երեք տասնամյակ թուրքական հասարակությունը պառակտած խնդրին: Բանն այն էր, որ կրոնական գլխաշոր կրելը դիտվում էր որպես քաղաքական իսլամի խորհրդանիշ, և քեմալականները դա համարում էին աշխարհիկության դեմ ուղղված սպառնալիք:
Նախագահ Գյուլի կողմից սահմանադրական փոփոխությունների փաթեթի հաստատումից հետո ընդդիմադիր ՀԺԿ-ն Սահմանադրական դատարանում վիճարկեց փոփոխությունների սահմանադրականությունը, և հունիսի 5-ին ձայների 9 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց փետրվարի 9-ին ընդունված փոփոխությունները: Համաձայն Թուրքիայի Հանրապետության Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի կայացրած այդ որոշումը հակասահմանադրական էր, քանի որ Սահմանադրական դատարանն իրավունք ունի քննելու Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ ներկայացված հայցերը միայն ըստ ձևի և ոչ ըստ բովանդակության:
2008 թ. մարտի 14-ին Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազը հայց ներկայացրեց Սահմանադրական դատարան, որով իշխող ԱԶԿ-ին մեղադրում էր հակաշխարհիկ գործունեություն ծավալելու, այսինքն՝ Աթաթուրքի գաղափարները չպահպանելու և իսլամամետ քաղաքականություն վարելու մեջ և պահանջում կասեցնել ԱԶԿ գործունեությունը, ԱԶԿ կառավարման խորհրդի շուրջ 70 անդամներին, այդ թվում և՝ Էրդողանին ու Գյուլին, 5 տարով զրկել քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից, ձերբակալել ԱԶԿ մի շարք անդամների : Չնայած Սահմանադրական դատարանը մերժեց հայցի բավարարումը և սահմանափակվեց ԱԶԿ-ին ֆինանսական պատասխանատվության ենթարկելով, այնուամենայնիվ, սա ԱԶԿ-ի և աշխարհիկ քեմալական ուժերի միջև եղած հակասությունների հերթական դրսևորումն էր, որին հաջորդեց «Էրգենեքոնի» գործը, ինչը ԱԶԿ-ն հմտորեն օգտագործեց ԶՈՒ-ի և քեմալականների դեմ:
2008 թ. մարտի 21-ին աջ ծայրահեղ ազգայնական խմբավորումներից մեկի անդամների ձերբակալմամբ սկիզբ առավ «Էրգենեքոն» գաղտնի կազմակերպության ու դրա գործունեության բացահայտման գործը , որին հաջորդեց ձերբակալությունների 13 ալիք հետագա 4 տարիների ընթացքում : Ձերբակալվեցին ԶՈՒ բարձրագույն և միջին սպայական կազմի, մտավորականության, դատաիրավական համակարգի, լրագրության մի քանի հարյուր ներկայացուցիչներ, որոնց անունները այս կամ այն կերպ առնչվում էին գաղտնի կազմակերպություններին, առգրավվեցին մեծաքանակ զենք և զինամթերք, համակարգչային ֆայլեր, որոնցում կարևոր ապացույցներ կային 2000-ականներին զինվորականների պլանավորած գործողությունների վերաբերյալ: Զինվորականության դիրքերին մեծ հարված հասցվեց նաև 2010 թվականին, երբ «Թարաֆ» օրաթերթում տպագրված հոդվածով բացահայտվեց զինվորականների կողմից ծրագրված «Մեծ մուրճ» («Baloz») օպերացիան, որոնց նպատակն էր 2003 թվականին երկրում հեղաշրջում իրականացնել : Ըստ օրաթերթի՝ զինվորականները ծրագրել էին հատուկ գործողությունների միջոցով ստեղծել քաոսային իրավիճակ՝ ի վնաս ԱԶԿ-ի, և առաջ բերել հանրային ընդվզումներ՝ նախադրյալներ ստեղծելով հեղաշրջման համար : Այս բացահայտմանը հաջորդեցին ձերբակալություններ Թուրքիայի տարբեր քաղաքներում. ձերբակալվեցին մոտ 70 բարձրաստիճան գործող և պահեստի սպաներ, ապա՝ մինչև տարեվերջ՝ ևս 200 զինվորականներ, որոնց դեմ դատավարությունը սկսվեց 2010 թ. դեկտեմբերի 16-ից:
2010 թ. սեպտեմբերի 12-ին անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե՝ Թուրքիայում ԶՈՒ-ի և դատական համակարգի լիազորությունների ու նրանց՝ ներքաղաքական գործընթացներին մասնակցության սահմանափակման, քաղաքացիների սոցիալ-տնտեսական իրավունքների և ազատությունների հարցերով : Այս սահմանադրական բարեփոխմամբ ԱԶԿ-ն նպատակ էր հետապնդում թուլացնելու աշխարհիկ-քեմալիստական ուղղվածության ԶՈՒ-ի և դատական համակարգի դիրքերը, քանի որ վերջիններս քաղաքական լուրջ հակակշիռ էին ԱԶԿ-ին:
Փոփոխությունների փաթեթի համաձայն՝ վերացվում էր Սահմանադրության այն հոդվածը, որն իրավական պաշտպանություն և անձեռնմխելիություն էր ապահովում ռազմական հեղաշրջման կազմակերպիչներին, ամրագրում էր բարձրագույն զինվորականության ներկայացուցիչներին և դատական պաշտոնյաներին որպես մեղադրյալ ներգրավելու իրավունքը, Սահմանադրական դատարանի անդամների թիվը 11-ից հասցվում էր 17-ի, իսկ դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի անդամների թիվը՝ 7-ից 22-ի:
Սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկեց քաղաքացիների 58 տոկոսը, ինչի հետևանքով ԶՈՒ-ի և դատական իշխանության սահմանադրական լիազորությունների սահմանափակման պայմաններում ԱԶԿ-ն ստացավ գրեթե անսահմանափակ իշխանություն: Ստանալով Թուրքիայի քաղաքացիների 58 տոկոսի վստահության քվեն՝ Էրդողանի քաղաքական վարքագիծը ենթարկվեց որոշակի փոփոխությունների՝ դրսևորելով բացահայտ ավտորիտար միտումներ:
2011 թ. հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք նախորդ խորհրդարանական ընտրություններից ունեին մի շարք տարբերություններ։ 1983 թվականից ի վեր դրանք առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնք արտահերթ չէին, այլ հերթական: Այդ ընտրություններում հաղթելու դեպքում ԱԶԿ-ն կդառնար երկրի՝ բազմակուսակցական համակարգին անցնելուց հետո ամենաերկար կառավարած քաղաքական ուժը:
ԱԶԿ-ն ընտրություններին մասնակցեց թարմացված թեկնածուական ցանկերով, որում ընդգրկման հիմքը Էրդողանի հանդեպ հավատարմությունն էր և նրա կայացրած որոշումների անվերապահ կատարումը: Թերևս դա է պատճառը, որ նախկին խորհրդարանի ԱԶԿ պատգամավորներից 164-ը դուրս էին մնացել ԱԶԿ նախընտրական ցուցակից:
Ի տարբերություն մյուս քաղաքական կուսակցությունների թեկնածուների՝ ԱԶԿ թեկնածուները քարոզչության ընթացքում չէին խուսափում քրդական հիմնահարցին «քրդական» բնորոշում տալուց՝ «հարավարևելյան խնդիր» շինծու բնորոշման փոխարեն:
Ընտրությունների նախօրեին ձերբակալվեցին ավելի քան 60 լրագրողներ, ինչի պատճառը Էրդողանի անհանդուրժողականությունն էր իրեն և իր վարած քաղաքականությունը քննադատող ԶԼՄ-ների նկատմամբ: Վերջին 4 տարիների ընթացքում Էրդողանը բազմիցս քննադատել էր ԶԼՄ-ներին, և դա հաճախ ուղեկցվել էր նրանց նկատմամբ գործադրված ճնշումներով ու հետապնդումներով:
ԱԶԿ-ն իր առջև խնդիր էր դրել ձեռք բերելու առնվազն 367 պատգամավորական մանդատ, ինչը նրան թույլ կտար գրեթե անարգել իրականացնել սահմանադրական փոփոխություններ: Սակայն հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ստացած 49 տոկոս ձայներով ԱԶԿ-ն ձեռք բերեց 327 մանդատ՝ հեշտությամբ հաղթահարելով մեծամասնության համար անհրաժեշտ 276 մանդատի շեմը, սակայն երկու առավել կարևոր՝ 330 և 367 մանդատների շեմերը հաղթահարել նրան չհաջողվեց, ինչը հնարավորություն կտար խորհրդարանում հավանության արժանացած սահմանադրական փոփոխության ցանկացած նախագիծ դնելու քվեարկության (330 մանդատի առկայության պարագայում) և ընդունելու սահմանադրական փոփոխություններ հենց խորհրդարանում (367 մանդատի առկայության պարագայում):
ԱԶԿ-ի վարած ներքին քաղաքականությունը Թուրքիայի հասարակության շրջանում ընդունվում էր ոչ միանշանակորեն: Թուրքական հասարակության տարբեր շերտեր տարբեր կերպ էին արձագանքում Էրդողանի քաղաքական կուրսին: Մասնավորապես այն անընդունելի էր քեմալականների, աշխարհիկների, ազատականների և ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար, և դրա դրսևորումը 2013 թ. մայիսի 28-ից հունիսի 15-ը Թուրքիայի ավելի քան 90 քաղաքներում տեղի ունեցած լայնամասշտաբ բողոքի ցույցերն էին, որոնց մասնակցեց մոտ 2.5 միլիոն մարդ : Բողոքի ցույցերը սկիզբ առան Ստամբուլի Թաքսիմ հրապարակին հարող Գեզի այգուց, որտեղ կառուցապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով որոշվել էր կտրել ծառերը: Ցույցերը մեկնարկեցին ընդամենը 50 երիտասարդ բնապահպանների իրականացրած ակցիայով, որոնց հետագայում միացան սոցիալական և գաղափարախոսական տարբեր կողմնորոշումներ ունեցող քաղաքական, հասարակական շարժումներ և կազմակերպություններ: Ցույցերի մասնակիցները հիմնականում քաղաքային միջին խավի երիտասարդներն էին, որոնք քննադատում էին ԱԶԿ-ի վարած քաղաքականության մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ մարդու իրավունքների և բնապահպանական նորմերի խախտումները, հանրային տարածքների իսլամացումը՝ մզկիթաշինությունը, հասարակական կյանքի որոշ ոլորտների նկատմամբ կառավարական վերահսկողության մեխանիզմների ընդլայնումը, ոստիկանության կողմից ավելացող բռնությունները և իշխանությունների ավտորիտար հակումները:
Էրդողանը, որն այդ ընթացքում բացակայում էր երկրից, ցուցարարներին անվանեց «սադրիչ-խռովարարներ» և անհավատներ՝ մեղադրելով նրանց արտաքին ուժերին ծառայելու և Թուրքիայի տնտեսությունը քայքայելու մտադրության մեջ : Ոստիկանների կիրառած անհամաչափ ուժի հետևանքով զոհվեց 11 մարդ, տարբեր աստիճանի վիրավորում ստացավ մոտ 8000 քաղաքացի:
Շարժման շնորհիվ Գեզի այգին պահպանվեց և շարունակեց ծառայել որպես քաղաքային զբոսայգի, սակայն այս դեպքերը փոխեցին Թուրքիայի քաղաքական գործընթացների, ինչպես նաև իշխանություն-ընդդիմություն-հասարակություն փոխհարաբերությունների սկզբունքները:
2013 թ. սեպտեմբերի 30-ին Էրդողանը հայտարարեց բարեփոխումների նոր փուլի մեկնարկի մասին, որոնք նա անվանեց «Ժողովրդավարացման փաթեթ»: Այն ներառում էր մի շարք փոփոխություններ, ըստ որոնց՝ կրոնական գլխաշոր կրող կանայք այդուհետ իրավունք էին ստանում աշխատելու պետական հաստատություններում (բացառությամբ ԶՈՒ-ի, ոստիկանական համակարգի, դատական համակարգի) և կրթություն ստանալու պետական համալսարաններում : Այս քայլը հասարակության մեջ բարձրացրեց Գեզի այգու դեպքերից տուժած՝ Էրդողանի վարկանիշը:
Հաջորդ քայլը դպրոցներում երդմնակալության արարողության վերացումն էր, ինչին 1933 թվականից ի վեր աշակերտները մասնակցում էին ամեն առավոտ Թուրքիայի ազգային կրթության նախարարության բոլոր դպրոցներում:
Թույլատրվեց մասնավոր դպրոցներում քրդերենի դասավանդումը, սակայն այն առարկաների դեպքում, որոնք հաստատված էին Ազգային կրթության նախարարության կողմից: Թույլատրվեց ընտրապայքարի ժամանակ օգտագործել այլ լեզուներ և բարբառներ, ինչպես նաև քրդերենում օգտագործվող Q, W, X տառերի կիրառումը, որոնք բացակայում էին թուրքերեն այբուբենում, և որոնց կիրառումն արգելված էր:
Որոշակի փոփոխություններ էին նախատեսվում նաև ընտրական օրենսգրքում՝ ընտրական շեմի իջեցում 10-ից 7 տոկոսի, պատգամավորների թվի կրճատում և այլն, սակայն այդ հարցերն անգամ չքննարկվեցին խորհրդարանում՝ մնալով անփոփոխ:
«Ժողովրդավարացման փաթեթում» ներառված մյուս փոփոխությունները վերաբերում էին կրոնական, ազգային, լեզվական և այլ խտրականությունների դեմ պայքարին և այդ նպատակով քրեական պատասխանատվության խստացմանը:
2014 թ. մարտին ԹԱՄԺ-ն գրեթե ամբողջությամբ ընդունեց «Ժողովրդավարացման փաթեթը»՝ իրականություն դարձնելով բարեփոխումների երրորդ փուլը:
Մարտի 30-ին Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին մասնակցում էր 26 կուսակցություն, սակայն հիմնական ընտրապայքարը խորհրդարանական կուսակցությունների՝ ԱԶԿ-ի, ՀԺԿ-ի, ԱՇԿ-ի և ԽԺԿ-ի միջև էր:
Ընտրություններին նախորդած 10 ամիսներին ԱԶԿ-ի վարած քաղաքականությունը հասարակության շրջանում դժգոհությունների տեղիք էր տվել, և կարծիք կար, թե ԱԶԿ-ն այդ ընտրություններում կպարտվի: Ի հեճուկս դրա՝ ԱԶԿ-ն 30 նահանգային քաղաքներից հաղթեց 18-ում, 51 քաղաքներից՝ 32-ում, իսկ 900 շրջաններից՝ 556-ում: Ուշագրավ էր այն, որ Էրդողանն ընտրարշավին մասնակցեց՝ այցելելով 81 նահանգներից ընդամենը 20-25-ը, ինչի պատճառը առողջական խնդիրներն էին, հատկապես ձայնալարերի բորբոքումը: Այնուամենայնիվ, դա չխանգարեց ԱԶԿ-ին արդեն 8-րդ անգամ ստանալու Թուրքիայի ընտրողների մեծամասնության վստահության քվեն, ինչը աննախադեպ ցուցանիշ էր Թուրքիայի քաղաքական պատմության մեջ:
ՏԻՄ ընտրություններից 5 ամիս անց տեղի ունեցավ նախագահական ընտրություն: Օգոստոսի 10-ի ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ առաջին անգամ հանրապետության նախագահն ընտրվում էր ուղղակի մանդատով՝ ժողովրդի կողմից: ԱԶԿ-ի առաջադրած միակ թեկնածուն վարչապետ Էրդողանն էր : Ընդդիմությունը՝ ՀԺԿ-ն, ԱՇԿ-ն և ևս 12 արտախորհրդարանական ուժեր, հանդես եկան միասնական թեկնածուով, որը պատմաբան և իսլամագետ, 2004-2014 թթ․ Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար, Եգիպտոսում ծնված և մեծացած Էքմելեդդին Իհսանօղլուն էր: Վերջինս չուներ քաղաքական փորձառություն և հանրության լայն շրջանակներին անծանոթ էր: Երրորդ թեկնածուն քրդական թևը ներկայացնող, իրավապաշտպան Սելահեթթին Դեմիրթաշն էր:
Քաղաքագետներին և հանրությանը հուզող հիմնական հարցն այն էր, թե Էրդողանը կստանա՞ արդյոք ձայների 50 տոկոսը, թե՞ անհրաժեշտ կլինի անցկացնել ընտրության երկրորդ փուլ:
Ընտրություններում Էրդողանը ստացավ ձայների 51.8 տոկոսը, և ընտրության երկրորդ փուլի անհրաժեշտություն չծագեց : Չնայած հասարակության աշխարհիկ-քեմալական, ազգայնական զանգվածների աջակցությունն ստանալու ակնկալիքներին՝ Իհսանօղլուն ստացավ քվեների 38.4, իսկ Դեմիրթաշը՝ 9.8 տոկոսը, ինչը, քրդաբնակ նահանգներում մեծ թիվ կազմելով, այնուհանդերձ, հանրապետության մակարդակով որոշիչ նշանակություն չունեցավ:
Ընտրությունների նախնական տվյալների հրապարակումից հետո Էրդողանը ելույթ ունեցավ, որում ասվում էր, որ մինչև 2023 թվականը՝ Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-ամյակը, երկրի ՀՆԱ-ն պետք է դառնար աշխարհի 10 խոշորագույններից մեկը, առևտրի ծավալները պետք է կազմեին 1 տրիլիոն ԱՄՆ դոլար, արտահանման ծավալը՝ 500 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս ամենից բացի՝ նպատակ էր դրվում Թուրքիան դարձնելու աշխարհում զբոսաշրջային, գյուղատնտեսական, ռազմաարդյունաբերական լավագույն երկրներից մեկը և այլն:
Օգոստոսի 21-ին ԱԶԿ արտահերթ համագումարում Էրդողանը հրաժարվեց կուսակցության նախագահի պաշտոնից, ինչպես Սահմանադրությունն է պահանջում, և նույն ամսի 28-ից ստանձնեց երկրի նախագահի լիազորությունները, իսկ կուսակցության նախագահի պաշտոնում նրան փոխարինեց արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
2015 թ․ հունիսի 7-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնցում իշխող ԱԶԿ-ն գրանցեց իր իշխանության ընթացքում ունեցած վատագույն արդյունքները: Չնայած ծախսած վարչաֆինանսական հսկայական ռեսուրսներին և գործադրած ջանքերին՝ ԱԶԿ-ն ստացավ ձայների 40.8 տոկոսը՝ ձեռք բերելով 276 մանդատ:
«Ձախողման» պատճառների շարքում կարելի է նշել Էրդողանի վարած ներկուսակցական անհաջող քաղաքականությունը, ԱԶԿ նախագահ Դավութօղլուի իրականացրած թույլ քարոզարշավը, ինչպես նաև ԱԶԿ-ի ներկայացրած ծրագրի անհասկանալի լինելը Թուրքիայի քաղաքացիների մեծամասնության համար: Կարևոր է նշել նաև, որ Էրդողանի ուղղակի մասնակցությունը քարոզարշավին, ինչը Սահմանադրության խախտում էր, նույնպես բացասաբար անդրադարձավ կուսակցության վարկանիշի վրա:
2016 թ․ Թուրքիայում կատարվեց ռազմական հեղաշրջման փորձ, որը ձախողվեց : Հեղաշրջման փաստացի ղեկավարը ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, ռազմական բարձրագույն խորհրդի անդամ Աքըն Օզթյուրքն էր: Հեղաշրջման մասնակիցները փորձեցին վերահսկողություն սահմանել Թուրքիայի մի շարք քաղաքներում, իրենց հսկողության տակ վերցրին գլխավոր շտաբը, ռադիոյի և հեռուստատեսության պետական կորպորացիան, Ստամբուլի «Բոսֆոր» և «Ֆաթիհ Սուլթան Մեհմեդ» կամուրջները: Հեղաշրջման փորձի հետևանքով ռմբակոծվեցին Թուրքիայի խորհրդարանի շենքը, նախագահի նստավայրը, գլխավոր շտաբի շենքը, ոստիկանության շտաբ-կայանը, ազգային հետախուզության ծառայությունը, ներքին գործոց նախարարությունը և մեծ կարևորության այլ կառույցների վարչական շենքեր : ԶՈՒ ԳՇ պետ Հուլուսի Աքարն առևանգվեց և փոխադրվեց «Աքընջը» ավիաբազա, որն օգտագործվում էր որպես գործողությունների կազմակերպման հենակետ:
Նախագահ Էրդողանը, որն այդ ընթացքում արձակուրդում էր, տեղեկանալով զինվորական ստորաբաժանումների տեղաշարժերի մասին, շտապ լքում է հյուրանոցը և, կապ հաստատելով մի շարք հեռուստաընկերությունների հետ, ուղիղ եթերով կոչ է անում Թուրքիայի քաղաքացիներին դուրս գալու փողոց և պաշտպանելու «երկրի ժողովրդավարությունը»: Ելույթից շատ չանցած՝ ԶՈՒ առաջին բանակի հրամանատար Ումիթ Դյունդարը հայտարարեց, որ Թուրքիայի ԶՈՒ-ն չի աջակցում հեղաշրջմանը : Բախումներ տեղի ունեցան փողոց դուրս եկած՝ նախագահի կողմնակիցների և հեղաշրջման մասնակիցների միջև:
ԹԱՄԺ-ում հավաքված շուրջ 100 պատգամավորները նիստ են գումարում և դատապարտում հեղաշրջման փորձը: 02:30-ի սահմաններում հետախուզական ծառայությունը հայտարարում է, որ հեղաշրջման փորձն անհաջողության է մատնվել, իսկ մոտ մեկ ժամ անց Ստամբուլի օդանավակայանում վայրէջք է կատարում Էրդողանի ինքնաթիռը, և նրան դիմավորում են հազարավոր աջակիցներ: Քիչ անց Անկարայի գլխավոր դատախազությունը հայտարարում է հեղաշրջման կազմակերպիչների, այդ թվում և՝ ղեկավարների ձերբակալման մասին:
ԱԶԿ-ն հեղաշրջման փորձի ամբողջ պատասխանատվությունը բարդեց Ֆեթուլլահ Գյուլենի և նրա աջակիցների վրա: Հուլիսի 16-ին ձերբակալվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք մեղադրվում էին գյուլենականներին աջակցելու և «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությանը» անդամակցելու մեջ: Հեղաշրջման փորձի ընթացքում զոհվեց 250 մարդ, իսկ վիրավորների թիվն անցնում էր 2200-ը. երկու դեպքում էլ գերակշռում էին քաղաքացիական անձինք: Պետությանը հասցվեց մոտ 100 մլրդ ԱՄՆ դոլարի նյութական վնաս:
Հեղաշրջման փորձին հաջորդեց ձերբակալությունների, աշխատանքից ազատման և պաշտոնանկությունների մեծ ալիք, որի հիմնական թիրախը զինվորականներն էին։ Փակվեցին բազմաթիվ լրատվամիջոցներ, դպրոցներ և համալսարաններ: Հուլիսի 21-ին մտցվեց արտակարգ դրություն, որը երկարաձգվեց յոթ անգամ, և որի ընթացքում գրանցվեցին մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր:
2016 թ․ դեկտեմբերին ԱԶԿ-ն ԱՇԿ-ի աջակցությամբ խորհրդարան ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների փաթեթ, որը պարունակում էր 21 հոդված (որոնցից 3-ը մերժվեցին):
Սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակը կառավարման նախագահական ձևին անցում կատարելն էր: Այդ հարցը քննարկվել էր դեռևս Թուրգութ Օզալի և Սուլեյման Դեմիրելի իշխանությունների օրոք, սակայն իրականություն չէր դարձել: 2016 թ․ իրադարձությունները հնարավորություն տվեցին Էրդողանին ակտիվացնել այդ հարցի շուրջ քննարկումները, և 2016 թ․ դեկտեմբերին ԹԱՄԺ ներկայացված բարեփոխումների նախագծի հաստատումով Էրդողանը ապրիլի 16-ին նշանակեց հանրաքվե:
Ըստ բարեփոխումների փաթեթի՝ ԹԱՄԺ պատգամավորների թիվն ավելանալու էր՝ 550-ից հասնելով 600-ի, քանի որ, ըստ բարեփոխումների աջակիցների, պատգամավորների թիվը չէր համապատասխանում Թուրքիայի ավելացած բնակչության թվաքանակին, և առաջացել էր ընտրող-պատգամավոր համամասնության փոփոխության անհրաժեշտություն: Խորհրդարանական և նախագահական ընտրությունները անցկացվելու էին 5 տարին մեկ անգամ և նույն օրը:
Պատգամավոր ընտրվելու տարիքային շեմն իջեցվելու էր՝ 25-ից դարձնելով 18: Դրա նպատակը երիտասարդների՝ քաղաքականություն մուտքը խրախուսելն էր:
Նախագահը կարող էր լինել կուսակցական, ինչը նախկինում արգելվում էր, կարող էր պաշտոնների նշանակել և պաշտոնանկ անել բարձրագույն պաշտոնատար անձանց: Վերացվում էր վարչապետի ինստիտուտը, որով նախագահի լիազորություններն ընդլայնվում էին՝ ընդգրկելով կառավարության ղեկավարի և երկրի առաջնորդի իրավունքներն ու պարտականությունները:
Վերացվելու էին ռազմական դատարանները, ռազմական դրությունը, որը փոխարինվելու էր արտակարգ դրությամբ։ Արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը տրվելու էր նախագահին, որն այդ որոշումն ուղարկելու էր ԹԱՄԺ: ԹԱՄԺ-ն կարող էր երկարացնել, կրճատել կամ չեղարկել արտակարգ դրությունը։ ԹԱՄԺ-ին էր անցնում նաև բյուջեի հարցում վերջնական որոշման իրավունքը:
2017 թ․ ապրիլի 16-ին 51 տոկոս կողմ ձայներով սահմանադրական փոփոխությունների փաթեթը հաստատվեց, և իշխանությունը գերազանցապես կենտրոնացավ նախագահի ձեռքում:
2018 թ․ ԱԶԿ-ի նախաձեռնությամբ նշանակվեցին արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ՝ խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական կառավարման համակարգի անցնելու համար: Ընտրության օր նշանակվեց 2018 թ․ հունիսի 24-ը՝ 2019 թ․ նոյեմբերի փոխարեն:
Ընդդիմությունն ընտրություններին հանդես եկավ «Ազգային դաշինքով», որին մաս էին կազմում ՀԺԿ-ն, ԺԴԿ-ն, «Լավ» կուսակցությունը և «Երջանկություն» ու «Ժողովրդավարություն» կուսակցությունների դաշինքը: «Ազգային դաշինքի» հիմնական նպատակը ԱԶԿ-ին խորհրդարանական մեծամասնությունից զրկելն էր:
ԱԶԿ-ն դաշինք կազմեց ԱՇԿ-ի հետ, որն անվանվեց «Ժողովրդական դաշինք»: Որպես նախագահի թեկնածու առաջադրվել էր Էրդողանը, որի հիմնական մրցակիցը ՀԺԿ-ի կողմից առաջադրված Մուհարրեմ Ինջեն էր: Նախագահի թեկնածու էին առաջադրվել նաև Մերալ Աքշեները, Սելահաթթին Դեմիրթաշը, «Երջանկություն» կուսակցության առաջնորդ Թեմել Քարամոլլաօղլուն և «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը: Նախնական համաձայնությամբ՝ ընտրությունների երկրորդ փուլի դեպքում ընդդիմադիր ուժերը հանդես էին գալու երկրորդ տեղը զբաղեցրած միասնական թեկնածուով:
Ընտրությունների արդյունքներով Էրդողանն ընտրվեց նախագահ՝ ձայների 52 տոկոսով, իսկ նրա ղեկավարած «Ժողովրդական դաշինքը» հաղթեց ձայների 53 տոկոսով (ԱԶԿ՝ 42 տոկոս, ԱՇԿ՝ 11 տոկոս)՝ ստանալով 293 պատգամավորական մանդատ: Ընտրությունները, ինչպես և նախորդ տարվա սահմանադրական հանրաքվեն, անցկացվեցին ընտրախախտումներով:
Տիգրան Չանդոյան