կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 00:01
Աշխարհ

ԱՄՆ-ը Չինաստանի ներկայացուցիչներին նախազգուշացրել է՝ Ռուսաստանին աջակցելու դեպքում հետեւանքների մասին

ԱՄՆ-ը Չինաստանի ներկայացուցիչներին նախազգուշացրել է՝ Ռուսաստանին աջակցելու դեպքում հետեւանքների մասին

ԱՄՆ-ի պատվիրակությունը Հռոմում կայացած հանդիպման ժամանակ Չինաստանի պաշտոնյաներին զգուշացրել է, թե ինչպիսին կլինեն հետեւանքները Պեկինի համար՝ Մոսկվային աջակցելու դեպքում: Այս մասին երկուշաբթի հայտարարել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեթ Փրայսը։

Ինչպես նա նշել է, Հռոմում ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի գործերով օգնական Դենիել Քրիտենբրինկը հանդիպել են Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի դիվանատան ղեկավար, Քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչիի հետ:

«ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը եւ մեր պատվիրակությունը ուղղակիորեն եւ աներկբա հայտարարել են՝ ներխուժումից առաջ ՉԺՀ-ի կողմից Ռուսաստանին աջակցելու եւ այն հետեւանքների մասին, որոնք կարող է ցանկացած նման աջակցություն ունենալ՝ ՉԺՀ - ի հարաբերությունների տեսանկյունից ոչ միայն մեզ հետ, այլեւ ամբողջ աշխարհի այլ երկրների, այդ թվում՝ մեր դաշնակիցների եւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում», - ասել է Փրայսը:

«Մենք շատ ուշադիր հետեւում ենք, թե արդյոք ՉԺՀ-ն կամ որեւէ այլ երկիր որեւէ ձեւով ցուցաբերում է արդյոք Ռուսաստանին նյութական, տնտեսական, ֆինանսական աջակցություն։ Աշխարհում ցանկացած նման աջակցություն մեզ մոտ մեծ անհանգստություն կառաջացնի», - ասել է նա։ «Մենք Պեկինին պարզ հասկացրել ենք, որ անմասն չենք լինելու։ Մենք թույլ չենք տա ոչ մի երկրի փոխհատուցել Ռուսաստանի կորուստները», - հայտնել է Փրայսը։