Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Սույն թվականի փետրվարի 6-ին Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական շրջանակները տեղեկատվական արտահոսք են արել այն մասին, որ պաշտոնական Թեհրանը վերջնական որոշում ունի, այն է՝ Պարսից ծոցից Սև ծով ձգվող էներգետիկ միջանցքը գործարկելու համար Իրանը չի օգտագործելու Նախիջևանի տարածքը. Որոշվել է, որ այն պետք է անցնի ՀՀ տարածքով, մասնավորապես՝ Սյունիքի մարզով։ Նշվում է նաև, որ Կապանում հյուպատոսարան հիմնելու Իրանի որոշումը նույնպես խոսում է տարածաշրջանի կարևորության մասին։ «Երևանը Իրանի օրակարգից դուրս բերելու Բաքվի փորձերը դեռևս հաջողությամբ չեն պսակվել։ Իրանը պահպանում է իր դիրքերը տարածաշրջանում և ձգտում է դառնալու Հարավային Կովկասի հիմնական խաղացողներից մեկը»1,- նշված է հիշատակված տեքստում։
Իրանի նման որոշման մասին իմ գրառումը, ինչպես նաև մտորումներս այն մասին, թե ինչ օգուտներ և վնասներ կարող է ունենալ Հայաստանը այդ սցենարի իրագործման դեպքում, լայն արձագանք գտան հայկական մամուլում և փորձագիտական շրջանակներում։ 2-3 օր շարունակ տարբեր պարբերականներ ու հեղինակներ գրում էին այն մասին, որ Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի գործարկման ծրագիրը, որի շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են, ենթադրում է նաև Ադրբեջանի մասնակցություն այդ ծրագրին։ Եվ սա բացարձակ ճշմարտություն է. Իրանի ղեկավարները բազմիցս են հայտարարել, որ իրենց համար կարևոր է համագործակցությունը թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ։ Ընդ որում, իրանական կողմն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև Նախիջևանի տարածքով կոմունիկացիաներ գործարկելու հնարավորությանը։ Եվ դա շատ հասկանալի է. Նախիջևանը Իրանի կողմից դիտարկվում է որպես արտաքին աշխարհ տանող կարևոր պատուհան, որտեղ թուրքական ազդեցությունը հավասարակշռելու համար պետք է լուրջ աշխատանք կատարել։
Բայց կարևոր երկու հանգամանք այնուամենայնիվ պետք է հաշվի առնել։ Նախ՝ խոսվում է ոչ թե Նախիջևանի կոմունիկացիոն հնարավորություններից ամբողջապես հրաժարվելու Իրանի ցանկության, այլ գազի արտահանման մեկ այլ, մասնավորապես ՀՀ տարածքով անցնող ճանապարհների ընտրության մասին։ Եվ երկրորդ` հայտնի փաստ է, որ Իրանի դիվանագետների հայտարարություններն ու նրանց իրական ծրագրերը կարող են շատ հակասական լինել։ Լեզուն դիվանագետին տրված է մտքերը թաքցնելու համար։ Իրանի օրինակը, թերևս, այս մտքի՝ բոլոր ժամանակների լավագույն ապացույցն է։ Ուստի Իսլամական Հանրապետության անելիքները հասկանալու համար անհրաժեշտ է առաջին հերթին ուշադրություն դարձնել ոչ թե նրա պաշտոնյաների հայտարարություններին, այլ երկրի իրական շահերին:
Իսկ ո՞րն է Իրանի շահը մեր տարածաշրջանում։ Այս հարցն ունի կարճ և երկար պատասխաններ։ Եթե կարճ, ապա Հարավային Կովկասն Իրանի համար առաջին հերթին դեպի Սև ծով, ապա նաև Եվրոպա և Ռուսաստան տանող կարևորագույն ճանապարհ է, որը կարող է տնտեսական և քաղաքական մեծ շահաբաժիններ բերել այդ երկրին։ Մյուս կողմից՝ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական մրցակցության այն հարթակն է, որտեղ Իրանի դիրքերի թուլացումը կարող է կենսական մակարդակի սպառնալիքներ ստեղծել այդ երկրի համար։ Այն հնարավորությունների ու ռիսկերի տարածաշրջան է, որտեղ Իրանի մրցակիցները պարզապես անթիվ, անհամար են։ Եվ բնական է, որ Թեհրանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մեր տարածաշրջանում ընթացող զարգացումները, փորձում տեղի և արտատարածաշրջանային ուժերի ազդեցությունները հավասարակշռող քաղաքականություն մշակել և մարտավարություններ կիրառել։
Վերոնշյալ հարցադրման երկար պատասխանը, ինչպես կարելի է կռահել, լայնածավալ հետազոտությունների թեմա է, և շատ կարևոր է, որ Հայաստանում նման գործունեություն ծավալող բավական պատրաստված մասնագետներ ունենք։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանի և հատկապես մեր երկրի անվտանգության ու արտաքին քաղաքականության վրա եղել է ու լինելու է շատ վճռական։ Եվ հիմա՝ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, այդ իրողությունն ակնհայտ երևում է հարավկովկասյան զարգացումներում։ Այսպես՝ մեկ տարի էլ չի անցել այն բանից, երբ ՀՀ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով բոլորս դարձանք Իրանի հստակ և նպատակաուղղված քայլերի ականատեսը, երբ Իսլամական Հանրապետությունը լայնամասշտաբ զորավարժություններ սկսեց Ադրբեջանի և Արցախի օկուպացված տարածքների սահմանին՝ հստակ ցույց տալով, որ Սյունիքի դեմ թուրք-ադրբեջանական սպառնալիքների կյանքի կոչման փորձի պարագայում էլ իրենք կարող են պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ և կանխել նրանց այդ ծրագրերը2։
2021 թ. աշնանը Իրանի Իսլամական Հանրապետությունը փաստացի հանդես եկավ որպես Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավոր՝ ակնարկելով, որ իրենց համար նման կարևոր խնդիրը Թեհրանը չի կարող վստահել միայն Ռուսաստանին։ Այդ ժամանակահատվածում Իրանը շատ բաց էր խոսում իր շահերի, մտադրությունների ու ծրագրերի մասին։ 2021 թ. հոկտեմբերին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թեհրան3, որտեղ վերջինս իրանական կողմից անվտանգության երաշխիքներ և երկկողմանի հարաբերությունները զարգացնելու խոստումներ ստացավ։ Միևնույն ժամանակ պաշտոնական Թեհրանը դիվանագիտական բարդ բանակցություններ էր վարում Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետևանքով լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի օկուպացված տարածքների հատման կետում զգալիորեն թուլացավ։
Հարավային Կովկասում իր, այսպես կոչված, կարմիր գծերը գծելուց հետո իրանական կողմն առանց ժամանակ կորցնելու անցել է ռազմավարական նշանակություն ունեցող հաջորդ ծրագրի՝ դեպի Սև ծովի ավազան և Արևելյան Եվրոպա տանող կոմունիկացիոն միջանցքի ստեղծման աշխատանքներին։ 2021 թ. մարտի 27-ին Իրանի և Չինաստանի միջև ստորագրվել է «Ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիր4, որը, ըստ մամուլի հաղորդած տեղեկությունների, առաջին հերթին վերաբերում է էներգետիկ սեկտորին և նոր ենթակառուցվածքների ստեղծմանը։ Մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 29-ին, Իրանը հաջորդ կարևոր պայմանագիրն է ստորագրում, այս անգամ՝ Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ5։ Ըստ այդ պայմանագրի, որն ուժի մեջ է մտել 2021 թ. դեկտեմբերի 2-ից, Իրանը Թուրքմենստանից տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանալու, նույնչափ էլ փոխանցելու է Ադրբեջանին։ Պարզ է, որ Ադրբեջանն էլ իր հերթին այդ գազը վաճառելու է երրորդ կողմին։ Ստացվում է, որ Իրանը թուրքմենական գազն ադրբեջանական ենթակառուցվածքներով Եվրոպային վաճառելու միջնորդ երկիր է դարձել, ինչը միանշանակ փոխում է Կասպից ծովի ավազանի էներգակիրների արտահանման գործում Իրանի դերն ու նշանակությունը։
Ներկայումս պաշտոնական Թեհրանն ակտիվորեն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ։ Կառուցվում են նոր ճանապարհներ, երկաթուղային գծեր և կամուրջներ, վերազինվում սահմանային անցակետերը և այլն։ Ավելին՝ իրանական կողմը դիտարկում է նաև Արցախի օկուպացված տարածքներում ներդրումներ անելու հնարավորությունը։ Համատեղ համապարփակ աշխատանքների ծրագրի լիարժեք գործողության վերականգնման շուրջ Վիեննայում ներկա ժամանակահատվածում վարվող բանակցությունների հաջող ընթացքը թույլ է տալիս ենթադրել, որ շուտով Իրանը կձերբազատվի նաև արևմտյան պատժամիջոցներից, ինչը լրացուցիչ ակտիվություն կհաղորդի Թեհրանի՝ մեր տարածաշրջանում իրականացվող գործողություններին։ Պարզ է, որ այս իրավիճակում իրանական կողմն ամեն ինչ անելու է հարմար պահն օգտագործելու և իր դիրքերն ամրապնդելու համար։ Մանավանդ որ խոսքը ոչ միայն իրանական ապրանքները նոր շուկաներ հանելու հրաշալի հնարավորության, այլև չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» աշխարհատնտեսական հայտնի ծրագրի կարևոր հատվածում օպերատորի դեր ստանձնելու հնարավորության մասին է։
Միակ հարցը, որ կարող է խոչընդոտել Հարավային Կովկասում Իրանի ծրագրերի իրագործումը, Արցախի հակամարտության չկարգավորված լինելն է ու նոր պատերազմի հավանականությունը։ Ահա այստեղ է, որ Թեհրանը մտածելու և արդյունավետ լուծումներ գտնելու խնդիր ունի։ Բանն այն է, որ իրանական կողմը ցանկանում է առավելագույնս նվազեցնել թուրք-ադրբեջանական դաշինքի ազդեցությունը ոչ միայն իր կոմունիկացիոն հնարավորությունների վրա, այլև ընդհանրապես հարավկովկասյան տարածաշրջանում։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Հայաստանի աշխարհագրությունը, ենթակառուցվածքների վիճակն ու քաղաքական դրությունը չափազանց խնդրահարույց են մեր երկրի տարածքով նման խոշոր ծրագրեր իրագործելու համար։ Ուստի Իրանը փորձում է միջանկյալ լուծումներ գտնել։ Օրինակ՝ խոսվում է այն մասին, որ գազի արտահանման համար օգտագործվելու է ոչ թե Նախիջևանի, այլ Հայաստանի տարածքը։ Բայց այս դեպքում էլ պարզ է, որ Նախիջևան դեռ չի նշանակում Ադրբեջան։
Այսինքն՝ պարզ է, որ Պարսից ծոցից Սև ծով ձգվող էներգետիկ միջանցքում, միևնույն է, Իրանը հիմնական շեշտը դնելու է Ադրբեջանի վրա։ Իսկ Հայաստանին լավագույն դեպքում որոշ փշուրներ են հասնելու, այն էլ՝ միայն նրա համար, որ մենք մեզ տարածաշրջանային այդ ծրագրերից դուրս չզգանք։ Իսկ ավելի ճիշտ, որպեսզի ՀՀ իշխանությունները միշտ կարողանան «բացատրել», թե ինչու չի կարելի փորձել վերականգնել Արցախում մեր ունեցած կորուստները։
Ի մի բերելով այս ամենը՝ ցավոք գալիս ենք այն եզրահանգման, որ հարավկովկասյան աշխարհաքաղաքական ներկա զարգացումներում տարածաշրջանային բոլոր երկրները, բացի Հայաստանից, ունեն իրենց շահերի սպասարկման կայուն իրագործվող ծրագրեր, որոնց մի մասն էլ կյանքի է կոչվում ի հաշիվ մեր ազգային շահերի։ Հայաստանն ունի բոլորի խաղաքարտերը խառնելու հնարավորություն։ Բայց դա դժվար իրագործելի, վտանգավոր սցենար է, որը միանշանակ վեր է այս իշխանությունների կարողություններից։ Ավելին՝ ՀՀ իշխանություններն աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ստորադասել են հայկական պետությունների շահերն իրենց անձնական քաղաքական հետաքրքրություններին, իսկ հաճախ էլ սպասարկում են թուրք-ադրբեջանական դաշինքի շահերը։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ հայ ժողովրդին առաջարկվում է բավարարվել իր հնարավորությունների չնչին մասով, չխանգարել այլ երկրների տարածաշրջանային ծրագրերին, չփորձել նույնիսկ մտածել կորցրածը վերականգնելու մասին, լինել գործիք այլոց ձեռքին և շարունակել պահպանել Նիկոլի իշխանությունը։
Հղումներ
1) Дневник иранского журналиста,
https://t.me/khayalpressa313/3374, 06.02.2022:
2) Տե՛ս Army Ground Force to hold military drill in northwest Iran,
https://en.mehrnews.com/news/179228/Army-Ground-Force-to-hold-military-drill-in-northwest-Iran, 30.09.2021։
3) Տե՛ս Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, https://www.mfa.am/hy/press-releases/2021/10/04/meeting_FMs_Armenia_Iran/11112, 04.10.2021։
4) Տե՛ս Иран и Китай подписали соглашение о сотрудничестве сроком на 25 лет, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/11010689, 27.03.2021։
5) Տե՛ս Иран, Азербайджан и Туркменистан подписали соглашение о своповых поставках газа, https://www.interfax.ru/world/805405, 28.11.2021։
Հրանտ Մելիք-Շահնազարյան